Ադրբեջանը Եվրամիության հիմնական գործընկերներից է, Բաքվում այսօր հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Անցած տարվա ընթացքում մենք կրկին ակտիվացրել ենք մեր հարաբերությունները։ Այսօրվա հանդիպումը հստակ հաստատում է համագործակցությունը շարունակելու մեր համատեղ հանձնառությունը», - ասել է Կոշտան, մանրամասնելով՝ հարաբերություններն ընդլայնվում են անվտանգության, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։
«Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի ֆոնին Ադրբեջանի հետ մեր էներգետիկ գործակցությունը է՛լ ավելի կարևոր նշանակություն է ստանում», - ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Չնայած իրավապաշտպանների հորդորներին՝ եվրոպացի պաշտոնյան Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, ընդդիմադիրների ու լրագրողների ազատազրկման թեմային չի անդրադարձել։