Օգոստոսի սկզբին ռուսական բաղադրիչներով արտադրված MC-21 ուղևորատար ինքնաթիռն առաջին փորձնական թռիչքն է կատարել ամբողջությամբ: Նախատեսվում է ինքնաթիռի զանգվածային արտադրությունը սկսել 2027 թվականին։ Սակայն ավիացիոն ոլորտի մասնագետների խոսքով, տարիների աշխարհքաղաքական վայրիվերումները նախագիծը զգալի հեռացրել են սկզբնական նպատակներից։
2016 թվականի հունիսին Իրկուտսկում MC-21-ի հանդիսավոր շնորհանդեսից հետո ավիացիոն փորձագետ Սթիվ Թրիմբլը այն անվանել էր աշխարհի ամենաթերագնահատված ավիացիոն նախագծերից մեկը։
Սիբիրում արտադրվող ինքնաթիռը պետք է ունենար ավելի հարմարավետ, բարձր ճնշմամբ սրահ, ժամանակակից կառավարման համակարգեր և թեթև ու երկար թևեր՝ նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ։
MC-21 նշանակում է «21-րդ դարի մայրուղու ինքնաթիռ»։ Այն նախատեսված էր փոխարինելու հնացած Tu-154-ներին և մրցակցելու եվրոպական Airbus A320-ի ու ամերիկյան Boeing 737-ի հետ։ 2016-ի շնորհանդեսից հետո մի շարք երկրներ, ըստ հրապարակումների, հետաքրքրվել էին ռուսական նոր ինքնաթիռով։
MC-21 ռեակտիվ ինքնաթիռի ցուցադրումն Իրկուտսկում, 2016 թ. հունիս
10 տարի անց, սակայն, փորձագետ Թրիմբլի խոսքով, այն առավելությունների մեծ մասը, որոնք կարող էին MC-21-ը դարձնել միջազգային ավիացիոն շուկայի լուրջ մրցակից, այլևս չկան։
«Պատժամիջոցները MC-21-ին զրկել են այն հիմնական տեխնոլոգիաներից, որոնց մասին ես խոսում էի 2017-ին», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել է Aviation Week-ի պաշտպանական հարցերով խմբագիր Թրիմբլը։ Նրա խոսքով՝ մի շարք առաջատար բաղադրիչներ փոխարինվել են ռուսական արտադրության՝ զգալիորեն ավելի թույլ այլընտրանքներով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս դժգոհել է ռուսական արտադրության ուղևորատար ինքնաթիռների ստեղծման ձգձգումներից։ Սակայն ոլորտի մասնագետները կարծում են, որ MC-21-ի խնդիրներրը միայն գործարաններում չեն և մեծապես կապված են երկրի կառավարման ու քաղաքական որոշումների հետ։
Տեխնիկն աշխատում է MC-21-ի բաղադրիչի վրա Մոսկվայի մոտակայքում գտնվող գործարանում, 2019թ. սեպտեմբեր:
2022 թվականին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, արևմտյան պատժամիջոցները ռուսական ավիացիոն արդյունաբերությունը կտրեցին արտասահմանյան մատակարարման շղթաներից։ Դա մի կողմից ստիպեց Կրեմլին արագացնել սեփական ինքնաթիռների արտադրությունը, մյուս կողմից՝ լուրջ խնդիրներ առաջացրեց արդեն մշակված նախագծերի համար, որոնք կախված էին արևմտյան սարքավորումներից ու տեխնոլոգիաներից։
Բուդապեշտում աշխատող թռիչքային օպերացիաների մասնագետ Անդրեյ Մենշենինի խոսքով՝ Ռուսաստանը ստիպված էր արդեն գրեթե արտադրության պատրաստ ինքնաթիռի կառուցվածքից հանել և փոխարինչիներ գտնել արտասահմանյան շարժիչների, էլեկտրոնային և կառավարման համակարգերի և բազմաթիվ այլ բաղադրիչների համար։
«Գործնականում սա նշանակում է ինքնաթիռի որոշ հատվածների վերանախագծում, նոր բաղադրիչների ինտեգրում և փորձարկումների ու հավաստագրման զգալի մասի կրկնություն», - ասել է նա։
Yakovlev ընկերությունը ստիպված է եղել նաև MC-21-ի թևերի համար օգտագործել ռուսական կոմպոզիտային նյութեր և հրաժարվել ամերիկյան Pratt & Whitney շարժիչներից։
Փոփոխություններից հետո ինքնաթիռը, ըստ հրապարակված տվյալների, մոտ 6 տոննայով ծանրացել է։ Ավելացած քաշը և մյուս տեխնիկական փոխզիջումները կրճատել են թռիչքի հեռավորությունը՝ սկզբնական 5100 կիլոմետրից հասցնելով շուրջ 3830-ի։ Դա զգալիորեն պակաս է Airbus-ի և Boeing-ի համարժեք ինքնաթիռների հնարավորություններից։ Խնդիրը հատկապես զգալի է Ռուսաստանի պես մեծ երկրի համար, որտեղ որոշ քաղաքների միջև թռիչքների ժամանակ MC-21-ը կարող է ստիպված լինել միջանկյալ վայրէջք կատարել վառելիք լիցքավորելու համար։
Տղամարդը փորձարկում է MC-21-ի նստատեղերից մեկը Դուբայի ավիաշոուի ընթացքում դրա ցուցադրության ժամանակ, 2021թ. նոյեմբեր:
Միաժամանակ, ռուսական ավիաընկերությունները շարունակում են շահագործել հարյուրավոր Boeing և Airbus ինքնաթիռներ, որոնք արևմտյան արտադրողների պաշտոնական սպասարկումից զրկված են։ Այդ պատճառով Կրեմլի համար սեփական արտադրության ինքնաթիռների ստեղծումը փաստացի այլընտրանք չունի։
Վերջերս հայտարարվել է MC-21-ի նոր տարբերակի մասին, որի ֆյուզելյաժը պետք է կարճացվի, իսկ ուղևորների թիվը՝ նվազեցվի՝ թռիչքի հեռավորությունը մեծացնելու համար։ Սակայն նույնիսկ այդ տարբերակի բնութագրերը, ըստ ամենայնի, չեն բավարարել Պուտինին։
Հուլիսին Yakovlev-ի գործարան այցելության ժամանակ նրան հայտնել էին, որ կարճացված տարբերակը կկարողանա թռչել մոտ 5000 կիլոմետր։
«Պետք է ավելի շատ լինի, հաստատ ավելի շատ», - արձագանքել էր Պուտինը։
Կրեմլի ճնշումը ավիացիոն արդյունաբերության ղեկավարների վրա աճում է այն պայմաններում, երբ ոլորտը նաև աշխատուժի լուրջ պակաս ունի։ Պատերազմի պատճառով տնտեսությունն ու ռազմական արդյունաբերությունը ներգրավում են մեծ թվով որակավորված մասնագետների՝ նրանց հեռացնելով քաղաքացիական արտադրությունից։
MC-21-ի մի հատված, որը երևում է Իրկուտսկում 2016 թվականին արտադրության ժամանակ։
Ռուսական ավիաընկերությունները խոստացել են գնել հարյուրավոր MC-21-ներ։ Խոշորագույն պատվիրատուն հիմնականում պետական Aeroflot-ն է, որը դեռ 2022-ին հայտարարել էր մինչև 2030 թվականը ավելի քան 200 այդպիսի ինքնաթիռ ձեռք բերելու մտադրության մասին։
Սակայն ոլորտի մասնագետների գնահատմամբ՝ ներկայիս MC-21-ը մեծապես ցույց է տալիս, թե ինչպիսին կարող էր լինել նախագիծը, եթե ռուս և արևմտյան ավիաշինարարների համագործակցությունը չդադարեր։
Flightglobal-ի ավիափոխադրումների խմբագիր Դեյվիդ Կամինսկի-Մորոուի խոսքով՝ MC-21-ի ամբողջությամբ ռուսական տարբերակը դժվար կլինի վաճառել Ռուսաստանի հետ քաղաքականապես չկապված երկրներին։
«Հատկապես այն դեպքում, երբ այդ երկրները շարունակելու են հասանելիություն ունենալ Airbus-ի, Boeing-ի կամ, Չինաստանի դեպքում, նաև չինական C919-ի նկատմամբ», - ասել է նա։
Նրա գնահատմամբ՝ Airbus-ն ու Boeing-ը միջին հեռահարության ուղևորատար ինքնաթիռների շուկայում չափազանց ուժեղ դիրքեր ունեն։ Արտասահմանյան գնորդների համար մեծ ռիսկ կլինի ընտրել նոր ինքնաթիռ, որը տեխնիկական որոշ ցուցանիշներով զիջում է մրցակիցներին և դեռ չունի փորձարկված միջազգային սպասարկման ցանց։
«Շուկան գրեթե հաստատ սահմանափակվելու է Ռուսաստանում», - կանխատեսել է Կամինսկի-Մորոուն։