Կոբախիձե․ «Վենսի այցը Զանգեզուրի միջանցքի մասին է»

«Մեր տեղեկություններով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավկովկասյան այցը նվիրված է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, ուստի տրամաբանական է, որ դրա հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը»,- այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրացական լրատվամիջոցները նրան հարց էին ուղղել, թե ինչո՞ւ է Վենսը փետրվարին սպասվող իր տարածաշրջանային այցի ընթացքում շրջանցելու Վրաստանը. «Մենք պատրաստ ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ծավալել։ Ընտրությունը, սակայն ամերիկյան կողմինն է։ Ցավոք սրտի, վրաց-ամերիկյան հարաբերությունների՝ Բայդենի վարչակազմի կողմից ձևավորած կոնտեքստը բավական ծանր է»,-ընդգծել է Կոբախիձեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան. Թրամփ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար: Այս մասին Truth Social-ում գրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։