Կոբախիձե. ԵԱՀԿ «Մոսկվայի մեխանիզմի» զեկույցը կողմնակալ է

ԵԱՀԿ «Մոսկվայի մեխանիզմի» զեկուցող Պատրիսյա Գշեբիկ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, կոլաժ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԵԱՀԿ «Մոսկվայի մեխանիզմի» շրջանակում պատրաստված զեկույցը կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը Վրաստանում։ Զեկույցում քննադատվում է Վրաստանի կառավարությունը և առաջարկվում է չեղարկել մի շարք օրենքներ, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը և ընտանեկան արժեքների պաշտպանությանն առնչվող դրույթները։

«Վրաստանը ժողովրդավարական պետություն է, որը կարող է շատ բան սովորեցնել ԵԱՀԿ անդամ այն երկրներին, որոնք նախաձեռնել են «Մոսկվայի մեխանիզմը», հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների, հավաքների ազատության և մամուլի ազատության հարցերում։ Մենք պատրաստ ենք այս թեմաներով բաց հանրային քննարկման», - ասել է Կոբախիձեն:

Փետրվարին «Մոսկվայի մեխանիզմի» զեկուցող լեհ պրոֆեսոր Պատրիսյա Գշեբիկն այցելել էր Վրաստան և ավելի ուշ ներկայացրել զեկույց ԵԱՀԿ-ում՝ խորհուրդ տալով վրացական իշխանություններին գործել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, չեղարկել մի շարք ընդունված օրենքներ, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին և ԼԳԲՏ համայնքի քարոզչությունն արգելող օրենքները, ինչպես նաև ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք մասնակցել էին 2024 թվականի նոյեմբեր–դեկտեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգություններին։

Կոբախիձեն հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք այս զեկույցը կարող է օգտագործվել Հաագայի դատարանում՝ Վրաստանի ղեկավարության դեմ հետապնդում սկսելու համար։

«Թեման այնքան աբսուրդային է, որ ես չեմ պատրաստվում մեկնաբանել։ Մեզ չեն վախեցնի ոչ «Մոսկվայի մեխանիզմով», ոչ էլ Հաագայի տրիբունալով։ Մենք գործելու ենք մեր ազգային շահերին համապատասխան», - ընդգծել է Վրաստանի վարչապետը։

Վրաստանի նկատմամբ «Մոսկվայի մեխանիզմը» գործարկելու մասին հայտարարությունը ստորագրել են ԵԱՀԿ անդամ 24 երկրներ, այդ թվում՝ Բալթյան պետությունները, Մոլդովան և Ուկրաինան։

«Մոսկվայի մեխանիզմը» ստեղծվել է ԵԱՀԿ-ում 1991 թվականին՝ անդամ պետությունների կողմից մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում ստանձնած պարտավորությունների մոնիթորինգ իրականացնելու նպատակով։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրամիություն-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա. ՓաշինյանԵվրամիությունը վրացական Կուլևի նավահանգստի դեմ պատժամիջոցներ չի կիրառիԵՄ-ը դադարեցնում է Վրաստանի պաշտոնյաների համար առանց վիզայի մուտքի իրավունքը«Վրացական երազանքը» դատապարտել է Բրիտանիայի պատժամիջոցները ՀԸ-ների նկատմամբ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի երկու կառավարամետ հեռուստաալիքների նկատմամբԿավելաշվիլի․ «Պատրաստ ենք վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը»