ՔՊ-ում ի՞նչ նկատողություն են արել Հայկ Սարգսյանին և կոռուպցիոն ի՞նչ գործի մասին էր խոսում Փաշինյանը

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում ի՞նչ նկատողություն են արել պատգամավոր Հայկ Սարգսյանին և կոռուպցիոն ի՞նչ գործողության մասին էր վերջին ճեպազրույցում խոսում վարչապետ Փաշինյանը: Հայկ Սարգսյանն այս հարցին չի արձագանքում, մի քանի օր է մեր զանգերին չի պատասխանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.- ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր, և այդ պատմությունը ընդամենը մի բանի մասին է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այդ թվում՝ իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժվելու»:

Գլխավոր դատախազությունում իշխանական պատգամավորի վերաբերյալ գործընթաց կա՞, դատախազությունից հարցը գրավոր պահանջեցին ու խոստացան ավելի ուշ պատասխանել:

ՔՊ-ական Հայկ Սարգսյանի անունը օրեր առաջ շոշափվել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով դատաքննության ժամանակ: Խոսքը ոչխարների արտահանման քրեական գործի մասին է, պատգամավորը մեղադրվում է կոռուպցիոն գործարքի համար: Ըստ գործի՝ նախկին ՔՊ-ական Աղազարյանը մի քանի հարյուր հազար դոլարի դիմաց համաձայնել է միջնորդել, որ կեղծ փաստաթղթերով ոչխար արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ: Հունվարի 9-ի նիստում, երբ ներկայացրել են գաղտնալսված հեռախոսազրույցները, կա մի հատված, որ գործով անցնող երկու անձ հընթացս քննարկում են, որ իշխանական Հայկ Սարգսյանն էլ է ոչխարների արտահանման հարցով զբաղվել:

Հեռախոսազրույցները 2023 թվականին են գաղտնալսվել: Ըստ դատախազի՝ գործով անցնող անձինք Աղազարյանի հետ հանդիպման պայմանավորվածութան մասին են խոսում ու նշում, թե նա Սևանում «Շիշ բռնող»-ի հետ նստած է: Սա Հայկ Սարգսյանի մականունն է: Հետո, ասում են, թե նա առհասարակ ոչխարների արտահանման մեջ եղել է ու էլի շատ գործերի, վերևներում էլ կանչել ու նրան կարգի են հրավիրել:

Իշխանական Սարգսյանը մինչ այս պահը չի արձագանքել դատարանում ներկայացված հատվածին, որ իր անվան հետ է կապված: Հովիկ Աղազարյանն ասաց՝ նրան դատարան էլ չեն կանչել:

Պատգամավոր Սարգսյանն ու նրա եղբայրը, որ նախկինում Փաշինյանի օգնականն էր, ՔՊ նախընտրական ցուցակից դուրս են մնացել: Վարչությունը նրանց թեկնածությունը տարեվերջին չհաստատեց: Եղբայրները պայքարեցին, բողոքարկեցին ու այդպես էլ չկարողացան տեղավորվել հարազատ կուսակցության ցուցակում: Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ սա հաշվեհարդար է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու իր նախագծի պատճառով:

«Ես իմ գործունեությամբ «ցավացրել եմ» որոշ մարդկանց: Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել առաջադրվելու իմ իրավունքը»,- հայտարարել էր Հայկ Սարգսյանը:

Ըստ պատգամավորի՝ սեփականատերերը ՔՊ վարչության անդամների միջոցով իր դեմ են դուրս եկել: Երկար քննարկումներից հետո, ի վերջո ընդունված այս նախագծի պատճառով Հայկ Սարգսյանի հարաբերությունները լարվել էին Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Փաշինյանը թիմակցի մեղադրանքին չարձագանքեց: Հակառակը, խոսեց նրան վերաբերող կոռուպցիոն կասկածի մասին:

«Եվ ես չեմ կարծում, թե այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից»,- ընդգծել էր վարչապետ Փաշինյանը:

Ոչխարների արտահանման գործի քննությունը մեկուկես տարի առաջ է սկսվել, բայց պատգամավոր Սարգսյանի անունը մինչ այս պահը չի նշվել: Ազգային ժողովի ամբիոնից էլ, երբ քննարկում էին Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, գլխավոր դատախազը ՔՊ-ական Հայկ Սարգսյանին վերաբերող որևէ հատված չընթերցեց: Արդյոք կուսակցությունում նկատողությունը այս դրվագի հետ է կապված ու արդյոք Փաշինյանը հենց սա նկատի ուներ՝ կոռուպցիոն գործողություն ասելով ու, ի վերջո Քննչականից, դատախազությունից Սարգսյանին այս հարցով կանչե՞լ են, պատգամավորը մեր հարցերին դեռ չի պատասխանել: