Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված անձանց բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը երկարաձգվում է ևս 6 ամսով՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ Այս մասին հայտնեց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հանրության շրջանում ավելի շատ հայտնի «Քաշաթաղի ծրագրի» ժամկետն ավարտվում է այս տարվա վերջ: Մենք, լսելով մեր հայրանակիցների առաջարկներն ու խնդրանքները, որոշել ենք ևս մեկ անգամ, բայց վերջին անգամ 6 ամսով երկարացնել այդ ծրագրի գործողության ժամկետը, որպեսզի մեր այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել իրացնել իրենց սերտիֆիկատները, իրացնեն դրանք», - ասաց Թորոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ շուրջ 200 քաղաքացի դեռ չի հասցրել իրացնել բնակապահովման հավաստագիրը։ Միևնույն ժամանակ, ծրագրի շրջանակում արդեն իսկ իրացվել է ավելի քան 3000 հավաստագիր։ «Ծրագիրն ըստ էության գրեթե ամբողջությամբ կատարվել է, 3000-ից ավելի սերտիֆիկատ իրացվել է, բայց դեռ կան չիրացված սերտիֆիկատներ», - ասաց նա։
Արսեն Թորոսյանն ընդգծեց՝ ժամկետի երկարաձգումը չի վերաբերում 2023 թվականին Արցախից տեղահանվածների ծրագրին, որն ավելի երկար ժամկետ ունի: