Կառավարությունը 52 մլն եվրո կհատկացնի Իջևանում ու Վանաձորում մարզադաշտեր կառուցելու համար

Մարզադաշտ Հայաստանում, արխիվ

Հայաստանի կառավարությունն ավելի քան 52 մլն եվրո կհատկացնի Իջևանում ու Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով մարզադաշտեր կառուցելու համար։ Կառավարությունը հավանություն է տվել մեկ անձից գնման ընթացակարգով դրանց կառուցումն իրականացնելու որոշմանը։

2029-ին Հայաստանում և Վրաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մարզադաշտերը կառուցվում են այդ մրցաշարը հյուրընկալելու համար։ Նախատեսվում է, որ երկու մարզադաշտերն էլ կունենան առնվազն 10 հազար նստատեղ։ Մարզադաշտերի նախագծումն իրականացնում է Venueera Holding միջազգային կազմակերպությունը, որին էլ հանձնվել են նաև շինարարական աշխատանքները։ Այս ընկերությունը ներգրավված է խոշոր մարզադաշտերի կառուցման գործընթացում, ինչպիսիք են Ռուսաստանում՝ Gazprom Arena, Հունգարիայում՝ Puskas Arena ստադիոնները, Միացյալ Նահանգներում՝ Capital One Arena, Ֆրանսիայում՝ Accor Arena սպորտային համալիրները։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը նշել է, որ մարզադաշտերի կառուցումը պետք է ավարտված լինի 30 ամիս անց, որից 24 ամիսը բուն շինարարության փուլն է։ ՈՒԵՖԱ-ն պահանջել է, որ մարզադաշերը պատրաստ լինեն ամենաուշը 2029-ի մարտին։

Venueera Holding-ը շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարներից բացի նաև «գործակալական վճար» պետք է ստանա սահմանված արժեքի մինչև 12 տոկոսի չափով։

Բացի այս երկու մարզադաշտերից, Կառավարությունը հայտարարել է նաև «Ակադեմիական քաղաքի» տարածքում Ազգային մարզադաշտի կառուցման մասին։ Նախնական գնահատականներով՝ այն ունենալու է 35 հազար նստելատեղ, սակայն այս մարզադաշտի նախագծման վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան։