«Ոչ թե անվտանգության ցուցիչ է այդ պեռաշկին, այլ ձեր ոչ ադեկվատության ցուցիչ է», - այսօր Ազգային ժողովում վարչապետին ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Հիմա մենք կարկանդակ ենք ուտում ... և մենք ինչքան կարկանդակ ենք ուտում, իրանց քաղաքական վստահելիությունը փլուզվում ա: Իրանց խնդիրը հո կարկանդակը չի՞, ոչ էլ տարածաշրջանն ա: Իրանց խնդիրը իրանք են, որ խորհրդարան չեն անցնելու, հասկանո՞ւմ եք», - հակադարձեց Նիկոլ Փաշինյանը:
«Պեռաշկու» մասին հարցը վարչապետին այսօր այնքան հունից հանեց, որ ինքնահրկիզվելու կոչից բացի, Փաշինանը պնդեց՝ ներկայիս ընդդիմությունը դուրս է մնալու հաջորդ խորհրդարանից:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Խամոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանին Փաշինյանին հարցրեց՝ որքա՞ն անլուրջ է վարչապետը վերաբերվել Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայության զեկույցին, երբ Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի առաջին օրը անհոգ «պեռաշկի» էր ուտում ներկուսակցական քարոզարշավի ավտոբուսում: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց՝ հենց Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայությունն է պնդել, որ Իրանում անկայունության աճը կմեծացնի Հայաստանի ավտանգային ռիսկերը:
«Ինձ ասում եք՝ պեռաշկի ենք ուտում, բայց ձեզնից չի երևում, որ ինչ-որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք: Ինչի՞ գլխներիդ մոխիր լցրած չի ձեր խմբակցության և ինչի՞ քուրձ չեք հագել: Ինչի՞ չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում», - հայտարարեց վարչապետը:
Փաշինյանն ասաց, որ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է վարչապետը և ինչով է զբաղվում, Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են: Վստահեցրեց՝ այն, ինչ կատարվում է Իրանում, Հայաստանի պետական մարմինների համար նորություն չէ, իսկ ծավալվող պատերազմի նախորդող և հաջորդող օրերին էլ Հայաստանի Անվտանգության խորհուրդը նիստեր է հրավիրել, պաշտպանության նախարարն էլ անցած շաբաթ եղել է Իրանում:
«Ձեր հարցի համատեքստում անհասկանալի է՝ ինչի՞ Ազգային ժողովի նիստը չենք չեղարկել ընդհանրապես, որ գանք էստեղ, ասենք, հազար ներողություն, ինչ-որ սադրիչ, անկապ հարցեր հնչեն, մենք դրանով պետության բանը վտանգե՞նք: Ինչի՞ եք նիստ անում, չեղարկեք նիստը», - ասաց վարչապետը՝ հավելելով. - «Իմիջիայլոց, պեռաշկու տեղը կարանք ասենք՝ եթե հանկարծ շատ սովեք, դուք էլ ուտեք»:
«Գիտե՞ք խնդիրը որն ա. ձեզ բացառապես մի բան ա հետաքրքրում, պարոն Փաշինյան՝ ձեր աթոռի պաշտպանությունը, ու դրա համար դուք ամեն ինչ կանեք, ամեն ինչ», - արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետական ուրախ ավտոբուս դեպի մարզեր«Հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից և դարձանք պետություն»
Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին խոսեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, նշելով, որ տարածաշրջանում տեղի ունեցողը պետք է հուշի՝ եթե հոգ չի տարվում խաղաղության մասին, ապա օրերի ընթացքում ամեն ինչ կարող է փլուզվել:
Ընդդիմություն - Փաշինյան բանավեճը կարկանդակով չավարտվեց, ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց Փաշինյանի տարիներ առաջ արած պնդումը, որ առանց երաշխավորների հնարավոր չէ խաղաղություն ունենալ, մինչդեռ այսօր արդեն Փաշինյանը հակառակն է պնդում:
«Եթե երաշխավորներ միջազգային, ընդ որում՝ էդ երաշխավորները պետք ա լինեն կարող ուժեր, չլինեն, շատ, տեսականում և գործնականում հնարավոր ա խաղաղության պայմանագիր ստորագրել, և դրանից, ասենք, 12 ժամ հետո պատերազմ կարող ա սկսվի», - հայտարարում էր վարչապետը դաշնակցական պատգամավորի միացրած ձայնագրությունում:
Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը կրկին պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունը հաջորդ խորհրդարանում չի լինելու, ապա մանրամասնեց, թե իր համոզմամբ ինչ տեսք է ունենալու խորհրդարանական ընդդիմությունը հունիսի 7-ից հետո:
«Ուզում եմ հասկանալ՝ երբ որ էս հարցազրույցն էիք տալիս, էդ ժամանակ էի՞ք ստում, երբ ասում էիք, որ առանց երաշխավորների խաղաղություն հնարավոր չի, փաստաթուղթը չի երաշխավորում, և 12 ժամ հետո ընդամենը հնարավոր է պատերազմ, եթե երաշխավոր չկա, թե՞ հիմա, երբ որ նախաստորագրել եք մի փաստաթուղթ առանց երաշխավորների, բայց հայտարարում եք, որ խաղաղությունը կայացած փաստ է», - հարցրեց Վարդանյանը:
«Մի այդպիսի ասացվածք կա՝ տգետ ա նա, ով չի փոխվում: Սենց որ էս տեմպով գնա, դուք էսա հասնելու եք 3-րդ դասարանում իմ գրած ոտանավորներին, գալու եք ասելու եք՝ «բա դու 3-րդ դասարանում, հիմա էդ ժամանակ էի՞ր դու ստում, թե՞ հիմա»: Ձեր պրոբլեմն ըտեղ ա, ես էլի եմ ասում՝ դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու նոր խորհրդարանում: Դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդարանում: Հլը էն մի մասը գոնե էդքան խելք ունի՝ չի մասնակցում: Հիմի ձեր կեսի չափով տենց, կեսի չափով մի հատ ուրիշ խմբակցություն ա ըլնելու, մեկ էլ ընդեղ բանով, երրորդ ուժն էլ, ինչպես ասում են՝ բանով, դավեսկայով մի հատ էլ երրորդ ուժ ա ըլնելու, որը դուք չեք ըլնելու», - համոզմունք հայտնեց Փաշինյանը:
Վերադառնալով արդեն առանց միջազգային երաշխավորների խաղաղության պայմանագրի ստորագրմանը, վարչապետը պնդեց՝ հասկացել են մի բան, որ եթե Հայաստանը չլինի իր իսկ խաղաղությանը երաշխավորը, որևէ մեկը չի լինի, քանի որ այդ խաղաղությունը հենց Հայաստանին է պետք:
«Հայաստանի Հանրապետությունը ուներ անվտանգության երաշխավոր՝ գրած, թղթի վրա, դուք էլ գալիս էիք ասում էիք՝ այ էդ անվտանգության երաշխավորին ոչ թե 4-րդ հոդվածի 3-րդ բառի 4-րդ բառի 5-րդ կետով են դիմել, այլ 6-րդ տողի 8-րդ բառի 7-րդ տողով, դրա համար բանը, ընդեղի արհեստական բանականությունը չի կարում կարդա մենք ինչով ենք դիմել: Մենք հրաժարվեցինք էդ անվտանգության երաշխավորից և դառանք պետություն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: