ՔաНЕТ․ համաշխարհային ռեփերի «ոդիսականը» Ռուսաստանում

Եվրոպական մի շարք երկրներում չեղարկված համերգներից հետո ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ Ye-ն, ստիպված է վերանայել նաև Ռուսաստանում առաջիկա շաբաթներին կայանալիք համերգները։

Օգոստոսի կեսին հայտարարվեց, որ հոկտեմբերի 10-ին և 11-ին նա ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա»-ում։ Մարզադաշտն ինքն էր տարածել համերգների անոնսը՝ Ye-ին անվանելով «մեր ժամանակների ամենաազդեցիկ երաժշտական արտիստը»։ Ամենաէժան տոմսերը սպառվեցին մոտ մեկ ժամում։

Բայց ընդամենը մեկ շաբաթ անց նույն «Գազպրոմ Արենան» հայտարարեց՝ Ye-ն այստեղ ելույթ չի ունենա։

Մարզադաշտից պարզաբանեցին՝ իրենք համերգների կազմակերպիչը չեն և կազմակերպիչ Say Agency-ի հետ արենայի վարձակալության որևէ պայմանագիր չեն ստորագրել։ Այսինքն՝ համերգներն իրենց հարթակում չեն կարող կայանալ։

Say Agency-ն էլ հակադարձեց՝ մարզադաշտի հայտարարությունն իրենց համար անակնկալ է եղել, իսկ Ye-ի ռուսաստանյան համերգները վերջնականապես չեղարկված չեն։

Մինչ կազմակերպիչներն ու մարզադաշտը իրարամերժ տեղեկություններ էին տարածում առաջիկա համերգի վերաբերյալ, Ye-ի հնարավոր այցն արդեն հասցրել էր քաղաքական աղմուկ բարձրացնել Ռուսաստանում։

Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Նովիչկովը հայտարարել էր՝ եթե ռեփերը «բարոյական աջակցություն» չհայտնի Ռուսաստանին և Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին, ինքը կբարձրացնի համերգների չեղարկման հարցը։ Պահանջներ էին հնչում նաև համերգներից ստացված գումարի մի մասը ռուսական բանակին փոխանցելու մասին։

Մեկ այլ պատգամավոր՝ Վիտալի Միլոնովը, նույնիսկ առաջարկել էր, որ Ye-ն Ռուսաստանում ավանդական ռուսական երգեր կատարի։

Ռուսաստանն ու հատկապես Վլադիմիր Պուտինը Ye-ի համար նոր թեմա չեն

Դեռ 2021-ին, խոսելով մշակույթի և բիզնեսի վրա իր ազդեցության մասին, ռեփերն իրեն համեմատել էր Ռուսաստանի նախագահի հետ՝ հայտարարելով. «Ես Պուտինն եմ։ Ես երիտասարդ Պուտինն եմ»։

Մեկ տարի անց՝ արդեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի ընթացքում, ծայրահեղ աջ ակտիվիստ Նիք Ֆուենտեսի՝ «Ես Պուտինի կողմնակից եմ, շատ պրոռուսական եմ» հայտարարությանը Ye-ն արձագանքել էր՝ «Ես նույնպես»։

Եվ այս ամենն այն դեպքում, երբ Արևմուտքում ռեփերի շուրջ սկանդալները տարիներ շարունակ չեն դադարում։

Հակասեմական հայտարարությունների, Հիտլերին ու նացիզմը գովաբանելու պատճառով նրա մի շարք ելույթներ Եվրոպայում չեղարկվել են։ Այս տարի Մեծ Բրիտանիան նույնիսկ արգելեց Ye-ի մուտքը երկիր, ինչից հետո չեղարկվեց Լոնդոնի Wireless փառատոնը, որտեղ նա պետք է գլխավոր արտիստը լիներ։

Թբիլիսիում մարդիկ գնում են Քանյե Ուեսթի համերգին

Բայց սկանդալները Ye-ին չեն խանգարում մարզադաշտեր լցնել։ Հունիսին Թբիլիսիում նրա համերգին մոտ 70 հազար մարդ էր եկել, իսկ Ստամբուլում՝ շուրջ 118 հազար։ Օգոստոսին նա հասավ նաև Ալմաթի։

Իսկ Հայաստանում Քանյե Ուեսթին դեռ 2015-ին էին տեսել՝ այն էլ անվճար։

Նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան այցելած ռեփերը կեսգիշերին անակնկալ համերգ տվեց Երևանի Կարապի լճի մոտ, իսկ ելույթի ընթացքում նույնիսկ նետվեց ջուրը՝ իր հետևից տանելով երկրպագուներին։