Կասպարովին զգուշացրել են, որ իր կյանքը վտանգի տակ է

Գարի Կասպարով, ելույթ է ունենում Համաշխարհային ազատության կոնգրեսի հետ համատեղ կազմակերպված մամուլի ասուլին, 12-ը մարտի, 2024 թ.

Շախմատիստ Գարի Կասպարովը հայտնել, որ Լիտվայի և ԱՄՆ հետախուզական ծառայություններն իրեն և «Ազատ Ռուսաստան» ֆորումի համահիմնադիր Իվան Տյուրինին զգուշացրել են, որ իրենց վտանգ է սպառնում, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ իսպանական El Mundo թերթը հայտնել էր, որ Ռուսաստանի կառավարության հետ կապված ցանցը պլանավորում է երեք ընդդիմադիր գործիչների սպանությունը։

«Ո՛չ Իվանին, ո՛չ էլ ինձ ուղղակիորեն չասացին, որ մենք հենց այն մարդիկ ենք, որոնց անունները թաքցվել էին մահափորձի հեղինակների դեմ ներկայացված մեղադրական եզրակացության մեջ։ Սակայն Լիտվայի և ԱՄՆ հետախուզական ծառայությունները մեզ տեղեկացրին, որ մեր կյանքը վտանգի տակ է, և որ մենք պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկենք», - գրել է Կասպարովը, ում Ռուսաստանի իշխանությունները ներառել են «ծայրահեղականների և ահաբեկիչների» ցանկում:

Սեպտեմբերին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ այլ գործակալություններ հայտնեցին ռուսական ցանցի բացահայտման մասին, որում ենթադրաբար ներգրավված են եղել Ռուսաստանի հետախուզության նախկին գնդապետ, 63-ամյա Յուրի Խրամեևը, Անվտանգության դաշնային ծառայության 27-ամյա սպա Կիրիլ Խրամեևը (Յուրի Խրամեևի որդին), Ռուսաստանում բնակվող կուբացի քաղաքացի Օեմիս Ռոմագոսա Դուրրուտին, կուբացի քաղաքացի Յայդել Դելգադո Սուարեսը և վենեսուելացի քաղաքացի Անխել Էդուարդո Կաստրոն: ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ նրանք մարդկանց են հավաքագրել ԱՄՆ-ում երկու և Լիտվայում մեկ անձի հետևելու և սպանելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կասպարովը Ռուսաստանում համարվում է «ահաբեկիչ և ծայրահեղական»

Ըստ El Mundo-ի՝ մահափորձը ծրագրվել էր Գարի Կասպարովի, որը հիմնականում բնակվում է Միացյալ Նահանգներում, նրա գործընկեր Իվան Տյուրինի, որը բնակվում է Լիտվայում, և Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովի դեմ, որը բնակվում է Կիևում և Վաշինգտոնում:

Պոնոմարյովը չի մեկնաբանել El Mundo-ի հրապարակումը, սակայն քաղաքական գործչին մոտ կանգնած BBC-ի աղբյուրը նշել է, որ «սա արդեն իններորդ մահափորձն է»։

Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է հինգ անձանց գաղտնազերծված մեղադրական եզրակացությունները, այդ թվում՝ Ռուսաստանի երկու քաղաքացիների, որոնք, ենթադրաբար, ռուսական հետախուզական ծառայությունների հրահանգով պատրաստում էին սպանություններ և դիվերսիաներ կատարել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։

Փաստաթղթերի համաձայն՝ մեղադրյալները RIS ցանցի մաս էին կազմում, որը 2024 թվականից սկսած վճարել կամ փորձել է վճարել ԱՄՆ և այլ քաղաքացիների՝ Ուկրաինային աջակցող եվրոպական երկրներում Ռուսաստանի կառավարության հակառակորդներին հետևելու, սպանելու և քաղաքացիական ու ռազմական ենթակառուցվածքների դեմ դիվերսիաներ կատարելու համար։