Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ չի նախաձեռնել ապրիլին Երևանում ու Գյումրիում կայացած «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնի ընթացքում իշխող կուսակցությանը ենթադրյալ ապօրինի նվիրատվության դեպքի առթիվ՝ «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայտնել են ԿԿՀ-ից։
Անցած ամիս «Խաղաղության ձայնը» անունով երաժշտական փառատոնի երկու համերգներ կազմակերպվեցին Գյումրիում և Երևանում։ Համերգի հովանավորն էր Fast Bank-ը, որի սեփականատերերն են Վահե և Վիգեն Բադալյանները, որ առավել հայտնի են «Վիվառո» բուքմեյքերական ընկերությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հակակոռուպցիոն կոմիտեն չի քննում Fast Bank-ի կողմից ՔՊ-ին ենթադրյալ ապօրինի նվիրատվության դեպքըԱպրիլի 25-ին՝ «Քաղաքացու օրվա» կապակցությամբ անցկացված համերգը գովազդվում էր ՔՊ-ականների կողմից։ Երաժշտական փառատոնի Գյումրիի համերգին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդ» անունով երաժշտական խմբակը, որի պաստառներին գրված էր Կառավարության ծրագրային դրույթը՝ «Իրական Հայաստան»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել«Անկախ դիտորդ» նախաձեռնությունը, փաստելով, որ համերգի խորագիրը համապատասխանում էր իշխող ուժի նախընտրական կարգախոսին, հայտարարել էր՝ երաժշտական փառատոնը կարելի է ընկալել որպես «բնեղենով նվիրատվություն կուսակցությանը՝ ՔՊ-ին»։ Իրավական երկրորդ վիճահարույց դրվագն այն էր, որ իրավաբանական անձինք, ըստ կուսակցությունների մասին օրենքի, իրավունք չունեն նվիրատվություն կատարել քաղաքական ուժերին, այնինչ «Խաղաղության ձայնը» փառատոնի հովանավորների մեջ Fast Bank-ը նշվում է հենց որպես իրավաբանական անձ-հովանավոր։
Բացի այդ, օրենսդրությունն արգելում է տարվա ընթացքում մեկ անձից ստանալ 10 մլն դրամը գերազանցող նվիրատվություններ։ Այնինչ, ենթադրաբար, համերգի ծախսերը անգամներով կարող էին գերազանցել 10 մլն դրամը՝ հաշվի առնելով դրա լուսաձայնային հնարավորությունները, գովազդները, բացի այդ՝ ելույթ ունեցողների մեջ էին Իվետա Մուկուչյանը, Outlandish-ը, In-Grid-ը, Ուիլլի Ուիլյամը։
«Անկախ դիտորդ»-ը կուսակցության ենթադրյալ ապօրինի ֆինանսավորման դեպքով դիմել էր ոչ թե նախաքննություն իրականացնող մարմիններին, այլ ԿԿՀ՝ ուսումնասիրելու նշված դեպքը։ «Ազատության»-ը տրամադրված պատասխանում այդ հանձնաժողովից հայտնել են, որ դիտորդների հաղորդման հիման վրա որևէ վարույթ չի նախաձեռնվել, քանի որ «իրենք նման լիազորություն չունեն»։
ԿԿՀ-ն դեպքը կարող է ուսումնասիրել միայն եկող տարի
Հանձնաժողովի ներկայացրած պարզաբանումների համաձայն՝ իրենք ստուգում են կուսակցության ֆինանսավորման աղբյուրները, ծախսերը, հաշվետվությունների համապատասխանությունը «Կուսակցությունների մասին» օրենքին։
«Կուսակցությունը պարտավոր է տարեկան հաշվետվությունը ԿԿՀ ներկայացնել մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 20-ը։ Վերոգրյալ օրենսդրական կարգավորումներից պարզ է դառնում, որ կուսակցության տարեկան հաշվետվությունների ստուգումն իրականացվում է հաջորդ տարում, հետևաբար հանձնաժողովն իրավասու չէ որևէ վարույթ կամ ստուգում իրականացնել այս փուլում», - պատասխանել են ԿԿՀ-ից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պատասխանը «Ազատության» հարցմանըԱյնուհանդերձ, հանձնաժողովը, ունենալով կանխարգելիչ մանդատ, Fast Bank-ի կողմից համերգի կազմակերպման ու ենթադրյալ նվիրատվության վերաբերյալ հարցեր է ուղղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ «2026 թվականի ապրիլի 19-ին Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում և 2026 թվականի ապրիլի 25-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգային միջոցառումներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ունեցել որևէ առնչություն կամ մասնակցություն», - հայտնել են իշխող ուժից ԿԿՀ-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բադալյանները վճարում են, «Վարչաբենդը»՝ նվագում. ո՞րն է խնդիրըԱյս պատասխանի հիման վրա ԿԿՀ-ն արձանագրել է, որ Գյումրիում «Վարչաբենդ»-ի մասնակցությամբ կայացած համերգը «ժամանակագրորեն համընկել է վարչապետի պաշտոնական այցի ու պետական նշանակության ծրագրերի՝ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի բացման հետ, այնուհանդերձ բաց աղբյուրներում բացակայում է որևէ հստակ փաստական տեղեկատվություն այդ միջոցառման իրավաբանական կազմակերպչի, պետական կամ համայնքային գնումների շրջանակներում կնքված պայմանագրերի, ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ»։
Հանձնաժողովի կարծիքով՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է օբյեկտիվ տպավորություն ձևավորվել, որ նախաձեռնությունն իրականացվել է կուսակցության օգտին կամ կողմից, բայց որոշակի ու ստուգելի փաստական տվյալներ են անհրաժեշտ, որոնք այս պահին առկա չեն, և ԿԿՀ-ն առանց փաստական ապացույցների չի կարող որևէ արձանագրում անել։
Կոռուպցիան կանխարգելող մարմնից խոստացել են քննարկվող հարցի վերջնական պատասխանը տալ եկող տարի՝ կուսակցության հաշվետվությունը ստուգելիս։
«Ազատություն»-ը մայիսի 11-ին գրել էր, որ Fastbank-ի կողմից ենթադրյալ ապօրինի նվիրատվության դեպքով քրեական վարույթ նախաձեռնված չէ նաև Հակակոռուպցիոն կոմիտեում։ Փաստացի, դեպքի վերաբերյալ որևէ մարմնում քննություն ներկայում չի ընթանում։
Վիգեն և Վահե Բադալյանները հայտնի են իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերություններով։ 2021-ին պարզվել է, որ ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Էդուարդ Աղաջանյանը Վիգեն Բադալյանի բիզնես դասի օդանավով մեկնել են համատեղ հանգստի՝ հունական Միկոնոս կղզի։ Վահե Բադալյանն էլ վերջերս մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հետ գործարարների հանդիպմանը։
Մկրտիչ Կարապետյան