20-ամյա Նարեկ Թադևոսյանի քույրն ահազանգում է առողջական խնդիրներով եղբորը, որ նաև խուլ ու համր մոր միակ խնամողն էր, շաբաթ օրը հապշտապ, առանց նույնիսկ պատրաստվելու բանակ են տարել։ Այսօր Պաշտպանության նախարարության առջև էր Նարեկի քրոջ ընտանիքը։
Նարեկը խուլ ու համր հաշմանդամության երկրորդ աստիճանով մոր հետ վագոն-տնակում էր ապրում՝ Նիզամի գյուղում։ Քրոջ ամուսինը՝ Ռոբերտ Շադյանը պատմում է՝ երկու անգամ առողջական խնդիրների պատճառով տարկետում էր ստացել. «Նարեկը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի՝ ճնշում ունի, մի քիչ հոգեկանի հետ կապված խնդիր ունի, դժվար է հասկանում, ասենք այն, որ տեղ թողնենք, ճանապարհից ճանապարհ չի կարողանա գնա, չի կարողանում էլի, այդ մարդը ես չգիտեմ ոնց է պիտանի համարվել, ոնց են իրեն տարել բանակ»։
Ռոբերտ Շադյանը պնդում է՝ Արտաշատի զինկոմիսարիատից՝ նրան բուժզննման են կանչել ու ամեն ինչ ավարտել մեկ օրում։
Առողջական հարցերից բացի հաշմանդամությամբ ապրող մոր խնամքի հարցն է։ Նարեկն էր օրավարձով յոլա տանում տունն ու հոգում չլսող, չխոսող մոր հարցերը։
Արտաշատի զինկոմիսարիատում, ըստ Ռոբերտ Չադյանի, ասել են՝ թող քույրը խնամի. առանձին ապրող բազմազավակ մայր է։
«Քույրն էլ ունի տունը հինգ անչափահաս, երեք թոշակառու, հեսա վեցերորդն էլ կծնվի, քրոջ առողջականն էլ այս պահին, լավ չի, ինքը նույնիսկ չի կարող երկար ոտի վրա կանգնի, կոպիտ ասած, մեկն էլ լինի իրեն խնամի, ասենք հնարավորություն չկա, տարբերակ չունենք», - նշեց նա։
Անակնկալ նորակոչիկ դարձած Նարեկի քրոջ ընտանիքն այսօր փոքրիկներով լի մեքենայով սկզբում Արտաշատ էր գնացել, հետո Երևան՝ Պաշտպանության նախարարություն, հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բոլորովին անտեղյակ, թե օրենքն ինչ է նախատեսում այս իրավիճակի համար։
Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասում է՝ շատ են ահազանգերը, երբ զորակոչի վերջին օրը զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ անակնկալ այլ որոշում է կայացվել։ Եվ այս դեպքում պետք է հասկանալ՝ երկու անգամ նույն առողջական խնդրով տարկետում ստացած երիտասարդի մոտ ի՞նչն է փոխվել, եթե բուժում չի ստացել։ Այդ խնդիրները ծառայության ընթացքում հնարավոր է խորանան։
Ինչ վերաբերում է ընտանեկան հանգամանքներին, իրավապաշտպանն ասում է. «Այն անձինք, ովքեր ունեն 65 տարին լրացած ծնողներ կամ միայնակ ծնող, ովքեր ունեն ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող ծնողներ, կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ, այդ դեպքում նման անձանց չեն զորակոչում զինվորական ծառայության, եթե այդ ծնողները չունեն այլ զավակ։ Սա այն դեպքն է, որ կոնկրետ նշված դեպքում անձին չի վերաբերել օրենքի այս դրույթը»։
Սակայն օրենքում կա դրույթ չնախատեսված դեպքերի համար, որից կարող էր օգտվել այս ընտանիքը, շեշտում է իրավապաշտպանը։
«Եթե անձինք, օրինակ, հանդիսանում են իրենց ծնողների միակ խնամողը, այսպես ասած, նրանց հետ այլ անձ չկա, ով հոգ կտանի ծնողի կամ ծնողների մասին իրենց բացակայության ընթացքում, հնարավոր է նման դեպքը նախարարության կողմից, կառավարության կողմից դիտարկվի և տրամադրվի տարկետում։ Կարծում եմ՝ կարելի էր օգտվել նման հնարավորությունից, հաշվի առնելով, որ զինծառայողի մայրը փաստացի ունի նման առողջական խնդիրներ և ինքն իր մասին ամբողջությամբ չի կարող հոգ տանել հանդիսանալով խուլ ու համր անձ», - ասաց Նազելի Մովսեսյանը։
Իդեալական կլիներ, եթե ընտանիքն այս հնարավորության մասին տեղեկանար հենց զինկոմիսարիատում, ասում է Նազելի Մովսեսյանը։ Պաշտպանության նախարարությունից այս կայծակնային զորակոչման վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք, արձագանք առայժմ չունենք։