«Կազմակերպված ստրկություն». ՌԴ միգրացիոն կանոնների խստացումը կարող է հարվածել աշխատանքային միգրանտներին

Շուրջ 3 միլիոն օտարերկրացիներ էին աշխատում Ռուսաստանում 2026 թվականի սկզբին, արխիվային լուսանկար

Ռուսաստանն առաջարկում է օտարերկրացի աշխատողների հավաքագրման իր համակարգի վերանայում սկսած 2027 թվականի սկզբից՝ միգրանտներին ամրակցելով կոնկրետ գործատուների, աշխատատեղերի և տարածաշրջանների: Դա, ըստ իշխանությունների, միտված է մեծացնելու պետության վերահսկողությունը աշխատանքային միգրացիայի նկատմամբ:

Սակայն այդ նախաձեռնությունն արդեն իսկ միգրացիոն փորձագետների և բիզնեսների մտահոգությունն է հարուցում: Նրանք զգուշացնում են, որ սահմանափակումների խստացումը կարող է աշխատանքային միգրանտներին ստիպել անցնել ոչ ֆորմալ աշխատանքի և է՛լ ավելի վատթարացնել աշխատուժի պակասի հետ կապված իրավիճակը երկրում, որը մեծապես հենվում է օտարերկրացիների աշխատանքի վրա:

Քառամյա փորձը, որ ծրագրված է 2027-ի հունվարի 1-ից մինչև 2030-ի վերջը, ընդգրկելու է ռուսաստանյան 87 տարածաշրջան՝ բացառելով Մոսկվան և մոսկովյան տարածաշրջանը:

Ռուսաստանի իշխանությունների գնահատականներով՝ այն ազդելու է ավելի քան 1.7 միլիոն օտարերկրացի աշխատողների վրա:

Նոր համակարգը նախատեսում է հրաժարում «աշխատանք-արտոնագիր» մեխանիզմից, որն օրինական աշխատանքի հիմնական ճանապարհն է եղել Ռուսաստանի հետ ոչ-վիզային ռեժիմ ունեցող երկրներից միգրանտների համար:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2025-ին օտարերկրացիները ձեռք են բերել Ռուսաստանում աշխատանքի շուրջ 2.3 միլիոն արտոնագիր: Դա Ռուսաստանում գտնվող բոլոր օտարերկրացիների 40 տոկոսից ավելին էր և պաշտոնապես աշխատող օտարերկրացիների գրեթե 77 տոկոսը:

Ռուսաստանը մնում է մեծապես կախված օտարերկրացիների աշխատանքից:

Երկրում 2026-ի սկզբին պաշտոնապես աշխատում էին շուրջ 3 միլիոն օտարերկրացիներ, իսկ այլ պետությունների քաղաքացիների՝ ներառյալ միգրանտների ընտանիքների անդամների ընդհանուր թիվը Ռուսաստանում, ըստ ՆԳՆ-ի, գերազանցում էր 5.7 միլիոնը:

Ըստ առաջարկվող համակարգի՝ միգրանտները Ռուսաստան են ժամանելու արդեն որոշակի գործատու և աշխատատեղ ունենալով:

Նոր տեղեկատվական համակարգով նախատեսվում է վարել գործատուների և օտարերկրացի աշխատողների գրանցամատյան և համադրել աշխատողներին ու աշխատատեղերը՝ հիմնված աշխատաշուկայի տարածաշրջանային կարիքների վրա:

Համակարգը նաև ընդլայնելու է տեղեկատվության ծավալը, որ իշխանությունները հավաքում են միգրանտների վերաբերյալ մինչև նրանց Ռուսաստան մուտք գործելը: Ի լրումն լուսանկարների և մատնահետքերի, միգրանտներն անցնելու են պարտադիր գենոմային գրանցում և բուժհետազոտություն:

«Միգրանտներն՝ առանց իրավունքների»

Այդուհանդերձ, ամենամեծ փոփոխությունը միգրանտների համար կարող է լինել աշխատանքը փոխելու ազատության կորուստը:

Առաջարկվող կանոններով՝ նոր համակարգով հավաքագրված միգրանտներին Ռուսաստանում թույլ չի տրվելու աշխատել այլ գործատուի մոտ, այլ մասնագիտությամբ, կամ գրանցամատյանում նշված տարածաշրջանից դուրս մինչև նրանց աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:

Այդ կանոնների խախտումը կարող է հանգեցնել օտարերկրացի աշխատողների գրանցամատյանից հեռացման և Ռուսաստանը լքելու պարտադրանքի:

Նման աշխատողները կարող են վերստին մտնել համակարգ և վերականգնել Ռուսաստանում աշխատելու իրենց հնարավորությունը մեկ տարի անց միայն:

«Ռուսաստանում մոտ 15 տարվա ընթացքում ես միշտ մնացել եմ նույն քաղաքում, սակայն մի քանի անգամ փոխել եմ աշխատանքս շինարարական տարբեր ընկերություններում՝ կախված նրանց առաջարկած աշխատավարձից և պայմաններից», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասաց ռուսաստանյան Սուրգուտ քաղաքում աշխատող տաջիկստանցի Սարվարը՝ շարունակելով. - «Դեռ շատ բան չգիտեմ այդ պլանի մասին, բայց վախենում եմ, որ եթե գործատուս իմանա, որ չեմ կարող հեշտությամբ փոխել աշխատանքս, ինձ դժվար կլինի բանակցել աշխատավարձիս և այլ բաների շուրջ»:


Ռուսաստան - Ճանապարհային ոստիկանությունը ստուգում է աշխատանքային միգրանտների փաստաթղթերը, արխիվային լուսանկար

Իրավապաշտպան Վալենտինա Չուպիկը, ով գլխավորում է միգրանտներին աջակցող «Տոնգ Ջահոնի» կազմակերպությունը, ասաց, որ սահմանափակումները աշխատողներին հատկապես խոցելի կդարձնեն շահագործման և չարաշահումների հակված գործատուների առջև:

«Միգրանտն իրավունքներ չի ունենալու: Նա ամուր կապված է լինելու գործատուին», - նշեց Չուպիկը՝ առաջարկվող համակարգը որակելով «կազմակերպված ստրկություն»:

Կառավարությունը հայտարարում է, որ նոր մոդելը միտված է միգրացիան ավելի թափանցիկ դարձնելու և նվազեցնելու ապօրինի աշխատանքը՝ իշխանություններին ավելի շատ տեղեկատվություն տրամադրելով աշխատողների մասին մինչև նրանց ժամանումը:

Կառավարությունը հայտարարում է նաև, որ մոդելը միտված է մեծացնելու գործատուների պատասխանատվությունը:

Կարծիքները բաժանվում են

Առաջարկվող փոփոոխությունների վերաբերյալ միգրացիոն փորձագետների կարծիքները տարբերվում են:

Մոսկվայում գործող «Ցարգրադ» ինստիտուտի Միգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Միխայիլ Բուրդան պնդում է, որ երկիրը գրավիչ կմնա մասնավորապես իր աշխատաշուկայի մեծության պատճառով:

«Թիրախային կազմակերպված հավաքագրումը կդառնա Ռուսաստանում զանգվածային միգրացիայի համար ժամանակավոր աշխատանքի միակ հնարավոր ընթացակարգը: «Արի, աշխատիր, գնա» բանաձևը պետք է կիրառվի իր բացարձակ իմաստով՝ առանց վերապահումների կամ բացառությունների», - ասաց Բուրդան:

Տաջիկստանցի միգրացիոն փորձագետ Քարիմջոն Յորովը, մինչդեռ, կտրականապես այլ տեսակետ ունի: Նրա խոսքով՝ հավելյալ ընթացակարգերը և սահմանափակումները կդժվարացնեն աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան:

«Վստահաբար կարող եմ ասել, որ դրանում լավ բան չկա: Դժբախտաբար, հետևանքները վատն են լինելու բոլոր միգրանտների համար», - պնդեց Յորովը:

Նա զգուշացրեց, որ հավաքագրման նոր համակարգը կոռուպցիայի հնարավորություններ կարող է ստեղծել, եթե միջնորդները սկսեն միգրանտներից գումարներ գանձել աշխատատեղերի կամ հավաքագրման ցուցակները նրանց հասանելի դարձնելու համար:

Յորովը հիշեցրեց, որ աշխատանքային արտոնագիրն արժե 1000-ից 2000 ռուբլի (12-ից 14 դոլար), սակայն երբեմն վաճառվում է 20 հազարից 50 հազար ռուբլով (240-ից 600 դոլար):

Ռուսաստանի գործարար հանրությունը նույնպես անհանգստացած է պոտենցիալ հետևանքներից:

Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը զգուշացրել է կառավարությանը, որ միգրանտներին մեկ գործատուին ամրակցելը որոշ աշխատողների դուրս կմղի ֆորմալ տնտեսությունից:

Կազմակերպությունը ցանկանում է, որ միգրանտներին թույլատրվի աշխատել տարբեր գործատուների մոտ, և որ աշխատանքը փոխելու գործընթացը դյուրացվի:

Միությունը նաև առաջարկել է հետաձգել փոփոխությունները մինչև 2028 թվականը և երկու տարի սահմանել անցումային շրջանի համար, որի ընթացքում նոր համակարգը կգործի արտոնագրային և աշխատանքի իրավունքի գոյություն ունեցող մեխանիզմներին զուգահեռ:


Ֆարանգիս Նաջիբուլլա՝ «Ազատտիք Ասիա»-ի հաղորդումների հիման վրա