ՔՊ-ական քաղաքապետը դուրս է մնում իշխանական ցուցակից, բայց պնդում է՝ «ընդդիմադիր չի դառնա»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է Ստեփանավանում առաջիկա ՏԻՄ ընտրություններին չսատարել համայնքի գործող ղեկավար, վեց տարվա իր թիմակից Արմեն Գրիգորյանին։

Խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն Ստեփանավանում ստացել էր ընդամենը 42 տոկոս ձայն՝ ավելի քիչ, քան ընդդիմադիր ուժերը՝ միասին։

Թեև քաղաքապետի հետ այսօր զրուցել չհաջողվեց, նրա մամուլի խոսնակ Արմինե Բալայանը չբացառեց, որ իշխող թիմը հենց այս քաղաքական հաշվարկով է առաջնորդվել։ Արդյունքում ՔՊ Վարչության որոշմամբ՝ Գրիգորյանի փոխարեն առաջադրվել է Ստեփանավանին միավորվող Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը, որտեղ իշխող ուժը ստացել էր համոզիչ 58 տոկոս։

Չնայած իշխող թիմի աջակցությունը կորցնելուն՝ Արմեն Գրիգորյանը որոշել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններին մասնակցել այլ կուսակցության ցուցակով: Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջն այսօր տեղեկացրեց, որ նա առաջադրվելու է որպես Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Թե ո՞ր ցուցակն է գլխավորելու, դեռ չի բացահայտվում, բայց խոսնակը չբացառեց, որ Գրիգորյանը կարող է ներկայացնել Երևանի ավագանիում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցությունը։ Միևնույն ժամանակ նա վստահեցրեց՝ քաղաքապետը չի պատրաստվում ընդդիմադիր դառնալ։

Ստեփանավանում իշխանության թեկնածու Արայիկ Ներսիսյանն ուշագրավ քաղաքական ու գույքային անցյալ ունի։ Նա 21 տարի եղել է Կողեսի գյուղապետը, 2017-ին ՀՀԿ-ի ցուցակով ընտրվել Լոռի Բերդի համայնքապետ, իսկ տարիներ անց դարձել նույն համայնքի ՔՊ-ական ղեկավարը։ Ներսիսյանը դեռ նախորդ տարի «Ազատության» հետ զրույցում ընդունել էր, որ տարիներ առաջ ինքն է աճուրդի հանել համայնքային հողն ու հենց ինքն էլ այն գնել կադաստրային արժեքից էժան, իսկ վերջերս կամավոր հետ է վերադարձրել համայնքին։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրել էր «հատիկ_առ_հատիկ» հեշթեգով:

Կողեսի այդ երկու հեկտարանոց հողակտորը, սակայն, Ներսիսյանին պատկանող 51 անշարժ գույքերից ընդամենը մեկն է. դեռ երեք տարի առաջ նա իր հայտարարագրում նշել էր, որ ունի 39 հողամաս, 5 բնակարան, 2 բնակելի տուն, 3 հասարակական ու արտադրական շինություն և 2 ավտոտնակ։

Ստեփանավանի ավագանին Սուրեն Պապիկյանին պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել

Թեկնածության մասին հայտարարություններին զուգահեռ, երեկ Ստեփանավանի ավագանին պաշտպանության նախարար, ստեփանավանցի Սուրեն Պապիկյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց։

Համայնքապետարանի, ինչպես նաև Ստեփանավանին միացվող Գյուլագարակի ֆեյսբուքյան էջերում միաժամանակ նախարարին մեծարող տեքստեր հայտնվեցին նույնիսկ այն օրերին, երբ լրահոսը ողողված էր բանակում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին լուրերով։

Միայն այս տարվա 8 ամիսներին ծառայության հետ կապված հանգամանքներում 14 զինծառայող է մահացել, ինչի համար պաշտպանական գերատեսչության ղեկավարը խիստ քննադատության է ենթարկվում:

Ստեփանավանում, սակայն, Պապիկյանների մասին խոսելիս առաջին հերթին հիշում են նախարարի հորը՝ Ռաֆիկ Պապիկյանին։ Քաղաքի կենտրոնում մսի վաճառքի կետ ունեցող Պապիկյան-ավագին տեղացիները համարում են քաղաքի կադրային քաղաքականությունը որոշող ազդեցիկ դեմք, ով մշտապես պաշտոնյաների կողքին է տեղական միջոցառումներին։

Թեև ինքը հերքում է իր ազդեցությունը, քաղաքի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն, ընդդիմադիր Լիլիա Հարությունյանը հակառակն էր պնդել. «Յուրաքանչյուր միջոցառում, յուրաքանչյուր մեծ միջոցառում, փոքր միջոցառում առանց Պապիկյան Սուրենի հոր չի անցկացվում. միշտ իրեն հրավիրում են, միշտ ինքը նստած է առաջին շարքերում՝ ղեկավարության կողքը քաղաքի, դա թաքցնելու բան չէ:

«Ազատության» հարցին՝ «հրավիրում են զուտ որպես Սուրեն Պապիկյանի հա՞յր», Հարությունյանը պատասխանեց. - «Դե էդ հրավիրողին պետք է հարցնել՝ որպես ի՞նչ են հրավիրում՝ որպես Պապիկյան Սուրենի հայր, թե որպես հարգարժան մսավաճառ... »:

Մինչ իշխանական շրջանակներում վերադասավորումներ են, ընդդիմադիրները դեռ չեն շտապում բացել քարտերը: «Ուժեղ Հայաստան» դաշինքի տեղի ներկայացուցիչներն «Ազատությանն» ասացին, որ այժմ քննարկումների փուլում են և վերջնական որոշում ունենալուն պես հանդես կգան հայտարարությամբ: