Լարվածություն Արջուտում ոսկու հանքի շահագործման շուրջ. գյուղը երկու ճամբարի է բաժանվել

Վանաձորից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արջուտում ոսկու հանքի շահագործման, հնարավոր ընդլայնման և նոր պոչամբարի կառուցման հարցը գյուղը երկու ճամբարի է բաժանել։ Մի կողմում հանքում աշխատող ու սոցիալական վիճակը փոքր-ինչ բարելաված բնակիչներն են, մյուս կողմում՝ սեփական առողջության ու բնության կորստի վախ ունեցող մեծամասնությունը։ Մինչ մեկի համար հանքը հացի խնդիր է լուծում, մյուսների համար այն ջուրը պղտորելու, այգին էլ բերքից զրկելու պատճառ է։

«Բակտեկ Էկո» ընկերությունը, որն այստեղ ոսկի արդյունահանելու և վերամշակելու լիցենզիան դեռ 12 տարի առաջ է ստացել, ակտիվ գործունեություն է ծավալում միայն վերջին երեք տարում։ Ավելի քան երեսուն տարի Արջուտում եղած հսկայական աղբավայրի հարևանությամբ ապրող արջուտցիների համար հանքի աշխատանքը դարձել է հերթական էկոլոգիական փորձությունը։

Մարդիկ փաստում են՝ բնության երբեմնի հարստությունից միայն անունն է մնացել. «Մենք ոչ մի ակնառու բան չենք տեսել, որ հանքը ինչ-որ գյուղի համար մի բան անի՝ բացի իր ճամփեքը, բացի քանդելը ու էդ փոսը լցնելը»:

Հանրային լսումների ժամանակ ընկերության ղեկավարությունը փորձում էր համոզել, որ այսօր իրենց նպատակը ոչ թե նոր լիցենզիան է, այլ ֆաբրիկայի վերազինումն ու շահույթի ավելացումը, ինչը, տնօրեն Վահան Զախարյանի խոսքով, թույլ կտա սոցիալական ծրագրեր իրականացնել գյուղում։

«Եթե ուզում էինք աշխատեինք, պետք է համապատասխան պայմանները տանք, ուղղակի ասենք՝ ուզում ենք աշխատենք.... ոնց որ կարտոշկա ցանենք, չջրենք: Այսինքն՝ ասում ենք, անելու ենք այն առավելագույնը սրա միջոցով, որ հնարավոր շատ օգուտ ստանանք», - նշեց Զախարյանը:

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը մատնանշում է ընկերության տրամադրած 55 միլիոն դրամը, որով կառավարության աջակցությամբ պետք է նորոգվի գյուղի քարուքանդ ճանապարհը. «Իրենք համայնքի հետ նորմալ աշխատում են»:

Բայց գյուղացիների համար այս խոստումը համոզիչ չէր․ նրանք վստահ են, որ նորոգված ճանապարհը նույն հաջողությամբ կքանդվի հանքի ծանր տեխնիկայի տակ, ինչպես եղել է նախկինում:

Ընկերությունը գյուղ էր եկել համաձայնություն կորզելու, բայց տեխնոլոգիական վերազինման կամ նոր պոչամբարի կառուցման վերաբերյալ հստակ նախագծեր այդպես էլ չներկայացվեցին։ Հարցերն անպատասխան մնացին: Տնօրեն Վահան Զախարյանն ասաց՝ բնակիչների և ավագանու «այո»-ն ստանալուց հետո միայն կխոսեն թվերից ու գծագրերից։

Բազմազավակ հայր Գագիկ Սարգսյանի համար այս ամենը վերացական է, նրա համար իրականությունը 170 հազար դրամ աշխատավարձն է, որով կարողանում է կերակրել իր 9 երեխաներին. «Ես բազմազավակ հայր եմ, մինչև հիմա շատ պարտքերի մեջ էի, հիմա, որ աշխատում եմ, էլի ոչինչ, ընտանիքս յոլա եմ տանում զուտ էդ աշխատանքով»:

Արտաշես Դանականյանը, մինչդեռ, հակադարձում է՝ հանքի 200 աշխատողներից մի քանի տասնյակն են Արջուտից: Գյուղի 1000-ից ավելի բնակիչների շահը օդից կախված է մնում. «Արջուտցիք 20-30 հոգի են աշխատում, բա մնացածը, մնացածն ինչ անենք, էդ քիմիան երեխաները շնչում են»:

Նույնքան անորոշ է նաև հանքին հարակից 2000 հեկտար տարածքում իրականացվելիք ուսումնասիրությունների հարցը։ Թեև ընկերությունը պնդում է, որ սա ընդամենը հետազոտություն է, բնակիչները հասկանում են՝ ոսկի գտնելու դեպքում արոտավայրերն ու անտառները դարձյալ հանք կդառնան։

Կողմ արտահայտվողների շարքում միայն հանքի աշխատողներն էին ու նախկին գյուղապետ Վարդան Մկրտչյանը, ում օրոք էլ տրվել էր առաջին թույլտվությունը։

Լարվածությունն այնքան մեծ էր, որ քննարկումը մի պահ վերածվեց ձեռնակռվի։ Գյուղապետարանի փոքրիկ սենյակը չէր տեղավորում մարդկանց դժգոհությունն ու անպատասխան հարցերը։

Արդյոք բնակիչների ձայնը տեղ կհասնի՞, թե՞ ավագանին կառավարություն կուղարկի շատերի կարծիքը չարտահայտող որոշում՝ սա էլ դեռ անորոշ է։ Համայնքի ղեկավարն ու քննարկմանը ներկա ավագանու անդամներն առայժմ լռում են իրենց դիրքորոշման մասին։

Մինչ Արջուտում փորձում են ոսկի գտնել, գյուղը շարունակում է խեղդվել Վանաձորի ու Փամբակ համայնքի 15 գյուղերի աղբի մեջ։ 2006-ից սեփականաշնորհված աղբավայրն իսկական էկոլոգիական աղետ է դարձել: Դրա սեփականատերը երկու տասնամյակ շարունակ որևէ ներդրում չի արել։ Համայնքն ու սեփականատերը պատասխանատվությունը միմյանց վրա են գցում, իսկ արջուտցիները մնում են հանքի փոշու և աղբավայրի գարշահոտության արանքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արջուտում ոսկու հանք կշահագործվի. գյուղապետին ոգևորել է աշխատատեղերի խոստումը