Քննարկումներ Սարդարապատի դպրոցի տնօրենի պաշտոնանկության և Արցախի դրոշը հանելու շուրջ

Մարտի 30-ին աշխատանքից ազատվել է Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենը, հաջորդ օրը դպրոցի նախասրահից հանվել է Արցախի դրոշը:

«Պարոն մարզպետ, դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից», - հրաժեշտի հրապարակման մեջ գրում է դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը։

Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը պնդում է՝ տնօրենը մարզպետի որոշմամբ աշխատանքից հեռացվել է այլ պատճառով, իսկ Արցախի դրոշի հանդեպ ուրիշ վերապահում է եղել։

«Մարզպետը ընդամենը ասել է, որ ինչո՞ւ է այսպես դրված։ Փռված է եղել «Ռոյալի» վրա և դրա վերաբերյալ է ասել։ Ինչո՞ւ է այսպես դրված, ընդամենը այդպես է ասել», - ասաց Կարինե Սմբատյանը։

«Ազատության» հարցին՝ այսինքն ձևը դուրս չի եկե՞լ, թե՞ գոյությունը, նա պատասխանեց. «Չէ, ձևը»։

Սարդարապատի դպրոցի նախասրահում փառքի անկյունն է, պատին՝ 44-օրյա պատերազմում զոհված այս դպրոցի սաների լուսանկարները։

«Ռոյալի» վրա Արցախի դրոշն էր փռված։ Վրան պատերազմի մասնակից զինվորների անուն-ազգանուններ ու ստորագրություններ։

Նրանք էին ուղարկել այս դրոշը առաջնագծից, երբ Սարդարապատի դպրոցականների ուղարկած քաղցրավենիքն էին ստացել։ Դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը նկարահանվել չցանկացավ։ Պնդեց՝ իր ազատման հրամանի հենց հաջորդ օրը՝ մարտի 31-ին, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը նոր տնօրենի պաշտոնակատարի հետ դպրոց է եկել, հենց առաջին հարկում դրոշը տեսել ու ասել՝ հանեք սա։ Քիչ անց էլի է տեսել դրոշն ու էլի հրահանգել՝ «ասացի՝ հանեք»։

Մարզպետարանի կրթության վարչության պետը պնդում է՝ մարզպետն ուղղակի ճիշտ չի համարել, որ «Ռոյալի» վրա դրոշը սփռոցի պես փռած լինի։ Այս մոտեցումը նշանակում է, որ այսօր Արցախի դրոշը պիտի այս դպրոցում մի տեղ փողփողար, գուցե հետո կտեղադրեն։

Հարցին՝ «հեռացված դրոշը վերադարձնել պատրաստվու՞մ եք», տնօրենի պաշտոնակատար Մերի Մովսիսյանը պատասխանեց. «Մենք հիմա որտե՞ղ ենք ապրում, ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Պարտավոր ենք պաշտպանել մեր պետականությունը, մենք պետականամետ մարդիկ ենք, հայրենասեր մարդիկ ենք, շարժվելու ենք, ոնց որ մեր պետության կարգն ու կանոնն է։ Վերջ»։

Մինչև պաշտոնակատարի այս դպրոց մտնելն էլ հայոց եռագույնը պատին էր բարձր տեղում, ինչպես ինքն է նշում։ Արցախի դրոշի մասով, որքան հասկացանք, կսպասի հրահանգի, ասաց՝ իր տունը չէ, որ որոշի, թե հուշերը ինչպես պահպանի։

«Ես իրենց ծառայողն եմ, ես մարդ եմ, քաղաքացի եմ և Հայաստանի Հանրապետության ծառայողն եմ», - նշեց նա։

Մերի Մովսիսյանն ակնարկեց նաև Արցախի դրոշը «Ռոյալի» վրա հայտնվել է տնօրենի ազատումից օրեր առաջ։ Այդպե՞ս է, փորձեցինք աշխատակիցներից պարզել:

«Ինձ մի հարցրեք, ես հղի եմ և այդ լարվածությունը...»:

«Ես նորմ եմ ֆիզարձակուրդից վերադարձել չեմ կարող ասել»:

«Երբ որ այն դպրոցից տեղափոխվեցին այստեղ, տեղափոխեցին «Ռոյալը», ու այդ ժամանակ բերեցին դրոշն էլ փռեցին վրան, մինչ այդ եղել էր այն դպրոցում»

Նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը պնդում է՝ թանկագին նվերը 2020 թվականին ստանալուց հետո եղել է «Ռոյալի» վրա։ Սեպտեմբերին դպրոցում նորոգում սկսվեց, «Ռոյալը» վերջերս են տեղափոխել, մի քանի օր անց դրոշը նույն դիրքով փռել վրան։ Մարզպետի հրահանգից հետո աշակերտները վերցրել են այն ու փոխանցել իրեն, պահում է տանը։ Իսկ մարզպետարանի ներկայացուցիչն ակնարկում է՝ դրոշը տեղադրել ու արագ փախցրել են, որպեսզի աշխատանքից ազատման այս պատմությունը այլ ենթատեքստ ստանա։

Իրականում, ըստ մարզպետարանի ներկայացուցիչների, տնօրենն ազատվել է կրթական տեսչության ստուգումից հետո։ Խախտումներ են եղել, ուսուցչի թափուր հաստիքը չի համալրվել, հեռավար ուսուցման դեպք է եղել սահմանված կարգի խախտմամբ. «Մարզպետը որոշում է կայացրել Աշխատանքային օրենսգրքի հոդվածով, որ՝ վստահության կորուստ»։

Նախկին տնօրենը պնդում է Հայաստանի բոլոր դպրոցների տնօրենները պիտի հիմա ազատված լինեին գործից։ Այդպիսի վրիպակներ ամենուր կան։ Տեսչության ստուգումների նպատակը թերությունը գտնելն ու աջակցելն է, որ դրանք վերացվեն, ասում է Սմբատյանը։ Նա կասկած չունի, որ իրեն ազատել են ընդդիմադիր հայացքների համար։ Վերջերս էլ միացել է «Ուժեղ Հայաստանի» թիմին։ Պնդում է քաղաքականությունը երբեք չի խառնել կրթական գործին։

Սարդարապատի դպրոցը 700 աշակերտ ունի։ Հանրապետության մի քանի դպրոցներից մեկն է, որ աշխատում է նաև գերմանական կրթական ծրագրով։ Իրեն գործից հանելու մարզպետի որոշումը նախկին տնօրենը պատրաստվում է վիճարկել դատարանում։

Դպրոցի միջանցքում փառքի անկյունում սև «Ռոյալն» է՝ առանց առաջնագծից ուղարկած դրոշի։

«Ռոյալի» վրա մի անկյունում Արցախի զինանշանի փոքրիկ պատկերն է, որ հավանաբար վրիպել է մարզպետի աչքից։ Ինչպե՞ս կվարվի այս փոքրիկ հիշատակի հետ տնօրենի նոր պաշտոնակատարը, հայտնի չէ: