Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում, կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:

«Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասված է Հակակոռուպցիոնի տարածած հաղորդագրությունում:

Իրավապահների հաղորդմամբ՝ «խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում»։

Կան ձերբակալված անձինք, կատարվում է նախաքննություն, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Չնայած օր օրի ավելացող քրեական գործերին՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը հերքում է գումար բաժանելու մասին իրավապահների պնդումները: