Կիևը և Բուդապեշտը խորհրդակցություններ կանցկացնեն հունգարական փոքրամասնության հարցի շուրջ. Սիբիհա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ այսօր «կառուցողական և բովանդակալից» զրույց է ունեցել իր հունգարացի գործընկեր Անիտա Օրբանի հետ։

Սիբիհան ասել է, որ երկու կողմերը համաձայնության են եկել այս շաբաթ հունգարա-ուկրաինական փորձագիտական մակարդակի խորհրդակցությունների փուլ անցկացնել՝ «Զակարպատիայի շրջանում հունգարական փոքրամասնության համար արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով»։

«Մենք պատրաստ ենք աշխատել Հունգարիայի նոր կառավարության հետ մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների թեմայի շուրջ՝ մեր երկրների միջև վստահության և բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու նպատակով», - X-ում ասել է Ուկրաինայի արտգործնախարարը:

Ավելի վաղ, Ուկրաինայի Զակարպատիայի շրջանի վրա ռուսական դրոններով հարվածներից հետո՝ Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարեց, որ իր կառավարությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի հարձակումը Զակարպատիայի վրա, որտեղ նաև հունգարացիներ են բնակվում։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ մայիսի 13-ի գիշերը Զակարպատիան ենթարկվել է ամենախոշոր հարձակմանը՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարևոր է համարել Մադյարի հայտարարությունը՝ նշելով, որ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև հարևան երկրների և ամբողջ Եվրոպայի համար։