ՔՊ-ն դարձյալ խմբագրում է մետրոյի «Աջափնյակի» կայարանի վերաբերյալ խոստումը

Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է՝ /մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցումը քաղաքապետարանի թիվ 1 ծրագիրն է, ու ինքն այսուհետ ամեն շաբաթ իրականացման ընթացքի մասին նոր զեկույց կպահանջի, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» նախընտրական ծրագրով մինչ 2031 թվականը կառուցման աշխատանքների միայն մեկնարկն է խոստանում: Իշխող ուժը նպատակ ունի այն ավարտել 2033-ին, այսինքն՝ 2018-ի հեղափոխությունից ոչ ավելի, ոչ պակաս 15 տարի անց:

Մինչդեռ, եթե վերհիշենք իշխանությունների խոստումները, «Աջափնյակ» կայարանի շինարարությունն արդեն վաղուց պետք է սկսված լիներ. 3.5 տարի առաջ անձամբ վարչապետ Փաշինյանն էր ազդարարում շինարարության մոտալուտ մեկնարկը: «2024 թվականին պետք է սկսենք շինարարությունն «Աջափնյակ» կայարանի, և շատ կարևոր է սա»:

2024-ն անցավ, 2025-ն էլ, ու հիմա՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, իշխող կուսակցությունը դարձյալ խմբագրում է հիմնական խոստումներից մեկը: Իր քաղաքական թիմի՝ սևով սպիտակի վրա գրված տողերը, սակայն, քաղաքապետ Ավինյանին չեն խանգարում կրկին ու կրկին խոսել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասին:

«Երկուշաբթի օրերին առաջինն ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է «Աջափնյակի» մետրոյի կայարանի կառուցման գործընթացի հետ կապված պրոցեսներին, ամենամիկրոդետալը նույնիսկ, բայց ես պահանջում եմ, որ շաբաթական ռեժիմով մենք ունենանք այդ ուղղությամբ արված աշխատանք և ամեն շաբաթ ունենանք զեկուցելու նյութ», - ասել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանի տրանսպորտի բարեփոխումները կավարտվեն 3-5 տարի հետո. Ավինյան


«Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական ընտրություններում 29-րդ տեղը զբաղեցրած քաղաքապետն իրենց նախընտրական ծրագիրը չի՞ կարդացել. նա շարունակ խոսում է այս թեմայի շուրջ, երբ թիմակիցներն առաջիկայում շինարարության մեկնարկ էլ չեն խոստանում: Արդյո՞ք քաղաքապետարանը մետրոպոլիտենի կառուցման ծրագիրը կառավարության ներսում առաջ տանելու խնդիր ունի: Այս շաբաթ Տիգրան Ավինյանն ուղիղ հայտարարեց՝ պատրաստ է կապվել ու անձամբ համոզել գործընկերներին:

«Երբ որ պետք է գործընկերներին նամակ գրել, զանգահարել, գրություն ուղարկել, չգիտեմ, հոգնեցնել, զզվեցնել իրենց այս թեմայով, ես նույնպես դա իրականացնելու եմ», - ասաց նա:

Կառավարությունն անցած տարի նույնիսկ հետ վերցրեց կայարանի կառուցման համար տրամադրված միջոցներն ու այլ ծախսեր փակեց. տարեվերջին այդ բյուջեից 300 հազար դոլար ուղղեցին սահմանամերձ բնակավայրերում ապրողների կոմունալ վճարումների մասնակի փոխհատուցմանը, ավելի վաղ էլ որոշել էին՝ նույն ֆոնդից շուրջ 9 միլիոն դոլար հատկացնել այլ ծրագրի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը դեռ չի սկսվում. փողն այլ ծրագրերի է ուղղվում

Գործադիրը բյուջեի վերաբաշխումն այսպես էր հիմնավորել՝ «Աջափնյակի» կայարանի նախագծի համալիր փորձաքննությունը ստացել են մի քանի ամիս առաջ, հաջորդ փուլին անցնելու համար այն դեռ պետք է վերջնականապես հաստատվի, հետևաբար ամբողջ գումարի օգտագործումն այս տարի իրատեսական չէ:

2026 թվականի պետական բյուջեի օրենքով «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2 միլիարդ դրամ են նախատեսել՝ շուրջ 5.5 միլիոն դոլար:

Լոկ թվերն անգամ վկայում են, որ կառավարության համար, օրինակ, «Ակադեմիական քաղաքի» կառուցման ծրագրի իրականացումը շատ ավելի առաջնային է՝ առաջիկա տարիներին այս նախագծի համար մի քանի անգամ ավելի շատ գումար են պատրաստվում ծախսել ու խոստանում են մինչ 2031 թվականն ավարտել տեխնոլոգիական կլաստերի շինարարությունը՝ բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով, այդ թվում՝ 3600 ուսանողի համար կացարանով: «Քաղաքացիական պայմանագիրը» խոստանում է մինչ 2031-ը «Ակադեմիական քաղաքում» նաև նոր ազգային մարզադաշտ կառուցել 35 հազար հանդիսականի համար:

Իսկ ո՞ր փուլում է այժմ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը. այս պահին քաղաքապետարանն ունի նախագիծը, դրա համալիր փորձաքննությունը: Ըստ քաղաքապետարանի՝ աշխատանքների փաստացի մեկնարկի համար անհրաժեշտ է, որ գործադիրը հաստատի ներդրումային ծրագիրը, հետո էլ հստակեցնեն ֆինանսավորման աղբյուրները՝ պետական բյուջեի հաշվին կկառուցեն, թե նոր պարտք կվերցնեն:

Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանն այս շաբաթ քաղաքապետարանում իրենց գնահատականները ներկայացրեց՝ ընդհանուր արժեքը շուրջ 290 միլիոն դոլար: Շինարարությունը սկսելուց առաջ քաղաքապետարանը պետք է ձեռք բերի Հրազդանի կիրճին հարակից մոտ 42 հազար քառակուսի մետր տարածքի վրա գտնվող մասնավոր սեփականությունը՝ ընդհանուր 33 գույք: Բաբայանի խոսքով՝ նախնական հաշվարկով մոտ 27 միլիոն դոլար է պետք ծախսել դրանք գնելու համար. «Ծրագրի կառավարման մասով առաջիկայում նաև կներկայացնենք ծրագրի կառավարման մարմին և միջգերատեսչական խորհուրդ հաստատելու որոշման նախագիծ, քանի որ ծրագրի իրականացումը ենթադրելու է միջգերատեսչական էական կոորդինացիայի հարցեր»:

Ի դեպ, «Աջափնյակի» կայարանի խոստացված շինարարությունն էլ դեռ չմեկնարկած «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրողներին խոստանում է մինչ 2033-ը սկսել և ավարտել նաև «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջև նոր վերգետնյա կայարանի կառուցումը: