«Կայքն ահավոր էր աշխատում». ծնողները կրկին դժգոհում են առաջին դասարանցիների օնլայն հերթագրման համակարգից

Առաջին դասարանցիների օնլայն հերթագրման համակարգն այս տարի էլ չի գոհացրել բազմաթիվ ծնողների: «Ազատության» հետ զրույցում տասնյակ դժգոհ ծնողներ պատմեցին՝ համակարգը ժամեր շարունակ անհասանելի է եղել, իսկ հետո՝ չափազանց դանդաղ աշխատել, ինչի հետևանքով մի շարք երեխաներ չեն ընդունվել ծնողների նախընտրած դպրոցներ։

«Կայքն ահավոր էր աշխատում, չէր լինում՝ թե՛ մուտք գործել, թե՛ շարունակել որևէ գործողություն անել, մի քանի անգամ փորձել եմ: Հաստատման կոդը չէր գալիս: Շատ դժվարությամբ կարողացել եմ մուտք գործել կայք»,- «Ազատության» հետ զրույցում պատմեց Լուիզա Թովմասյանը, ով սեպտեմբերի 1-ից իր երեխային կտանի ոչ թե շենքի բակում գտնվող դպրոց, այլ մի քանի կանգառ հեռու.

«ժամը 9-նն էր, կայքը սկսեց չաշխատել: Գրեթե մեկ ժամ կայքն այդպես մնացել է: Փորձել եմ թե՛ իմ հեռախոսով, թե՛ ամուսնուս, թե՛ համակարգչով, թե՛ այլ հեռախոսով: Այդքան պայքարից հետո՝ իմ շենքի տակի դպրոցը չկարողացա ընդունել երեխուն, որովհետև արդեն 0 էր ցույց տալիս, ստիպված մեզնից բավականին հեռու դպրոցում մի տեղ գտա, չգիտեմ՝ էս խցանումներով երեխային ինչպես հասցնեմ դպրոց»,- ասաց Թովմասյանը:

Առաջին դասարանցիների ընդունելությունն այս տարի իրականացվում է 3 փուլով։ Առաջին փուլը՝ հունիսի 8-ից 21-ն էր, սա նախատեսված էր արտոնություն ունեցող երեխաների համար։ Այդ խմբում ընդգրկված են, արդեն տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաները, դպրոցի աշխատակիցների երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված սոցիալական որոշ խմբերի երեխաներ։ Երկրորդ փուլը մեկնարկել է հունիսի 23-ին ու բաց է բոլոր երեխաների համար: Երրորդ փուլը կմեկնարկի հունիսի 30-ին և նախատեսված է ռուսերեն ուսուցմամբ դասարաններում սովորելու համար: ԿԳՄՍ-ն այս համակարգը դեռ 6 տարի առաջ է ներդրել, որ դպրոցները հավասարապես ծանրաբեռնվեն, ընդունելությունն էլ ավելի թափանցիկ և վերահսկելի լինի:

Պաշտոնական այս բացատրությունը չի համոզում ծնողներից շատերին: Թեհմինե Գրիգորյանը բողոք է գրել նախարարություն.

Ծնողի խոսքով.- «Համակարգի աշխատանքի խափանումների ու տեխնիկական դժվարությունների պատճառով երեխայիս գրանցել եմ մեկ այլ դպրոցում, որ ուղղակի դուրս չմնանք համակարգից: Արդյունքում՝ իմ երեխան չի ընդունվել այն դպրոցը, որը ես համարում եմ լավագույնն իմ երեխայի համար, որը հարմար է իմ ընտանիքին, որը գտնվում է իմ բնակությանն ավելի մոտ: Սա մեզ համար ոչ միայն կազմակերպչական, այլև լրացուցիչ ժամանակի ու ֆինանսական բեռ է ստեղծում: Կարծում եմ՝ նման կարևոր գործընթացների ընթացքում տեխնիկական խնդիրները չպետք է ազդեն երեխաների կրթության իրավունքի իրացման վրա»:

Ֆեյսբուքյան մեր հարցմանն արձագանքած ծնողները հիմնականում նույն խնդիրն էին նկարագրում՝ առավոտյան ժամը 09:00-ին համակարգ մուտք գործելու փորձերը հաճախ անհաջող են եղել. էջերը չեն բացվել, իսկ գրանցման գործընթացը երբեմն տևել է մեկից մինչև երեք ժամ։ Այդ ընթացքում մի շարք դպրոցներում ազատ տեղերն արդեն սպառվել էին:

Կրթության նախարարությունից հրաժարվեցին հարցազրույց տալ, միայն գրավոր արձագանքեցին: Ասացին՝ համակարգը բացվել է նախատեսված ժամին՝ հունիսի 23-ին, առավոտյան 09:00-ին, իսկ սկզբնական ծանրաբեռնվածությունը պայմանավորված է եղել միաժամանակ մեծ թվով մուտքերով։ Գերատեսչության տվյալներով՝ ժամը 11:40-ից հետո համակարգն արդեն աշխատել է առանց խափանումների։ Հունիսի 23-ի կեսօրի դրությամբ հայտագրվել է 17 հազար 875 երեխա, իսկ այսօր օրվա երկրորդ կեսի դրությամբ այդ թիվը հասել է 22 685-ի։

Առաջին դասարանցիների էլեկտրոնային հայտագրման համակարգը Հայաստանում ներդրվել է 2019-2020 ուսումնական տարում՝ դպրոց ընդունվելու գործընթացն ավելի թափանցիկ, արագ և վերահսկելի դարձնելու նպատակով։ Սկզբում այն կիրառվել էր միայն Երևանի պետական դպրոցներում, իսկ 2020 թվականից տարածվել նաև Հանրապետության մյուս համայնքների վրա։ Ծնողներից մեկն էլ, օրինակ, բարձրաձայնում էր, որ իրենց համայնքում շատերը չունեն ID քարտեր, էլեկտրոնային ստորագրություն և, որ, ոչ բոլորն են կարողանում օգտվել օնլայն հարթակից՝ հերթագրումներն իրականացնելու համար:

Ու չնայած հնչող դժգոհություններին՝ նախարարությունից վստահեցնում են՝ հայտագրումը շարունակվում է, իսկ դպրոցներում առկա ազատ տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է համակարգում։

Մանրամասներն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

«Կայքն ահավոր էր աշխատում». ծնողները կրկին դժգոհում են առաջին դասարանցիների օնլայն հերթագրման համակարգից