Երեխային ապտակած ուսուցչին մանկավարժական իրավունքից զրկելու գործընթաց կձեռնարկվի. նախարարություն

Կրթության նախարարությունն առաջիկայում իրավական գործընթաց կսկսի՝ Գեղարքունիքի Վարդաձոր գյուղի դպրոցում երկրորդ դասարանի աշակերտուհուն հարվածած դասվարին մանկավարժական իրավունքից զրկելու նպատակով:

Դեպքը տեղի էր ունեցել ուղիղ մեկ շաբաթ առաջ, կրթական գերատեսչության արձագանքը հետևում է լրատվամիջոցներին հրապարակումներին: Աղջնակի հարազատներից մեկն էր պատմել տեղի ունեցածի մասին: Երեխան, ըստ մորաքրոջ, դեռ դպրոց չի գնում, վախենում է ուսուցչուհուց:

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է նաև, որ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով:

Երեխայի ընտանիքը դիմել էր մարզպետարան, որտեղից պատասխանել էին՝ որպեսզի ուսուցիչն ազատվի աշխատանքից, գոնե 7 ծնողի բողոք է պետք:

Այս միջադեպով ոստիկանությունը նյութերն արդեն ուղարկել է Քննչական կոմիտե, որտեղ քրեական վարույթ է հարուցվել:

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ

Դեպքին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Նա խիստ մտահոգիչ և անընդունելի է համարել դեպքի վերաբերյալ շրջանառվող տեսանյութերում ներկայացվածը և ևս մեկ անգամ ընդգծել, որ դպրոցական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և պետք է բացառվի:

Անահիտ Մանասյանը, ինչպես նշվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարությունում, հատուկ ընդգծել է երեխաներին վերաբերող տեսանյութերի և այլ հրապարակումների տարածման հարցում առանձնահատուկ զգուշավորության անհրաժեշտությունը։

ՄԻՊ-ն ընդգծել է, որ շարունակում են ստանալ դպրոցական միջավայրում երեխաների նկատմամբ բռնության, ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ ահազանգեր, ինչը վկայում է, որ երեխաների պաշտպանությունը պետք է դրսևորվի ոչ միայն առանձին դեպքերին արձագանքելու, այլև բռնության հնարավոր դրսևորումներին ժամանակին արձագանքելու, դրանք կանխելու և բացառելու ուղղությամբ հետևողական և գործուն աշխատանքի միջոցով։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է իրավասու մարմինների կողմից նման դեպքերի հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ պարզումը, անհրաժեշտ ընթացակարգերի պատշաճ իրականացումը և համապատասխան իրավական գնահատականի ապահովումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դպրոցներում բռնության նոր դեպքեր․ Վարդաձորում՝ երկրորդ դասարանցի, Բերդավանում՝ 13-ամյա աշակերտ

Սա նոր ուսումնական տարվա առաջին ամսում աշակերտի հանդեպ բռնության միակ դեպքը չէ: Երկու շաբաթ առաջ Տավուշի Բերդավան գյուղի դպրոցում սովորող 13-ամյա տղային մաթեմատիկայի ուսուցիչն էր ապտակել, հրել-գցել սեղանի վրա, տետրով խփել գլխին այնպես, որ տետրի ծայրը աչքն էր մտել: Տղան դպրոց է գնում, բայց ըստ մայրիկի, սթրեսային վիճակում:

Այս գործով ուսուցիչը մեղադրյալ է անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։