«Ինչպե՞ս ստացվեց, որ քննիչները ոստիկանին ծեծեցին, բայց կալանավորվեց հենց ծեծված ոստիկանը»,- հարցնում է Եղվարդի բաժնի օպեր-լիազոր Սարգիս Բագրատունյանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանը։ Քննչական կոմիտեից, մինչդեռ, պնդում են՝ ոստիկանն ու ավելի քան երկու տասնյակ հարազատներն են քննիչների նկատմամբ բռնություն գործադրել ու խուլիգանություն կատարել, իրենք էլ քրգործ են հարուցել։
Քննիչներն ազատության մեջ են, որևէ կարգավիճակ չունեն, իսկ ոստիկանը, որ երկու ամսով կալանավորված է, ըստ նրա փաստաբանի, վնասվածքներ ունի։
«Իմ պաշտպանյալը ձեռք բերված նյութերի հիման վրա առնչություն չունի այն մեղադրանքներին, որոնք առաջադրվել են։ Չկա որևիցե փաստ, բացի քննիչների ցուցմունքներից, որ իմ պաշտպանյալը հարվածներ է հասցրել, խուլիգանություն է արել և այլն»,- ասում է փաստաբան Վահագն Մարտիրոսյանը։
«Իշխանություն» լրատվականն էլ օրերս գրել է՝ ահազանգ են ստացել, որ երկու քննիչ վարչության պետի մասնակցությամբ դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանին։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը հերքել էր այս տեղեկությունը՝ որակելով դա զրպարտություն, հետո շարունակել՝ դեպքի պահին ոստիկանն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, իսկ ձերբակալվելուց հետո՝ գիտակցելով իր արարքի համար քրեական պատասխանատվության անխուսափելիությունը, ինքն ու փաստաբանը Քննչական հայտարարություններ են ներկայացրել՝ իրեն ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ, որից հետո վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կազմակերպել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը։
Ըստ քննչականի՝ հերքվել է բռնության ենթարկվելու պնդումը։ Ոստիկանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանը հակադարձում է՝ իր պաշտպանյալն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։ Բացի այդ, կադրեր կան, որոնցում երևում է նրա պատառոտված համազգեստը, իսկ շտապօգնություն, ասում է՝ ինքն է կանչել, ոչ թե Քննչականը։
«Քննչական կոմիտեն ակնհայտ սուտ է տարածել։ Իրենց նախաձեռնությամբ ոչինչ չեն արել։ Պաշտպանյալս ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։ Քննչական կոմիտեն չունի որևէ փաստաթուղթ, որ իմ պաշտպանյալը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Գործող ոստիկանը համազգեստով տեղափոխվում է քննչական վարչություն, պահվում է երկար ժամանակ, որից հետո վարչության պետը և բաժնի պետերից մեկը, և ևս մեկ ծառայակից հայհոյանքով ծեծում են։ Պաշտպանյալս փորձում է սենյակից դուրս գալ, դուռը ներսից փակում են, թույլ չեն տալիս ու շարունակում են ծեծել։ Պաշտպանյալս ստանում է մարմնական վնասվածք, շապիկը ուսադիրներով պատռվում է։ Մոտավորապես 40 րոպե անց, շտապօգնության ժամանումից հետո՝ կարողանում ենք տեսակցել իմ պաշտպանյալին։ Բժիշկը արտաքին զննություն է իրականացնում, և հայտնաբերում է ձախ ձեռքի ուսից ներքև փափուկ հյուսվածքի սալջարդ՝ կապտուկով։ Բժիշկը ցուցում է տալիս, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, որպեսզի գոնե ռենտգեն հետազոտություն իրականացվի։ Քննչական վարչության աշխատակիցներից մեկը հստակ հայտարարում է՝ չեք տանելու ու վերջ»,- պատմում է ոստիկանի փաստաբանը։
Ըստ փաստաբանի՝ խնդիրը ծագել է այն բանից հետո, երբ ոստիկանության մայոր Սարգիս Բագրատունյանի հարազատը քննիչներին խնդրել է մեքենան իր վաճառքի կետի դիմաց չկայանել, որովհետև խանգարում է առևտրին։
«Երկու քննիչ Մալաթիայի քննչական բաժնից գալիս են, իրենց մեքենաները կանգնեցնում են, խանութի սեփականատերը դուրս է գալիս, ասում՝ ընկերներ ջան, մի կանգնեցրեք այստեղ, առևտրին խանգարում եք, խնդրել է այլ տեղ կանգնեցնել։ Քննիչները շատ կոպիտ ու լկտի ձևով պատասխաններ են տվել, բա՝ որտեղ ուզենք կկանգնեցնենք, մենք էստեղի քննիչներն ենք, դու ով ես վաբշե և վեճ է առաջացել, քննիչները խանութի տիրոջը ծեծել են»,- պատմեց ոստիկանի փաստաբանը։
Մարտիրոսյանի պնդմամբ՝ դրանից հետո ոստիկանության մայորը քննիչներին զրույցի է հրավիրել, որ հասկանա՝ ինչու են իր հորաքրոջ ամուսնուն ծեծել։
Փաստաբան Մարտիրոսյանը մանրամասներ ներկայացրերց.- «Էլի քննիչները շատ լկտի ձևով, դու ով ես, մենք գիտենք՝ ինչ ենք անում ու վեճ է առաջացել։ Քաշքշուկ։ Այդ քննիչները հեռացել են։ Քննիչներից մեկն արդեն բավականին հեռացած տարածության վրա, ընդհանուր բնույթի հայհոյանքներ է տալիս։ Տարածքի բնակչությունը վրդովված այդ ամեն ինչից, հարձակվում է այդ քննիչի վրա։ Եվ սկսվում է ծեծկռտուք։ Իմ պաշտպանյալն այդ ամբոխի մեջից քննիչներին հանում է, ուղղակի հեռացնում։ Հետո քննիչները հաղորդում են տալիս, որ իրենց ծեծել է ոստիկանը»։
Մինչ այս գործը կհասնի դատարան և այնտեղ կպարզվի՝ իրականում ով է ում բռնության ենթարկել, Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, այժմ փաստաբան Հովհաննես Քոչարյանը խնդիրը դիտարկում է նաև երկու համակարգերի միջև առկա հակասությունների և լարվածության համատեքստում։
«Ոստիկանության և Քննչական կոմիտեի կազմակերպման ձևն ինքնին լարվածությունների պարարտ հող ստեղծող է։ Քննչական կոմիտեի անկախ գոյությունը դա հեքիաթ է, որ հնարվեց ժամանակին ինչ-որ հեղինակություն վայելող անձանց պաշտոնների տեղավորելու համար»,- ասում է Հովհաննես Քոչարյանը։
Ըստ նրա, դեռ 2014-ին՝ Քննչական կոմիտեի ստեղծումից հետո, ակնհայտ էր, որ երկու կառույցներին վերապահված գործառույթները կարող են բախումների պատճառ դառնալ։ Նույն ոլորտում ասում է՝ երկու մարմնի գործունեությունը անխուսափելիորեն շահերի բախման, հաճախ նաև լարվածության ռիսկեր է ստեղծում տարբեր մակարդակներում՝ վերևից ներքև.
Նախկին փոխոստիկանապետի խոսքով.- «Այսինքն, եթե օպերատիվ ծառայությունների աշխատանքում կան թերացումներ, Քննչական կոմիտեն ավելի հակված է այդ թերացումները ծածկելու, վերացնելու, քան թե օբյեկտիվ գնահատական տալու։ Երբ մեկ միասնական կառավարման տակ է համակարգը, այդ կոնֆլիկտների հնարավորությունը գրեթե զրո է։ Երբ առանձնացված են մարմինները, այդ կոնֆլիկտների համար պարարտ հող է ստեղծում։ Ես գտնում եմ, որ պատճառներն ավելի խորքային են։ Պատճառը սխալ կառուցվածքի մեջ է»։
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ հրապարակված հայտարարություններից բացի ոչ մի մեկնաբանություն չեն անելու։ Իսկ անհետաձգելի քննչական գործողություններն ավարտելուց հետո ասացին՝ գործը փոխանցել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս կառույցից էլ «Ազատությանը» փոխանցեցին՝ դա դեռ չեն ստացել, բայց Հակակոռուպցիոնն էլ իր հերթին է վարույթ նախաձեռնել՝ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման առերևույթ դեպքի առթիվ։