Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պիտի հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ. վարչապետ

«Քաղաքական խնդիրը հետևյալն է՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պիտի հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ, որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ ինչ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ պետք է վերադարձվի ՀՀ-ին ու նրա ժողովրդին: Ուրիշ տարբերակ չկա, եթե սա տեղի չունենա, նշանակում է՝ նոր հեղափոխություն պետք է տեղի ունենա»,- ասաց Հայաստանի ղեկավարը, որն իր նախորդներին ու ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին մեղադրում է ապօրինի կերպով միլիոններ կուտակելու մեջ:

Վարչապետն այսօր անդրադառնալով Քոչարյանների ընտանիքի շուրջ ծավալվող իրադարձություններին, քրեական գործերին, ասաց.

«Ոչ մեկ հարց չի տալիս՝ էդ միլիարդները Ռոբերտ Քոչարյանին որտեղի՞ց: Ասում ա՝ բիզնեսով ենք զբաղվում, ո՞ւմ եք ձեռք առնում, իրանք տենց ուժեղ բիզնեսմեն են, մենք էլ չե՞նք կարողանում ոչ մեկի ձեռքից ոչ մի բան խլենք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմության պնդմամբ՝ գործում է «Փաշինյանի բռնակալությունը», իշխանությունը մատնանշում է «Քոչարյանների միլիոնները»

Խորհրդարանում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավորներն անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշմանը, այն որակել են ոչ թե արդարադատություն, այլ «Փաշինյանի բռնակալության» դրսևորում: Ընդդիմադիրների խոսքով՝ Փաշինյանի հրահանգով դատվում են բոլոր նրանք, ովքեր դեմ են արտահայտվում իր քաղաքական կուրսին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Քոչարյանը գիշերը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց, նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը շարունակվել էր քննվել առանց նրա: Երկրորդ նախագահը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։