Կասպարովը չեղարկել է Բեռլին այցը հնարավոր վտանգի մասին զգուշացումների պատճառով

Գարի Կասպարով, արխիվ

Արտերկրում ապրող ռուսաստանցի ընդդիմադիր Գարի Կասպարովը հնարավոր վտանգների մասին հատուկ ծառայությունների նախազգուշացումների պատճառով չեղարկել է ուղևորությունը Գերմանիայի մայրաքաղաք, որտեղ մասնակցելու էր Berlin Freedom Week միջոցառմանը: Այդ մասին հաղորդում է Bild պարբերականը՝ հղում անելով շախմատի աշխարհի նախկին չեմպիոնի տեսակապով ելույթին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայում պատերազմի կոշտ քննադատ Կասպարովը դիմել է միջոցառման մասնակիցներին՝ նշելով, որ ծրագրում էր անձամբ ժամանել Բեռլին, սակայն անվտանգության ծառայության աշխատակիցները խորհուրդ են տվել չմեկնել այնտեղ՝ համարելով, որ ուղևորությունը կարող էր վտանգավոր լինել:

«Հնարավոր է՝ դուք տեսել եք հաղորդումներ այն մասին, որ Ռուսաստանը ջանում է սպանել ինձ», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագծի փոխանցմամբ՝ հայտարարել է Կասպարովը:

Մանրամասներ՝ արդյո՞ք հատուկ ծառայություններին հայտնի է իր նկատմամբ մահափորձի կոնկրետ ծրագրերի մասին, թե՞ խոսքը վերաբերում է ընդհանուր խորհուրդներին, նա չի ներկայացրել:

Իր ելույթում շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը բողոքել է, թե Եվրոպան փաստացի դարձել է «խաղահրապարակ» Պուտինի համար, ինչը ռուսաստանյան հատուկ ծառայություններին թույլ է տալիս սպառնալ իրեն Եվրոպայի տարածքում: Կասպարովի խոսքով՝ ապագայում վտանգի մեջ կարող են հայտնվել այլ մարդիկ ևս, ներառյալ՝ եվրոպական քաղաքական գործիչների ընտանիքների անդամները: