Խեղդամահ արված 3-ամյա Տիգրանի քույրն ու երեք եղբայրները տուն՝ մոր մոտ են վերադարձել

Ծափաթաղում խեղդամահ արված 3-ամյա Տիգրանի քույրն ու երեք եղբայրները տուն՝ մայրիկի մոտ են վերադարձել:

«Իմ էրեխեքը շատ լավ են, շատ ուրախ են, որ մամայի մոտ են, ամեն ձևի: Նենց ա, որ առանց էրեխեքի ես չեմ կարա մնամ, էրեխեքն էլ առանց ինձ չեն կարում մնան: Տան մեջին իրանց ավելի լավ են զգում, քանց թե այլ տեղեր», - «Ազատությանը» ասաց երեխաների մայրը՝ Փառանձեմ Վաթյանը:

Ողբերգությունից հետո նրանք տեղափոխվել էին երեխաների պաշտպանության Մարդիգյան կենտրոն, շուրջ երեքուկես ամիս այնտեղ էին: Եղբայրներից մեկը հաստատված հոգեբուժական ախտորոշում ունի, մյուսը՝ համր երեխան, ականատես էր եղել, թե ինչպես է հայրը խեղդում փոքր եղբորը:

«Այն երեխան, որը ուներ նաև հոգեկան առողջության խնդիրներ, չէր խոսում, կրկնօրինակում էր հոր վարքը եղբոր հանդեպ, և այլն, փորձում էր մեր կենտրոնում դա այլ երեխայի նկատմամբ կիրառել, բավականաչափ խաղաղվել էր արդեն, բավականաչափ հավասարակշռված վարք էր ցուցաբերում: Բայց նորից սկսել էին ոչ այնքան ցանկալի վարքաձևեր, բայց այս անգամ այդ ամեն ինչը կառուցված էր նրա վրա, որ մորը կարոտում էին՝ շատ բնական, շատ նորմալ իրավիճակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց երեխաների պաշտպանության Մարդիգյան կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը:

Էմոցիաները մի կողմ, կենտրոնի տնօրենի խոսքով, ամենակարևորն այն էր, որ համոզվեին՝ երեխաների մայրը տեղյակ չի եղել ամուսնու սարսափելի պլանից. - «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնաժողովը համոզվել է, որ մայրը որևէ կապ չունի հոր արարքի հետ, այդպես չի, որ իմացել է և չի հայտնել, և այլն, հետևաբար՝ ինքը որևէ վտանգ իր երեխաների համար չի ներկայացնում»:

3-ամյա Տիգրանը անհետացավ հոկտեմբերի վերջին, նրան 7 օր ու գիշեր որոնում էին, այդ ընթացքում նրա խոսել չկարողացող եղբայրը ձեռքն անընդհատ կոկորդին էր տանում՝ ինչ-որ բան հասկացնելու: Փոքրիկին գտան գյուղից ոչ շատ հեռու դաշտամիջյան հատվածում՝ մարմնական վնասվածքներով: Նախնական զարհուրելի վարկածը՝ հայրը՝ Արմեն Օվանեսովն է խեղդամահ արել 3-ամյա փոքրիկին: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա հայրության վերաբերյալ կասկածներ է ունեցել ու խեղդելով սպանել է երեխային, մարմինը թաքցրել:

Որքանո՞վ է այժմ երեխաների համար անվտանգ միջավայր Ծափաթաղում. հաշմանդամությամբ երեխաներ, սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիք ու մի մայր, որ պիտի լուծի բոլոր հոգսերը: Ըստ Միրա Անտոնյանի՝ մինչև որոշում կայացնելը քննարկում է եղել շուրջ 20 մասնագետների ներգրավմամբ:

«Մայրը որևէ մեկի մոտ հարց չի առաջացնում, գուցեև կենցաղավարությունը այնքան էլ, չգիտեմ, բարձր որակի չի, և այլն, և այլն, բայց միակ աշխատողն էր տան, շատ երեխաներ, բազմամարդ ընտանիք, մի խոսքով՝ էդպիսի հոգսաշատ ընտանիքներ և ոչ այնքան հրաշալի կենցաղավարությամբ մենք շատ ունենք, բայց դա պատճառ չի երեխաներին հեռացնելու: Դրա համար, մենք էլ ենք կողմնակից եղել, որ երեխաների կարոտելը հաշվի առնելով, մոր հետ կապվածությունը հաշվի առնելով՝ մենք էլ ենք դրական տվել դիրքորոշում, որ ճիշտ կլինի՝ երեխաները վերադառնան», - ասաց Անտոնյանը:

«Ամեն ինչ քննարկվել է, բազմաթիվ անգամ այցեր են կատարվել, խնամատար հանձնաժողովի անդամները իրենք այց են կատարել, քննարկվել են պայմանները, որից հետո նոր որոշում են կայացրել երեխաներին տեղափոխել», - ասաց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը:

Մարզպետարանի ներկայացուցիչն էլ է պնդում՝ ընտանքի պայմանները մանրամասն ուսումնասիրել ու նոր են երեխաներին մայրիկի հետ միավորելու որոշում կայացրել: Որոշ ֆինանսական աջակցություն ընտանիքը ստացել է:

«Գումար են տրամադրել, սնունդ եմ վերցրել, հագուստ եմ էրեխեքին վերցրել: Մարզպետարանը ինչով կարացել ա օգնել ա», - նշեց Փառանձեմ Վաթյանը:

Ընտանիքն առաջիկա ամիսներին մոնիտորինգի տակ է լինելու: Երեխաները 6 ամսով են Ծափաթաղ գնացել, եթե ամեն ինչ լավ լինի, կշարունակեն մնալ մայրիկի հետ ու խնամքի կենտրոն չեն վերադառնա: Հատկապես որ այդտեղից դեպի ծննդավայր ուրախությամբ են գնացել:

«Մեծ ոգևորությամբ: Գիտե՞ք, մեր կենտրոնը լավն է, անշուշտ, բայց երեխայի համար դա ոչ բնական միջավայր է, ինքը, երեխան իր ընտանիքն է կարոտում, իր լավ թե վատ պահող մամային է կարոտում, ու դա էնքան նորմալ է, էնքան բնական է: Մենք ուրախանում ենք, երբ որ երեխաները սկսում են անհամբերություն ցուցաբերել մեր կենտրոնում, ու հասկանում ենք, որ դա նշան է, որ պետք է վերամիավորվի, արդեն ժամանակն է», - ընդգծեց Միրա Անտոնյանը:

Երեխայի իրավունքների փորձագետը շեշտում է՝ թեպետ քրեական պատմություններն անկանխատեսելի են և հնարավոր նույնիսկ սոցիալական արդյունավետ պաշտպանություն ունեցող երկրներում, սակայն Ծափաթաղի ողբերգությունից գուցեև հնարավոր կլիներ խուսափել:

«Լավ համակարգ՝ նշանակում է, որ այնտեղ, որտեղ բնակիչներն են ապրում, ու ճիշտ այնպես, ինչպես ունենք բժիշկ, ճիշտ այնպես, ինչպես ունենք, հուսամ՝ ունենք յուրաքանչյուր գյուղում կամ գոնե բուժքույր, ճիշտ այնպես, ինչպես ունենք ադմինիստրատիվ ներկայացուցիչ, ես ինչ գիտեմ, ոստիկան, և այլն, և այլն, անպայման պիտի լինի նաև սոցիալական հարցերով զբաղվող մեկը: Այդ դեպքում այդ վաղ նկատելը, վաղ ահազանգելը հաստատ ավելի լավ տեղի կունենա», - ասաց Միրա Անտոնյանը:

3-ամյա փոքրիկի սպանության գործը այժմ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում է: Դատական նիստը մարտի 12-ին է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով. ՔԿ3-ամյա Տիգրանի սպանությունը տեսած եղբայրը փորձում է կրկնել տեսածը. մասնագետներն աշխատում են նրա հետՍպանված 3-ամյա Տիգրանի քույրը և երեք եղբայրները տեղափոխվում են Երևան՝ ՀՕՖ- ի երեխաների պաշտպանության կենտրոն«Վախեցած են, անհանգիստ». ինչ իրավիճակում են սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրներըՍեփական հայրն է խեղդամահ արել 3-ամյա Տիգրանին. ՆԳՆ-ի նախնական վարկածըՀայտնաբերվել է անհետ որոնվող 3-ամյա Տիգրանի դինՈ՞ւր կորավ փոքրիկ Տիգրանը. բոլոր վարկածներն ուսումնասիրվում են