Կովկասի մահմեդականների վարչությունն արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների ավերումը

Արցախ - Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու Մայր տաճարը, 2019թ.

Կովկասի մահմեդականների վարչությունը մեկնաբանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցու հայտարարությունը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր հովանու Մայր տաճարի ավերման վերաբերյալ։

«Օկուպացիայի ընթացքում կառուցված երկու անօրինական շինությունների քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում», - ասված է հայտարարության մեջ: «Հայրենի վայրեր վերադարձող նախկին տեղահանվածները բազմիցս դիմել են պետական մարմիններին և դատական ատյաններին՝ պահանջելով ապամոնտաժել օկուպացիայի ընթացքում կառուցված շինությունները», - պնդում է Կովկասի մահմեդականների վարչությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը՝ արձագանքելով Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու, Սուրբ Աստվածամոր հովանու Մայր տաճարի, ինչպես նաև խաչքարերի ու կոթողների ավերման վերաբերյալ մտահոգիչ տեղեկություններին։

Կովկասի մահմեդականների վարչության պատասխան հայտարարությունում ասվում է, թե «նման շինությունների ապամոնտաժման համար կան ինչպես իրավական, այնպես էլ բարոյական հիմքեր՝ ներառյալ Ղարաբաղյան առաջին պատերազմի իրադարձությունները»։

«Այս պատմական իրականության խեղաթյուրման փորձերը, հատկապես նման զգայուն շրջանում, խաթարում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերը։ Նման հայտարարություններն ու քաղաքական սադրանքների պրակտիկան պետք է դադարեցվեն», - նշված է Կովկասի մահմեդականների վարչության հայտարարությունում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր հայտարարությամբ կոչ էր արել Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը հրատապ քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Արցախում մշակութային ոճրագործությունները։

«Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները», - ասված էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «չի կարծում», թե Ստեփանակերտի Մայր տաճարի հարցը պետական մակարդակով միջազգային քննարկումների առարկա կդառնա: Նրա խոսքով՝ այս թեմաների նկատմամբ, առավել ևս հիմա, պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները «երկսայրի սուր են»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման փաստով միջազգային կառույցներին չի դիմի Վարչապետը «չի կարծում», թե Ստեփանակերտի Մայր տաճարի հարցը պետական մակարդակով կդառնա միջազգային քննարկումների առարկաՄայր Աթոռը դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումըԱրբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է«Արցախի Մայր տաճարը չկա». հերթական ահազանգը