Կիևում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ շարունակում է գործել

Կիևում ԱՄՆ դեսպանությունը մայիսի 28-ի առավոտյան հայտարարել է, որ շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ ամերիկացի դիվանագետները լքել են Կիևը, մինչդեռ Եվրամիության երկրների դիվանագետները մնացել են քաղաքում։

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը և Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին առընթեր Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը մայիսի 28-ի առավոտյան հայտարարել են, որ տեղեկությունները, թե ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ռուսական սպառնալիքներից հետո լքում են Կիևը, չեն համապատասխանում իրականությանը։

Գերատեսչության խոսնակ Գեորգի Տիխին ընդգծել է, որ ռուսական սպառնալիքներից հետո ոչ մի դեսպանություն չի լքել Կիևը։

Կայա Կալասը մայիսի 28-ի առավոտյան, Կիպրոսում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ, հայտարարել էր, որ «բոլոր դեսպանատները, բացի մեկից», մնացել են Կիևում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում շարունակում են գործել ԵՄ երկրների դեսպանատները, «իսկ Ամերիկան հեռացել է»։

Սակայն նա չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ, իսկ ԶԼՄ-ները նրա հայտարարությունը մեկնաբանել էին որպես հաստատում, որ ամերիկացի դիվանագետները լքել են Կիևը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրեն խնդրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել հաղորդագրությունը, որ Ռուսաստանը մտադիր է հարվածներ հասցնել Կիևին։

Ինչպես ուշադրություն է հրավիրել «Ազատություն» ռադիոկայանը, հինգշաբթի առավոտյան ռուսամետ նարատիվներ տարածող բլոգերները X սոցիալական ցանցում հրապարակել էին արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներ, որոնցում երևում է, թե իբր ամերիկացի դիվանագետները լքում են Կիևը։