Բնակիչները պնդում են՝ չնայած արգելքին, կառուցապատողը շարունակում է գազի համար գումար գանձել

«Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի բնակիչները պնդում են՝ չնայած Մրցակցության հանձնաժողովն արգելել է գազի համար գումար գանձել, կառուցապատողը շարունակում է պահանջել:

Լուսինե Արզումանյանը բնակարան է գնել «Կոմիտաս պարկ» բնակելի համալիրում։ Հարևանների հետ 5 ամիս առաջ էին բողոքի ակցիայի դուրս եկել ու դժգոհում՝ կառուցապատողը խոստացված ժամկետում չի գազիֆիկացրել շենքը։ Իսկ հիմա արդեն գազը համալիր է հասել, բայց բնակարան չի մտնի, մինչև յուրաքանչյուր սեփականատեր 357 հազար դրամ չվճարի կառուցապատողին:

Ու թեև «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը» վարույթ է հարուցել կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ընկերության նկատմամբ ու հայտարարել, որ համալիրի բնակարանները պետք է գազիֆիկացվեն՝ առանց ընկերությանը լրացուցիչ վճարներ կատարելու, բնակիչներն ասում են՝ «մեր կառուցապատողի վրա ոչինչ չի ազդում, ինքը շարունակում է պնդել, որ իրենց որոշումը չեն փոխելու, բնակիչները պետք է վճարեն այդ գումարը, նոր ստանան համաձայնագիրը, նոր դիմեն գազի վարչություն»:

Բացի այն, որ բնակիչները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով էին դիմել «Սպառողի օգնական» հարթակի միջոցով, հանձնաժողովից ասում են՝ խնդրով զբաղվում են նաև սեփական նախաձեռնությամբ։

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ միջամտել են այն բանից հետո, երբ ամիսներ առաջ կառուցապատողը հայտարարել էր, թե 2023-ից հետո գազիֆիկացման թանկացման պատճառով չեն կարողացել գազը հասցնել համալիր։ Բայց, անգամ, եթե կառուցապատողը որոշի դատարանում վիճարկել հանձնաժողովի այս վարույթը, ըստ Գևորգյանի, միևնույնն է, պետք է հրաժարվի գումարի պահանջից ու բնակարաններում գազ ունենալու համար անվճար տրամադրի մարդկանց այդ համաձայնագիրը:

Հանձնաժողովի պահանջն իրականացնելու համար «Օրդ Դեվելոփմենթ» ընկերությունը մի քանի օր ունի:

Թեև բնակիչները պնդում էին, որ կառուցապատողն ասել է՝ դատարան կդիմի, բայց չի կատարի այդ պահանջը, ընկերության փոխտնօրեն Արսեն Միրզոյանն «Ազատութանն» ասաց. «Վարույթի շրջանակներում մեզ հրավիրել էին նիստին, ներկայացրել ենք իրավիճակը, բայց ավելի շատ մի քիչ ուրիշ հանգամանքներ էին ուսումնասիրվում: Ինչ վերաբերում է այս վերջին գործընթացներին, այդ ֆինանսական մասով, այդ մասով վարույթի շրջանակներում մեր հետ առնվազն ոչ մի բան չի քննարկվել: Որոշումը կայացվել է, մենք իրենց դիրքորոշմանը ծանոթ չենք եղել: Հիմա մեր իրավական թիմն ուսումնասիրում է, որ հասկանանք՝ հետագա քայլերը ոնց են իրականացվելու»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գազիֆիկացում չկա, վկայականներ չկան, կոյուղիները պայթել են․ «Կոմիտաս պարկ»-ի բնակիչների բողոքը

«Կոմիտաս պարկ»-ի շահառուները հիմնականում պետական ու հանրային ծառայողներ են: Ոմանք զգուշավոր էին, տեսախցիկի առաջ չխոսեցին, հարցազրույց տվեց նրանց մեկը՝ կադրում չերևալու պայմանով. «Բնակիչները հավատալով, որ պետությունը հովանավոր է տվյալ շինությունը, ձեռք են բերել բնակարաններ, բայց հիմա բոլորն իրենց ձեռքերը լվացել են ու ոչ ոք մեզ օգնության չի հասնում»:

«Եթե բնակիչները հենց այսօր գան ու պահանջեն ներտնային գազիֆիկացման համար անհրաժեշտ համաձայնությունը, բայց հրաժարվեն վճարել 357 հազար դրամը, արդյո՞ք այն կտրամադրեք»,- հետաքրքրվեցինք կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ընկերության փոխտնօրենից:

«Մեր հայտարարությունն ուժի մեջ է, քանի դեռ այս որոշման հետ կապված մեր գործողությունները չեն հստակեցվել: Բոլոր հարցերը, ցավոք սրտի, դիտարկվում են միայն սպառողի կամ շահառուի շահերից բխելով: Ոչ ոք տնտեսվարողի ու կառուցապատողի շահերի մասին չի խոսում, մենք ստիպված ենք մենակ պայքարել այդ ամեն ինչի համար: Բայց դա առնվազն արդար չի, որովհետև բոլոր նոր ի հայտ եկած հանգամանքները բացարձակապես պայմանավորված չեն կառուցապատողի որևէ անգործությամբ կամ ինչ-որ մի բանով», - պատասխանեց նա:

Բնակիչները հիշում են, թե ինչպես են նախորդ ձմեռն անցկացրել համալիրում՝ առանց գազի, և մտավախություն ունեն, որ նույն իրավիճակը կարող է կրկնվել նաև այս տարի։

Ըստ կառուցապատողի՝ համալիրի շուրջ 800 սեփականատեր է ցանկանում գազ ունենալ, փաստորեն, եթե նրանցից յուրաքանչյուրը վճարի պահանջվող 357 հազար դրամը, կառուցապատողն ընդհանուր առմամբ կստանա 285 միլիոն 600 հազար դրամ՝ մոտ 779 հազար դոլար։

Հանձնաժողովը կառուցապատման ոլորտում վերահսկողությունն ուժեղացրել է օրենսդրական փոփոխություններից հետո։ Շուկայի ուսումնասիրության ընթացքում արձանագրել են հիմնական խնդիրները՝ բնակարանների հանձնման ժամկետների ուշացումներ, ինչպես նաև պայմանագրերի և կառուցապատողների հրապարակային հայտարարությունների միջև անհամապատասխանություններ և այլն:

«Կոմիտաս պարկ»-ի բնակիչները չգիտեն ո՞վ կհաղթի այս պայքարում, պետական կառույցները, թե՞ կառուցապատողը: Նաև հարցնում են՝ ո՞վ է կառուցապատողներին այսքան լայն հնարավորություններ տվել: