«Քաղաքացիական պայմանագրից» Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու, նախորդ գումարման խորհրդարանում իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն, այսօր պատասխանելով կնոջ աշխատավարձի վերաբերյալ «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի հարցին, հայտարարեց. «Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ»:
«Հայփոստ»-ի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, ինչքան ստացել է իմ կինը», - ասաց Կոնջորյանը:
Նա նշեց, որ իր կինը տնօրեն նշանակվելուց առաջ 5 տարի աշխատել է «Հայփոստ»-ում, եղել է վարչության ղեկավար: «Եղել է մրցույթ, իմ կինը մասնակցելով մրցույթին, ընտրվել է «Հայփոստ» ընկերության տնօրեն»:
Շուշան Ալեքսանյանը 2024 թվականի նոյեմբերին դարձել է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում նրա տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։
Փաստացի, «Ազատության» հարցումներին «Հայփոստ»-ի և այն կառավարող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխաններից հնարավոր չէ հասկանալ՝ որքանով է ընկերության տնօրենի մրցույթը եղել անաչառ ու մրցակցային: Պաշտոնական աղբյուրները հրաժարվել են նաև մանրամասնել՝ ինչպես է գոյացել «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձը: