«Կայծակնային հեղափոխության սցենարը չի աշխատի այս պահին». ո՞րն է Սամվել Կարապետյանի իշխանափոխության ճանապարհային քարտեզը

Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում հարգանքով են վերաբերվում ընդդիմադիր դաշտի համախմբմամբ վարչապետ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու՝ Սամվել Կարապետյանի առաջարկին, բայց դրան զուգահեռ սպասում են ճանապարհային քարտեզին՝ հասկանալու, թե ինչի շուրջ է լինելու համախմբումը, և ինչպես է միլիարդատեր գործարարը պատկերացնում իշխանափոխությունը:

«Այդ կոչին սկզբունքորեն դեմ չենք և մեծ հարգանքով ենք վերաբերվում, բայց կա սկզբունքային պահ. նախ՝ կոնսոլիդիացա կոչվածը պետք է ունենա բովանդակություն քաղաքական, իր ռազմավարության և մարտավարության ճանապարհային քարտեզ: Ահավասիկ՝ շատ կարևոր է պատկերացումները լսել պարոն Կարապետյանի էդ ամեն ինչի վերաբերյալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը:

Սուրենյանցի խոսքով՝ միայն այն հանգամանքը, որ բոլորը ձգտում են իշխանափոխության, կոնսոլիդացիայի համար ամուր հիմք լինել չի կարող. - «Պիտի հստակ պատկերացում լինի ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Մենք առայժմ չենք լսել, կարծեմ չի էլ ներկայացվել հրապարակային: ... Նախ պիտի ռազմավարական լուծում գտնենք, հետո նոր ֆորմատը դրանից բխող լինի համագործակցության, հետո նոր քննարկվի, ըստ այդ ռազմավարության, մանդատ վերցնել-չվերցնելու հարցերը, և մնացած բոլոր հարցերը»:

Սուրեն Սուրենյանցն ասում է, որ այժմ «Ուժեղ Հայաստան»-ի, «Հայաստան» դաշինքի, ԲՀԿ-ի և ընդդիմադիր այլ ուժերի միջև կան քննարկումներ, փորձ է արվում փոխադարձ ընդունելի օրակարգեր ձևավորել, սակայն լիդերների մակարդակով հանդիպում դեռևս չի եղել: Մինչդեռ նա կարծում է, որ առարկայական որոշումները կայացվելու են հենց Կարապետյան-Քոչարյան-Ծառուկյան տետ ա տետ հանդիպման ընթացքում:

«Ես չգիտեմ՝ մենք կհասցնե՞նք, օրինակ, մինչև Սահմանադրական դատարանի նիստը, որովհետև 26-ին է նշանակված, ինչ-որ ընդհանուր օրակարգեր ձևավորած լինենք, թե՞ ՍԴ-ից հետո մի նոր ստատուս քվո կստեղծվի՝ ըստ այդմ կսկսենք առաջնորդվել, մանավանդ որ առանձնապես շատ պատրանքային սպասումներ չկան ՍԴ ենթադրյալ որոշումից», - նշեց Սուրենյանցը:

«Այսինքն՝ առարկայական դեռևս համաձայնություն, թե ինչպես պետք է հասնեել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, դեռ չունեն ընդդիմադիր ուժերը», - սրան ԲՀԿ պատգամավորի թեկնածուն արձագանքեց. - «Ես ունեմ, մենք էլ ունենք, միասնական՝ առայժմ, կարծում եմ, ոչ, հակառակ դեպքում՝ հայտարարված կլիներ»:

«Ճի՞շտ եմ հասկանում, որ քանի տեղի չի ունեցել լիդերների հանդիպում՝ Սամվել Կարապետյան-Ռոբերտ Քոչարյան-Գագիկ Ծառուկյան, առարկայական համաձայնության մասին խոսելը դեռ վաղ է», - այս հարցին էլ Սուրենյանցը պատասխանեց. - «Մեծ հաշվով դուք ճիշտ եք, և գաղտնիք չի, որ վերջին խոսքը կամ վերջնական խոսքը պատկանում է նրանց: Էդպիսին է Հայաստանի քաղաքականության առանձնահատկությունը»:

Սուրեն Սուրենյանց ասում է, որ երեք լիդերների համատեղ հանդիպումը կազմակերպելու մանդատը պատկանում է Սամվել Կարապետյանին՝ որպես ընտրություններում ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր ուժի առաջնորդ:

Իսկ թե ինչու է հապաղում «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը թե՛ իշխանափոխության ճանապարհային քարտեզը ներկայացնելու և թե՛ լիդերների հանդիպում նախաձեռնելու առումով, ընդդիմադիր գործիչը կարծում է, որ խնդիրը քաղաքական հաշվարկներն են:

«Կայծակնային հեղափոխություն սցենարը չի աշխատելու Հայաստանում հիմա, էս պահին, էս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ էդ էր: Եթե կայծակնային հեղափոխության սցենարը չի աշխատելու, ի՞նչ հապաղման մասին կարող է խոսք լինել», - ընդգծեց Սուրենյանցը:

Իշխանափոխության հնարավորությունը նա տեսնում է «տարի-տարիուկեսվա ընթացքում». - «Միանգամայն իրատեսական ու հնարավոր եմ համարում, որովհետև իշխանության ճգնաժամը ու իշխանության շուրջ ներքին և արտաքին տուրբուլենտությունը չի նվազելու, գնալով խնդիրները ահագնանալու են, էդ թվում՝ արտաքին պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ ունի Նիկոլ Փաշինյանը, հայ-ռուսական հարաբերություններում շատ լուրջ խնդիրներ կան: Դրա համար, հիմա որ ասում են՝ «հապաղում եք», հապաղում է, երբ որ հեղափոխական սցենարի ռեալ հնարավորություն կա, դու բաց ես թողնում»:

Սուրենյանցն անհնար է համարում այս պահին մեծ թվով մարդկաց փողոց դուրս բերելը: «Հետևաբար՝ ընդդիմությունը պետք է որդեգրի միջնաժամկետ ծրագիր պայքարի», - կարծում է ընդդիմադիր գործիչը:

«Եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանը հայտնվի բանտում, ոչ մի կոմպրոմիս իշխանության հետ չի լինելու»

Արդյո՞ք ԲՀԿ առաջնորդն ի վերջո դուրս կգա քաղաքականությունից, հաշվի առնելով, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք բիզնեսներում ստուգումներ են սկսվել:

Ավելին՝ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանը որոշել է դադարեցնել Օղակաձև զբոսայգու տարածքում գտնվող «Մուլտի վելնես» կենտրոնի վարձակալության պայմանագիրը:

Այսօր էլ հայտնի դարձավ, որ ուժը կորցրած է ճանաչվել Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան. այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Սուրեն Սուրենյանցը համոզված է՝ «իշխանությունը ճնշումներով ոչինչի չի հասնելու»:

«Կանխատեսելիորեն՝ եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանը հայտնվի բանտում, ոչ մի կոմպրոմիս իշխանության հետ չի լինելու», - պնդեց ԲՀԿ պատգամավորի թեկնածուն:

Նա Ծառուկյանին պատկանող բիզնեսներում կատարվող ստուգումներն ու որոշումները կապում է ԲՀԿ առաջնորդի քաղաքականություն մտնելու հետ:

«Լողավազանի, «Արարատ ցեմենտ»-ի, «Շանգրի Լա»-ի խնդիրները, ամեն ինչ օքեյ կլիներ, եթե Ծառուկյանը չմասնակցեր ընտրություններին, չէ՞: Ինքը կհամարվեր խոշոր կապիտալի ներկայացուցիչ: Նույնիսկ կգտնվեին իշխանամետ պատգամավորներ, որ գուցե նրան բարերար տիտղոսով դիմեին: Նույնը՝ Սամվել Կարապետյանին: Բայց էս մարդիկ հենց քաղաքական հայտ ներկայացրեցին, դարձան ոչ թե այլընտրանք, այլ՝ իշխանության ոխերիմ թշնամիներ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իհարկե կապ ունեն», - նշեց Սուրենյանցը:

Քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանը, տարբեր ժամանակահատվածներում, քաղաքականության էջը բացելուց հետո կրկին փակել է՝ գործող իշխանության հետ առճակատումից հետո:

«Հայաստան» դաշինքը քննարկումները շարունակում է

Մինչ ԲՀԿ- ում սպասում են Սամվել Կարապետյանի իշխանափոխության ճանապարհային քարտեզին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում ավելի լավատեսական հայտարարություններ են հնչում:

Քոչարյանի որդին՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Լևոն Քոչարյանը նախօրեին TV5 -ի հետ զրուցում ասել էր, թե ընդդիմադիր դաշտում բանակցությունները ընթանում են, և շուտով «լավ նորություններ» կլինեն:

Ի՞նչ նորությունների մասին է խոսքը, առայժմ «Հայաստան» դաշինքում փակագծեր չեն բացում: Դաշինքի անդամ, ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատությանը» ընդամենը փոխանցեց, որ քննարկումները շարունակվում են. - «Այս պահին ընդամենը կարող եմ ասել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև քննարկումները շարունակվում են: Ավել որևէ բան այս պահին չեմ կարող ասել հասկանալի պատճառներով: Եթե արդյունքներ լինեն, բնականաբար, մեր հանրությունը առաջինը կտեղեկանա այդ մասին»:

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով ընդդիմադիր
միասնական պլատֆորմ ստեղծելու Սամվել Կարապետյանի առաջարկն առայժմ հրապարակավ ընդունել է միայն «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ոմանք սպասում են առաջարկների, ոմանք՝ նախապայման դնում. ընդդիմադիրները որոշում չունեն Սամվել Կարապետյանի առաջարկի շուրջ «Փաշինյանն արդեն գործ ունի ոչ թե 3, այլ 700 հազար գլխի հետ». ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու օրակարգով միավորվում է