Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվեց

Չնայած դատարանը Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը այսօրվա դատական նիստում էլ հայտնի չդարձավ: Նիստը հետաձգվեց։

«Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ համապատասխան փաստական տվյալների, ապացույցների վերլուծություն և դատկան ակտ կազմելու համար, դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել», - հայտարարեց դատավորը:

Դատարանը հայր և որդի Ներսիսյաններին մեղավոր է ճանաչել Ոսկեհատ բնակավայրում նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար: Այդ արարքի համար օրենքով նախատեսված է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում։

Ներսիսյանների փաստաբանն այսօր առաջարկեց Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառել նվազագույն պատիժ և այն պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան, իսկ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ, եթե դատարանը կհամարի, որ ռեցիդիվ է, վերջնական պատիժ կիրառել 4 տարի 3 ամիս ժամկետով ու կրկին սահմանել փորձաշրջան (ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով նախկինում դատվել է դիտավորությամբ կատարված հանցանքի համար):

Համբարձում Ներսիսյանը 2025 թվականին մեղավոր է ճանաչել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, դատարանը 3 տարվա ազատազրկում է նշանակել։ Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է 3 տարվա փորձաշրջան։

Դատախազը նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդել էր Համբարձում Ներսիսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 4.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, այս պատժին գումարել նախորդ վարույթով դատավճռի չկրած մասը ու վերջնական պատիժ նշանակել 7.5 տարվա ազատազրկումը: Ինչ վերաբերում է Գևորգ Ներսիսյանին, մեղադրող կողմը պահանջել է նրան բանտարկել 3.5 տարով:

Քննչական կոմիտեի պնդմամբ՝ հայր և որդի Ներսիսյանները 2025-ի նոյեմբերի 1-ին խոչընդոտել են Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական քարոզչությունը Ոսկեհատում, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով պահանջել են հեռանալ:

Ներսիսյանների փաստաբանն այսօր ևս պնդեց, որ իր պաշտպանյալները մեղքը չեն ընդունում: Նա ավելի վաղ հարուցված քրեական գործը որակել էր անհիմն ու շինծու:

Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կաթողիկոսի կալանավորված եղբոր ու եղբորորդու գործը հասավ դատարան. քննությունն ավարտվեց «Սա ուղիղ ճնշում է կաթողիկոսի վրա». Ներսիսյանների փաստաբանը սադրանք է որակում միջադեպը