ՔՊ-ականներ Սարիկ Մինասյանի և Արուսյակ Ջուլհակյանի հայտարարությունները՝ քննարկման առարկաներ

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը նորից սկանդալի կենտրոնում է հայտնվել: Ֆեյսբուքում վիրավորական բառերով վեճի է բռնվել օգտատերերի հետ: Սարիկ Մինասյանը երեկ իր էջում տեսանյութ էր հրապարակել Գյումրիում «Վարչաբենդի» համերգից: «Դավաճան ու ստամոքսազգիներով» արձագանքել էր օգտատերերից մեկը, ՔՊ-ականն էլ նրա հեռախոսահամարն էր պահանջել՝ վիրավորելով:

Մյուսի վիրավորական մեկնաբանությանն էլ է նույն կերպ պատասխանել:

Իր հասցեին քննադատությունից մեկ օր անց Մինասյանը ներողություն խնդրեց՝ իր վարքագծի համար մեղադրելով ֆեյքերին, թե «գրոհել են, ինքն էլ՝ որպես արժանապատիվ տղամարդ, տրվել է սադրանքներին»:

«Որոշ շրջանակներ չկարողանալով զսպել իրենց նախանձն ու անբարո վարքագիծը՝ ֆեյք օգտահաշիվներով գրոհեցին էջս, մեկնաբանություններում անպարկեշտ, վիրավորական գրառումներ անելով, թիրախավորելով ոչ միայն իմ անձը, այլ ընտանիքս, քաղաքական թիմիս։ Հայկական մտածելակերպին տուրք տալով՝ որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։ Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը», - նշել է նա

Սարիկ Մինասյանը, որ նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրենն է, հորդորել է մարդկանց չթիրախավորել և չվիրավորել քաղաքական հայացքների համար։

Զգոնության կոչ անող Մինասյանը առաջին անգամը չէ, որ հայտնվում է այսպիսի աղմկոտ պատմության մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սարիկ Մինասյանի Ապրիլի 7-ի շնորհավորանքը սկանդալ է դարձել

Ուղիղ մեկ տարի առաջ էլ ապրիլյոթյան շնորհավորանքը վերածվեց սկանդալի: Մի կին ՔՊ-ի հետևորդներին «ժեխ» էր որակել, Մինասյանն էլ այդ կնոջ ամուսնու, եղբոր հեռախոսահամարն էր պահանջել: Էլի հանրային աղմուկից հետո ՔՊ-ականը բացատրել էր, թե «ռազբորկայի» նպատակով չէ, որ համարը պահանջել է:

Այսօրվա իշխանությունն արդեն իսկ կտրվել է հանրային բարեկիրթ շփման կանոններից. իրավապաշտպան

«Այսօրվա իշխանությունն արդեն իսկ կտրվել է հանրային այն բարեկիրթ շփման կանոններից, որը պետք է ունենա», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ հավելելով՝
եթե իրականում պաշտոնյան զղջա իր արածի համար, երկրորդ անգամ չի կրկնի, իսկ այս ներողությունը մեղավորներ կարգելու նպատակով է:

«Իրենք մշտապես մեղավորներ են կարգում, որ կային անձինք, որոնք ֆեյք էին, կային անձինք, որոնք վատն էին, «ես հնարավոր է, որ այնպես չպատասխանեցի» կամ «իջա իրենց մակարդակին», բայց կներեք, ձեր խոսույթը ձերն է, դուք պատասխանատու պիտի լինեք հանրային խոսք և խոսույթ հնչեցնելուց», - նշեց Հովհաննիսյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» Էթիկայի կանոնագրքով կուսակցականները, հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝ ներառյալ սոցցանցերում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն։ Եթե այս նորմը իրենց համար լիներ կարևոր, կընդվզեին գռեհկաբանությունների, վիրավորանքերի ու հայհոյախոսության դեմ, կարծում է իրավապաշտպանը:

«Մենք օրերս ականատես դարձանք նաև կանանց նկատմամբ կնոջ կողմից բավական գռեհիկ խոսվածքի, երբ չէր հարգվում մայրությունը, և չէին հարգվում նաև երեխայի լավագույն շահը՝ որպես կերակրող մայր և երեխայի սննդով ապահովելու հնարավորությունը», - ասաց Հովհաննիսյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բարեգործություն նախընտրական շրջանում. մեղադրանքներ թե՛ ընդդիմությանը և թե՛ իշխանությանը

Մինչև Սարիկ Մինասյանը լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը հեղեղված էին մեկ այլ ՔՊ-ականի՝ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի աղմկահարույց ձևակերպումներով: Նա, էլ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Ղումաշյանին առնչվող ենթադրյալ կաշառքի գործից խոսելով, նրա կարգավիճակին, որ կրծքի երեխա ունի, ու բերման էին ենթարկել, այսպես էր արձագանքել:


«Երբ մարդիկ կատարում են օրենքով արգելված գործողություններ, մասնավորապես ՔՕ-ով արգելված, ապա դրան պետք է հաջորդի հետևանք՝ անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից: Ինդուլգեցիա չեն կրծքերը», - ասել է նա:

Արուսյակ Ջուլհակյանը, որ հավակնում է խորհրդարանի պետաիրակավական հանձնաժողովի նախագահի պաշտոնին, Մինասյանի նման հաջորդ օրը ներողություն խնդրեց իր ձևակերպումների համար: Իշխանականների այս վարքագծից իրավապաշտպանը տպավորություն ունի, որ նրանք հանրային խոսքի արժեքը չգիտեն ու սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվություն չունեն: