Կնոջ թվանոց աշխատավարձի վերաբերյալ երկօրյա բուռն քննարկումներից հետո իշխող թիմից Հայկ Կոնջորյանը տեղ զբաղեցրեց Ազգային ժողովի նախագահությունում՝ որպես փոխնախագահ, ընտրվեց 63 կողմ ու 28 դեմ ձայներով: Ընդդիմադիրներից «Ուժեղ Հայաստանն» է դեմ քվեարկել, իսկ «Հայաստան» դաշինքը չմասնակցեց այս ընտրությանը:
Ընդդիմադիրները դեռ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի, նրա կնոջ ու քրեական անցյալով եղբոր վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ ունեին, և հույս, որ իշխող թիմը կվերանայի նրա թեկնածությունը։
«Հայաստան» դաշինքից Քրիստինե Վարդանյանի կարծիքով՝ Կոնջորյանին իշխող թիմն առաջ է մղում, քանի որ նրա պես ընդդիմությանը թիրախավորող չկա, պերճախոս է՝ բառարանային հազվագյուտ բառերով։
Իսկ ընդդիմադիրների հարցերն այսօր էլ «Հայփոստ»-ի վերաբերյալ էին։ Այստեղ փոստատարներն ընդամենը 80000 դրամ են ստանում, իսկ Հայկ Կոնջորյանի կինն՝ ամեն ամիս 10000 դոլար։ Թե ինչպե՞ս է նա ընտրվել տնօրենի պաշտոնում, մրցույթի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվում։
«Բոլոր հիմքերը ունենք կարծելու, որ կա քաղաքական հովանավորչություն», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանումԸնդ որում, բարձր աշխատավարձ ստացող տնօրենի գործունեությունն, ըստ ընդդիմադիրների ներկայացրած տվյալների, մեղմ ասած փայլուն չէ։
Երեկ Հայկ Կոնջորյանը հայտարարել էր՝ իր կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Ըստ Կոնջորյանի՝ կինը դեռ 10 տարի առաջ է ստացել այնքան աշխատավարձ, որքան պատգամավորներն են այսօր ստանում։ «Ազատության» թիմը պարզեց՝ համենայն դեպս ութ տարի առաջ Շուշան Ալեքսանյանի եկամուտը ամենևին էլ մոտ չէր խորհրդարանականի աշխատավարձին։ Ըստ հայտարարագրի՝ նա ամսական ընդամենը 476 000 դրամ էր ստանում, պատգամավորներն այսօր՝ շուրջ 800 000։
Կոնջորյանն ու թիմակիցները, որպես վկայություն, որ «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձը հարկատուների գրպանից չէ, պնդում են՝ պետական այս ընկերությունը ինքնաֆինանսավորվող է։
Կոնջորյանի տիկնոջ նշանակումից ամիսներ առաջ, սակայն կառավարությունը «Հայփոստ»-ի կանոնադրական կապիտալն ավելացրել է շուրջ 2 միլիարդ դրամով։
Ընդդիմադիրները կասկած չունեն՝ Կոնջորյանի հովանու ներքո է կինը տեղավորվել պետական ընկերությունում, որտեղ ֆինանսական վնաս է արձանագրվում, բայց անհետևանք։ Կոնջորյանի հովանու ներքո է նրա եղբայրը հայտնվում տարբեր աղմկոտ պատմություններում, պարեկի ուղեկցությամբ հայհոյանքներ ու սպառնալիքներ տարածում նախկին ընկերոջ տան մոտ։
«Որ ինքը չլիներ Կոնջորյան Հայկի եղբայրը, պարեկը իր հետևից այդպես կպտտվե՞ր ու կպաշտպանե՞ր այն ժամանակահատվածում, երբ ինքը գնացել է ուրիշի ընտանիքին է սպառնացել», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ավետ Կոնջորյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթՔՊ-ականները թիմակցին աջակցող ելույթներում ներկայացնում էին, թե ինչ վատ էր վիճակը «Հայփոստ»-ում մինչև Կոնջորյանի տիկնոջ նշանակումը. «Ոնց որ Գրոզնին լիներ պատերազմից անմիջապես հետո։ Սկվազնյակից թոքաբորբով հիվանդանում էին պարբերաբար»։
Բաքոյանը վստահ է, որ հիմա «Հայփոստ»-ում միջանցիկ քամիներից վատացողներ չկան։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը տարակուսում է՝ ախր, կնոջ աշխատավարձը քննարկելն աբսուրդ է, անհարմար. «Ոչ ոք չասաց, որ պարոն Կոջորյանը այսինչ կամ այնինչ տեղում ձախողել է կամ չգիտեմ իր գործողություններում որևէ ձև սխալ է արել և չի կարող հավակնել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին»։
«Ձեր պահած ՀԷՑ-ը տեսել ենք, - «Հայփոստ»-ում ֆինանսական խնդիրների վերաբերյալ հարցադրումներին հակադարձեց իշխանական պատգամավորը, - չեմ խոսելու հավելագրումներից, չեմ խոսելու տենդերները այս կողմ, այն կողմ, մեջ-մեջ անելուց, չեմ խոսելու աստղաբաշխական աշխատանքների աշխատավարձերից, որը ուղիղ ազդեցություն է ունեցել էլեկտրաէներգիայի սակագնի վրա»։
Ի վերջո, ինչպիսի՞ն է «Հայփոստ»-ի ֆինանսական վիճակը, արդյո՞ք այնքան լավ, որ տնօրենը 10000 դոլար աշխատավարձ ստանա, գուցե այնքան վա՞տ, որ փոստատարի 80000 դրամն անփոփոխ է մնում։
Պետական այս ընկերությունից առավոտյան հրաժարվեցին որևէ մեկնաբանություն ներկայացնել, և միայն երեկոյան Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, ներկայացրեց այն, ինչ ամուսինը հնչեցրեց խորհրդարանական ամբիոնից եզրափակիչ ելույթի ժամանակ. «Հայփոստ»-ը վճարել է պետությանը մեկ միլիարդ դրամի դիվիդենտ, սա մեկ։ Ըստ հրապարակած նորից տվյալների 2024-25 թվականներին «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է 900 միլիոն դրամով, սա երկու։ Երբ որ դուք խոսում եք «Հայփոստ»-ի կառավարման արդյունավետության մասին, այս երկու թիվը՝ մեկ միլիարդ դրամ դիվիդենտ և 900 միլիոն դրամի, գրեթե մեկ միլիարդ դրամի ֆինանսական ցուցանիշների բարելավումը, դա Հայկ Կոնջրյանի կնոջ աշխատանքի արդյունավետությունն է»։
Կնոջ արդյունավետ տնօրինության վերաբերյալ այս թվերը ընդդիմությանը նորից համոզիչ չթվացին։
«Իրենց կառավարման ժամանակ չի գեներացրել շահույթ, վնասը աճել է 163 տոկոս, իսկ իրենք ծախսել են Էդուարդո Էռնեկյանի գեներացված շահույթով, ով պետության համար աշխատել է, և այդ շահույթն է մենակ բաշխվել, իսկ իրենք բաշխել են իրենց աշխատած 0 տոկոսը», - ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը։
Քննարկման ավարտին, քվեարկությունից րոպեներ առաջ Հայկ Կոնջորյանը հաճույքով արձանագրեց, որ ընդդիմությունն իր անձի վերաբերյալ ասելիք չի գտել, իսկ «Հայաստան» դաշինքում իրենից վախենում են, փախչում, հենց ամբիոնին է մոտենում, հիմա կընտրվի ու վերևից կապահովի սուր էմոցիաներ։