Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի 100 տոկոսի ձեռքբերման համար կառավարության առաջարկը, որի բովանդակությունը չեն բարձրաձայնում ո’չ կառավարությունը, ո’չ էլ ՀԷՑ-ի սեփականատերերը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ՝ 380 000 դոլար։
«Ազատություն» ռադիոկայանը գրավոր դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով հայտնել՝ իրենց կողմից ի՞նչ գնառաջարկ է ներկայացվել ՀԷՑ-ի բաժնետոմսերի դիմաց, ի՞նչ բանաձևի հիման վրա է որոշվել այդ գինը, որքա՞ն է կազմում ՀԷՑ-ի շուկայական արժեքը։ Ի պատասխան՝ նախարարությունից նշել են, որ ՀԷՑ-ը տասնյամյակներ առաջ եղել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում՝ անպատասխան թողնելով մյուս հարցերը։ Հետագայում ՏԿԵՆ-ից հաղորդեցին, որ «քննարկումներ են ընթանում ու հավելյալ տեղեկատվություն այդ մասով հաղորդել չեն կարող»։ Այնինչ գնառաջարկի շուրջ քննարկումներն այս փուլում ավարտվել են փետրվարի 17-ին, երբ ՏԿԵՆ նախարարը ԴԽ/21.1/5614-2026 գրությամբ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնման համար առաջարկել է 23.3 մլրդ դրամ, պայմանով, որ ՀԷՑ-ի սեփականատերը ՀԷՑ-ին պիտի վերադարձնի 23 մլրդ 158 միլիոնը։
«Ազատություն»-ը նաև գրավոր դիմել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, խնդրելով հայտնել, թե որքա՞ն է ընկերության շուկայական արժեքը, ինչ մեթոդով է փոխհատուցումը հաշվարկվել։ Ընկերությունից հարցմանը չեն արձագանքել։
Ի՞նչ արժե ՀԷՑ-ը
Այս տարվա հունվարի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ այս պահին ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում է ընթանում։ 3 ամիս անց էլ կառավարությունը չի հայտնում, թե որքա՞ն է ընկերության շուկայական արժեքը։ Այնուհանդերձ, կան որոշ տվյալներ, որ կարող են պատկեր ձևավորել ՀԷՑ-ի արժեքի մասին, թեպետ դրանք ամբողջական կարող են չլինել։ Այսպես, ընկերության 2024-ի հաշվետվության մեջ նշվում է, որ ընկերության սեփական կապիտալը մոտ 137 մլրդ դրամ է՝ այսօրվա փոխարժեքով՝ 367 մլն դոլար։ Հաշվետվության սեփական կապիտալի բաժինը, որպես կանոն արտացոլում է ընկերության արժեքը՝ առանց վարկերի և այլ պարտավորությունների, ինչպես նաև առանց ապագա շահութաբերության հաշվարկի և բրենդի արժեքի։ Այնուհանդերձ, ընկերության շուկայական արժեքը կարող է շեղվել սեփական կապիտալի արժեքից։
ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնի հարցում կա նաև մեկ այլ հնարավոր կողմնորոշիչ ։ 2017-2021 թվականներին ՀԷՑ-ը վարկեր էր ներգրավել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Ասիական զարգացման բանկից, Միջազգային ֆինանսական կորպորացիայից, և ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրված էր հենց այս վարկերի ստացման համար։ Նշված կառույցներից ընկերության ստացած վարկերի չափը 2021-ին առնվազն 125 մլն դոլար էր և, ըստ ընթացակարգերի մինչ վարկերի տրամադրումը միջազգային բանկերը պետք է գնահատեին ընկերության բաժնետոմսերի արժեքը։ Թեպետ սա բաց ու հրապարակվող թիվ չէ, սակայն կարելի է ենթադրել, որ ընկերության բաժնետոմսերի արժեքն այնպիսին է եղել, որ թույլ է տվել այս բանկերին 125 մլն դոլարի վարկեր տրամադրել, այլապես, նվազ արժեքի դեպքում, հաշվի առնելով ռիսկերը, համաձայնագրերը չէին կնքվի։
Կառավարության կողմից մատնանշված ու ՀԷՑ-ի սեփականատիրոջը վճարված շահաբաժնի գումարի՝ 22 մլրդ 185 միլիոն դրամի մեծ մասը, ըստ հաշվետվության, Կարապետյանին վճարվել է վերը նշված միջազգային կառույցների համաձայնությամբ։
Կարապետյանը դեռ 70 մլրդի շահաբաժին ունի ստանալու, պնդում է նախկին տնօրենը
Ինչու՞ է Կարապետյանի կողմից շահաբաժնի ստացումը դրվել ընկերության գնահատման հիմքում. «Բացարձակ տրամաբանություն գոյություն չունի։Սամվել Կարապետյանը դեռ 70 մլրդ դրամի շահաբաժին ունի ստանալու ՀԷՑ-ից։ Ընդհանուր շահաբաժինը ավելի քան 90 միլիարդ է եղել, որից 11 տարվա ընթացքում ստացել է 22 միլիարդը։«Ես չգիտեմ՝ ինչպես է գնահատվել ընկերությունը 22 մլրդ, չեմ կարող պատկերացնել՝ ինչ ընկերություն պետք է եղած լինի, որ ՀԷՑ-ը գնահատի 22 միլիարդ, ենթադրում եմ, որ դա տեղական գնահատող ընկերություն է ու ճնշումների ներքո է այդ որոշումը կայացրել»,-,Ազատության» հետ զրույցում հայտարարեց ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ պնդելով, որ ՀԷՑ-ի միայն գույքի մի փոքր մասն արժե 22 մլրդ դրամ։
Վերջինս տեղյակ չէ՝ արդյո՞ք ՀԷՑ-ի սեփականատերերը պատասխանել են կառավարության առաջարկին, սակայն վստահ է՝ բանակցելու բան չկա։ Արդյո՞ք ընկերության համար ընդունելի կլինեին 2024-ի հաշվետվությամբ արձանագրված սեփական կապիտալի չափի՝ 367 մլն դոլարի շուրջ բանակցությունները. «Առանց վարկերի՝ միգուցե….գոնե տրամաբանությանը մոտ կարող էր լինել, չեմ ասում իրական արժեքն էր կամ մեր ուզածը։ Ամեն դեպքում խոսելու տեղ գոնե կլիներ»,-ասաց նա՝ հայտնելով, որ տարիներ առաջ մի ընկերություն ցանկություն է ունեցել գնել ՀԷՑ-ի 10 տոկոսը և 10 տոկոսը գնահատվել է 100 մլն դոլար։
ՀԷՑ-ը նոյեմբերին զրկվեց էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզիայից, դրան նախորդել էր ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումը և ընկերությունը ազգայնացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Ըստ Ղազինյանի՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու նպատակը ընկերության արժեքը արհեստականորեն իջեցնելն է եղել, քանի որ մեկ բան է ընկերության արժեքը այս լիցենզիայով, մեկ այլ բան՝ առանց դրա. «ՀԷՑ-ը պետք է գնահատվի մեր ձեռքից խլված օրվա՝ հուլիսի 21-ի դրությամբ։ Ինչու՞ չեմ կարող կասկած ունենալ՝ դիտավորյալ փչացնում են ՀԷՑ-ը, որ քիչ գնահատվի»,-հարցնում է նա։ Նախկին տնօրենի պնդմամբ՝ ՀԷՑ-ի արժեքը մինչև 1 միլիարդ դոլար է։ Իսկ ինչպե՞ս է այս թիվը ստացվել, ինչ մեթոդով, ում կողմից՝ խոստանում է պարզաբանել, երբ ժամանակը գա։
Վարչական դատարանն արգելել է կառավարությանը մինչև մայիսի 25-ը իրականացնել ՀԷՑ-ի բաժնետոմսերի օտարումը, քանի որ ընկերության սեփականատերերը պահանջել էին կառավարության կողմից իրենց ներկայացված առաջարկին պատասխանելու եռամսյա ժամկետի լիարժեք պահպանում։
Եթե ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքն ու կառավարությունը մինչ այդ ներկայացված առաջարկի շուրջ համաձայնության չգան, ըստ օրենսդրության, դրան հաջորդելու է ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը, որը ևս ենթադրում է փոխհատուցում ընկերության սեփականատերերին։ Դրանից հրաժարվելու հնարավորություն արդեն սեփականատերը չի ունենա, և փաստացի փոխհատուցման չափի հարցը կարող է վիճարկել միայն արբիտրաժային դատարանում։
Մկրտիչ Կարապետյան