Կոբախիձե․ «ԵՄ-ին զրկել ենք շանտաժի գրեթե բոլոր գործիքներից»

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պնդմամբ՝ պաշտոնական Թբիլիսին ԵՄ-ին զրկել է «շանտաժի բոլոր գործիքներից՝ բացի մեկից»։

Խոսքը, ըստ վրացական կառավարության ղեկավարի, Վրաստան-ԵՄ ազատ վիզային ռեժիմի հնարավոր չեղարկման մասին է։ «ԵՄ ձեռքին մնացել է մեկ, զուտ տեսական գործիք՝ ազատական վիզային ռեժիմը։ Նրանք դա փորձում են օգտագործել վրացական պետության և վրաց ժողովրդի դեմ»,- նշել է Կոբախիձեն։

«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմի ճակատագրին նվիրված բանակցությունները, որոնք կայացել են օրերս Բրյուսելում, անարդյունք են ավարտվել։

Դրանց ընթացքում ԵՄ ներկայացուցիչները զգուշացրել են, որ եթե Վրաստանը չկատարի Բրյուսելի պահանջները՝ փոխելով վերջին տարիներին ընդունված վիճահարույց օրենքներից մի քանիսը, ապա ԵՄ տարածք առանց վիզայի մուտք գործելու իրավունքից կզրկվեն նախ դիվանագիտական անձնագրերի կրողները, ապա երկրի բոլոր քաղաքացիները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կոբախիձե․ «ԵՄ շանտաժով է զբաղված»