Կենցաղային վեճը վերածվել է կրակոցների. 4 վիրավոր, 1 ձերբակալված

Արխիվային լուսանկար

Երևանի Կիլիկա թաղամասի Սիսվան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հնչել են կրակոցներ, չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մեկը՝ ձերբակալվել:

Արնանման հետքեր, պարկուճներ, բնակիչներից մեկի տան դարպասին ու բակում կայանված մեքենայի վրա կրակոցների հետքեր, դեպքի վայրից հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ այսօր ժամը 13-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Սիսվան փողոցում քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունենում։ ՆԳՆ-ի նախնական տվյալներով՝ միջադեպը ծագել է կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճի հետևանքով։ Վիճաբանության ընթացքում կիրառվել է նաև հրազեն։ Տարբեր բժշկական հաստատություններ են տեղափոխվել չորս անձ, որոնց կյանքին, ըստ իրավապահների, վտանգ չի սպառնում։

Մեկ անձ ձերբակալվել է։ Ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել միջադեպի բոլոր մասնակիցներին:

Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է՝ աշխատանքներ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու և մասնակիցների ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեից էլ «Ազատությանն» ասացին՝ հաղորդում չեն ստացել, վարույթ դեռ չկա նախաձեռնված: