Քրիստին Լագարդը հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդ, արխիվ

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին:

Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Լագարդը պաշտոնը կթողնի եկող տարվա փետրվարի 7-ին՝ Եվրամիության ղեկավարությանը ժամանակ տալով ընտրելու իր հաջորդին:

«Ես թողնում եմ այս հաստատությունը լավ աշխատանք կատարելու զգացողությամբ», - հայտարարել է 70-ամյա Լագարդը սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութում:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ ԵԿԲ նոր նախագահ ընտրելու գործընթացը կմեկնարկի անմիջապես: Այդ պաշտոնում հավանական թեկնածուներ են համարվում Նիդերլանդների և Իսպանիայի կենտրոնական բանկերի նախկին կառավարիչներ Կլաաս Կնոտը և Պաբլո Հերնանդես դե Կոսը, փոխանցում է Reuters-ը:

Ֆրանսիացի Քրիստին Լագարդը ԵԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի նոյեմբերից, մինչ այդ ավելի քան ութ տարի Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենն էր: Որպես ԵԿԲ նախագահ Լագարդի պաշտոնավարման ժամկետը նրա հրաժարական չտալու դեպքում ավարտվելու էր եկող տարվա հոկտեմբերի վերջին: