Կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը՝ «օտարերկրյա գործակալ»

Ֆրանսիա - Կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը Կաննի 79-րդ կինոփառատոնի փակման արարողության ժամանակ, Կանն, 23-ը մայիսի, 2026թ.

Ռուսաստանի իշխանությունները «օտարերկրյա գործակալների» ցուցակում ընդգրկել են հայտնի կինոռեժիսոր, Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակի և Կաննի կինոփառատոնի գրան պրիի դափնեկիր Անդրեյ Զվյագինցևին:

Զվյագինցևը դեմ է հանդես գալիս պատերազմին Ուկրաինայում, նրա «Մինոտավրոս» նոր ֆիլմը նկարահանվել է ռուսերեն լեզվով արտերկրում: Ֆրանսիան կինոնկարն առաջադրել է «Օսկար»-ի:

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը համարում է, որ կինոռեժիսորը մասնակցել է «անսահմանափակ թվով անձանց համար օտարերկրյա գործակալների, ինչպես նաև անցանկալի կազմակերպությունների հաղորդումների և նյութերի ստեղծմանը»: Բացի այդ, ըստ ռուսաստանյան իշխանությունների, Զվյագինցևը «տարածել է անհավաստի տեղեկատվություն Ռուսաստանյան Դաշնության հանրային իշխանությունների մարմինների կողմից ընդունվող որոշումների և նրանց կողմից իրականացվող քաղաքականության մասին»: Նշվում է, որ ռեժիսորն ապրում է արտերկրում:

«Օտարերկրյա գործակալների» ցուցակում ընդգրկվել են նաև լրագրող Միխայիլ Շևելյովը, ղազախստանցի բլոգեր և ակտիվիստ Երժան Տուրգումբայը, յութուբյան բլոգեր Պավել Իվանովը, ինչպես նաև «Անարխիստ-35» նախագիծը, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

«Օտարերկրյա գործակալների» ցուցակում ընդգրկումը նշանակում է իրավունքների էական սահմանափակում: Արդարադատության նախարարության ցուցակում այժմ 1200-ից ավելի մարդ և կազմակերպություն կա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան Նեմցովի դստեր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել Ռեփեր Noize МС-ի նկատմամբ ՌԴ-ում քրգործ է հարուցվել՝ «ահաբեկչությունը արդարացնելու» հոդվածովՄոսկովյան դատարանը հեռակա կալանավորել է «Դոժդ»-ի հիմնադրին և գլխավոր տնօրենին