Կենտրոնացած ենք ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա. Բաղայի

Իրանի արտգործնախարարության խոսնակն այսօր հայտարարել է, որ Հորմուզի նեղուցին վերաբերող ցանկացած մեխանիզմ պետք է համաձայնեցվի Իրանի, Օմանի և ջրային ուղուն սահմանակից երկրների միջև, և, որ Միացյալ Նահանգները դրա հետ «ոչ մի կապ չունի»:

Էսմայիլ Բաղային, ըստ իրանական պետական լրատվամիջոցների, նաև ասել է, որ Իրանը կենտրոնացած է Թեհրանի և Վաշինգտոնի միջև՝ Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակում փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա:

Խաղաղության գործարք կնքելու ամերիկյան գլխավոր պահանջներից մեկը հարստացված ուրանի դուրսբերումն է երկրից: Reuters-ը, հղում անելով իրանցի երկու բարձրաստիճան աղբյուրի, գրել է, թե երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հրահանգել է՝ բարձր հարստացված ուրանը դուրս չբերել երկրից: Աղբյուրներից մեկն էլ նշել է, որ իշխանության ներսում ևս կոնսենսուս կա այս հարցում: Դեռ պարզ չէ, թե ինչպես սրան կարձագանքի Վաշինգտոնը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ զգուշացրել էր՝ ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե գործարք չկնքվի: