Լավրով. Արևմուտքը փորձում է պառակտել Ռուսաստանի դաշնակիցներին, այդ թվում՝ Հայաստանին

Արևմուտքը փորձում է պառակտել Ռուսաստանի դաշնակիցներին, հատկապես հարևաններին։ Այս մարտավարությունն այժմ կիրառվում է, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Արևմուտքը փորձում է պառակտել մեր դաշնակիցներին, առաջին հերթին՝ սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Մոսկվայից կոշտ քննադատում են Հայաստանի կառավարության քայլերը, մասնավորապես, Եվրամիությանը մերձենալու ձգտումները, դրանք որակելով ոչ դաշնակցային: Ավելին՝ անձամբ նախագահ Պուտինն էր հորդորել արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև: Ինչից հետո պարզ դարձավ, որ հաջորդ շաբաթ Աստանայում նախատեսված ԵԱՏՄ նիստին քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը: Թե սա կոնկրետ ի՞նչ է ենթադրում, չեն մանրամասնել:

«ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը, այսինքն՝ անդամ երկիրը, որը կարող է որոշել դուրս գալ: Բայց մենք ցանկացած հարց կարող ենք քննարկել, ենթադրում եմ՝ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք», - նախօրեին հայտնել էր Փաշինյանը:

Վարչապետը, որ քարոզարշավի պատճառով ԵԱՏՄ առաջիկա նիստին չի մասնակցելու, պնդում է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չկա, Երևանն էլ Մոսկվայի շահերին վերաբերվում է հարգանքով: Ռուսական կողմից, մինչդեռ, ոչ դաշնակցային են համարում մի շարք քայլեր, վերջինն էլ՝ Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն են նշում: