Խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը ՀՀ-ում կկայունանա. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Անկախ պետությունների համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կարծիք է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում իրավիճակը կկայունանա։

«Այո՛, կարծում եմ՝ դրա համար նախադրյալներ կան, որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին իրենք չեն պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Իսկ ԱՊՀ-ից դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք շարունակում են մնալ մեր կառույցի կազմում»,- ասել է պաշտոնյան։

Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանին դեռ չի շնորհավորել Ռուսաստանի նախագահը։

Փոխարենը ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև արագ կողմնորոշվելու պահանջների ֆոնին ընտրություններից առաջ և հետո պաշտոնական Մոսկվան հերթով արգելեց հայկական գյուղատնտեսական հիմնական արտադրանքները՝ ծաղիկներից մինչև պտուղ-բանջարեղեն, «Ջերմուկից» մինչև ոգելից խմիչքներ ու ձկնամթերք՝ ստանդարտներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։

Լեբեդևը, ըստ ՏԱՍՍ գործակալության, նշել է, որ ԱՊՀ Տնտեսական խորհրդի այսօրվա նիստի քննարկումներին մասնակցել է նաև Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, որը նաև փաստաթղթեր է ստորագրել։

«Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդհանուր առմամբ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ է եղել. ԱՊՀ գլխավոր քարտուղար