Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի օրը՝ մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորման՝ գագաթաժողովին մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով և Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։

Որոշման նախագծում չի նշվում, թե այդ օրը ոչ աշխատանքային դարձնելու հետևանքով որ օրը կդառնա աշխատանքային։