Կրեմլը հայտարարել է, որ հնարավոր է՝ թույլ տա Թուրքիային վաճառել իր ռուսական արտադրության S-400 հրթիռային համակարգերը այլ երկրի։
«Մենք շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ այս հարցի շուրջ, և կշարունակենք քննարկումները», -այսօր ասել է նախագահ Պուտինի խոսնակը։
Այսօր թուրքական Հուրիեթը հաղորդել էր, թե Անկարան պատրաստվում է Պարսից ծոցի երկրներից մեկին վաճառել Ռուսաստանից գնած զենիթահրթիռային համալիրները, որպեսզի կարողանա Ամերիկայից F-35 կործանիչներ գնել։
Հղում անելով սեփական աղբյուրներին, թերթը հաղորդել է, թե գործարքի բոլոր մանրամասները համաձայնեցվել են միայն անցած գիշեր։ Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
2019-ին Ռուսաստանից այս զինատեսակը գնելու պատճառով Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կտրուկ սրվել էին՝ Վաշինգտոնը դուրս էր թողել ՆԱՏՕ-ի դաշնակցին F35-երի ծրագրից և դադարեցրել նոր կործանիչների վաճառքը։
Դեռևս անցյալ տարվանից տեղեկություններ էին շրջանառվում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է վերադարձնել Ռուսաստանից ձեռք բերված համակարգերը՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունները սերտացնելու նպատակով։
ԱՄՆ նախագահն այս շաբաթ Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, խոստացավ վերացնել Թուրքիայի նկատմամբ սահմանված այդ պատժամիջոցը։ Գործարքը, սակայն, դեռ պետք է հաստատվի Կոնգրեսում, որտեղ , ըստ ամերիկյան լրատվամիջոցների, այն կարող է հանդիպել ուժեղ դիմադրության։
Կրեմլը կարող է թույլ տա Թուրքիային վերավաճառել ռուսական S-400-ները
Հակաօդային պաշտպանության S-400 համակարգը, արխիվ