Կառավարությունը մտադիր է ներդնել մի նոր մեխանիզմ, որով քաղաքացիները կարող են իրենց ուզած չափով գումար նվիրել լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին կամ կուսակցություններին, և այդ գումարի մի մասը հետ ստանալ հայտարարագիր ներկայացնելիս:
Կա մի պայման՝ գումարը հետ կգա քաղաքացուն, եթե նա եկամտահարկ է վճարում: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նշված նպատակը հենց ոչ առևտրային կազմակերպություններին և լրատվամիջոցներին հատկացումներ անելու մեխանիզմ ձևավորելն է: Կառավարության վերջին նիստում վարչապետը նաև կուսակցություններին էր մատնանշել ու ընդգծել՝ սկզբում կընտրեն այս երեքից մեկին, հետո, կախված արդյունքից, կզարգացնեն գաղափարը:
«Սկզբից չենք անի երեքն էլ, սկզբից կանենք՝ կա՛մ, կա՛մ, կա՛մ, հետո արդյունքները կտեսնենք, իհարկե, միջնաժամկետում կբացենք և՛, և՛, և՛», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, սակայն, առերևույթ դրական թվացող այս գաղափարը կասկածի տակ է դնում:
«Էլի մի խորամանկ ու իր խութերով օրենքի նախագիծ են անցկացնելու, որից ոչ ոք չի օգտվելու բացի իրենց յուրային «սիվիկներից», «Հայկական ժամանակ»-ից կամ Հանրային հեռուստատեսությունից», - ասաց Արմինե Օհանյանը:
Փաշինյանի իշխանությանը քննադատող Արմինե Օհանյանի կարծիքով, սա կարող է իշխանության ձեռքին զտում անելու մի նոր գործիք դառնալ: «Հրապարակ»-ի խմբագիրն ընդգծում է՝ հիմա էլ ով ցանկանա, կարող է նվիրատվություն անել ԶԼՄ-ին: Բայց եթե այս մեխանիզմի ներդրումից հետո նվիրատվություն ստացողները իշխանամերձ լրատվամիջոցները լինեն, հետո նույն իշխանականները կարող են հայտարարել, թե հանրությունը մյուսներին չի վստահում ու կարևորում, իր կասկածներն է թվարկում Օհանյանը:
«Եթե քաղաքացին ցանկություն ունի որևէ լրատվամիջոցի որևէ ձևով աջակցելու, շատ պարզ ձև ունի դրա համար: Կարող է այդ լրատվամիջոցին ուղիղ ձևով փոխանցում անել, կարող է ուղղակի կարդալ, բաժանորդագրվել, մենք նաև թերթ ենք տպագրում, թերթը գնել, հազարավոր ձևեր կան լրատվամիջոցների նկատմամբ իրենց վստահությունը հայտնելու», - նշեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:
Մինչ խմբագիրը պնդում է, որ իր ղեկավարած լրատվամիջոցը թափանցիկ ֆինանսավորում ունի, վարչապետ Փաշինյանն ու նրա թիմը մեկ անգամ չեն կասկածի տակ դրել իրենց քննադատող մեդիայի, այդ թվում՝ «Հրապարակ»-ի ֆինանսական աղբյուրները: Հենց այս նոր նախաձեռնության մասին խոսելիս էլ Փաշինյանն ընդգծել էր. «Մենք պետք է լրատվամիջոցների թափանցիկության հարցը լուծենք»:
Օրերս նվիրատվության այս գաղափարը քննարկվել էր կառավարությունում: Ըստ հաղորդագրության՝ պաշտոնյաները համարում են, որ այս մեխանիզմով կբարձրանա քաղհասարակության և ԶԼՄ-ների գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:
«Թրանսփարենսի ինթերնեյշընլ»-ի չափիչ ծրագրի համակարգող Տաթևիկ Մարգարյանի խոսքով, քաղաքացիներից նվեր փող ստացողներն այս դեպքում կսկսեն ավելի թափանցիկ ու հաշվետու լինել, որ մարդկանց վստահությունը բարձրանա ու իրենց գումար նվիրեն:
«Այն, ինչի մասին խոսում ենք, փոքր գումարների մասին է խոսքը, բայց դրա մի մասն է մեծ, որ մարդիկ ավելի շատ լսեն, իմանան քաղհասարակության կազմակերպություններով, կարող է դա լինել տարեկան 10 հազար դրամ, որ մարդը հետվերադարձ ստանա», - ասաց նա:
Մարգարյանը հերքում է կասկածները, որ այս նախաձեռնության նպատակը իշխանամերձ մեդիային, ՀԿ-ին կամ կուսակցությանը լրացուցիչ եկամուտներ ապահովելն է: Կզարգանա նվիրելու մշակույթը, այլընտրանքային ֆինանսավորումը՝ նկատում է մասնագետը:
Այս գաղափարը կառավարությունում առաջ մղող ՀԿ կենտրոնի ղեկավար Արփինե Հակոբյանի խոսքով, մի մտահոգություն ունեն՝ այնպես անել, որ նվիրատվության գումարի հետ վերադարձը չներառվի այն 100 հազարի մեջ, որը ստանում է քաղաքացին երեխայի ուսման վճարի կամ առողջական ծառայություններից օգտվելիս: Եկամտահարկ վճարող և հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներն իրավունքն ունեն մինչև 100 հազար դրամ ստանալ՝ երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց:
«Ցանկալի կլինի, որ ինքը լինի հավելյալ գումար, օրինակ, 110 և այդ պայմանական 10-ը կարողանան հետ ստանալ, եթե նվիրատվությունը արել են ՀԿ-ին կամ ԶԼՄ-ին», - ասաց Հակոբյանը:
Արփինե Հակոբյանի թիմն ուսումնասիրել է աշխարհի փորձը, պարզել, որ նման մեխանիզմներ գործում են Հունգարիայում, Մոլդովայում, Լեհաստանում: Ըստ Հակոբյանի, հասարակական կամ կրոնական կազմակերպություններին նվիրատվություն արված գումարի մեկից երկու տոկոսը քաղաքացին հետ է ստանում:
Ի տարբերություն Եվրոպական երկրների, Հայաստանում առաջարկվող մոդելի համաձայն, քաղաքացին ինքը կանի իր նվիրատվությունը, որի մի մասը հետ կստանա հայտարարագիրը լրացնելուց հետո: Թե որքա՞ն հետ վերադարձ կնախատեսվի, կառավարությունը դեռ չի սահմանել: Այս և այլ մանրամասները գործադիրը պետք է դեռ մշակի առաջիկայում:
Այս նախաձեռնության առաջամարտիկը Հունգարիան է, որտեղ համակարգը գործում է 1996 թվականից: «1+1 տոկոս» անունը ստացած օրենքով, քաղաքացին հայտարարագիր ներկայացնելիս կարող է ընտրել իր նախընտրած կազմակերպությունը, հիմնադրամին, թանգարանին, գրադարանին կամ մշակութային ու սպորտային հաստատությանը, որոնք ունեն հանրօգուտի կարգավիճակ: Այս կարգավիճակը դրանք ստանում են բավարարելով որոշակի պահանջների: Հունգարիայի քաղաքացին իր եկամուտների մասին հայտարարագիրը լրացնելիս եկամտահարկի մեկ տոկոսը կարող է նվիրել որևէ կազմակերպության, իսկ մյուս մեկ տոկոսը՝ եկեղեցիներին կամ պետական կազմակերպություններին:
Մոլդովայում գործող կարգը նման է հունգարականին: Այստեղ ևս եկամտահարկի հաշվին կատարվող նվիրատվություններն ուղղվում են հասարակական ու կրոնական կազմակերպություններին: Ի տարբերություն Հայաստանի, որ մտադիր է նման մեխանիզմ կիրառել նաև կուսակցությունների համար, այս երկրներում դա արգելված է քաղաքական ճնշումներից խուսափելու համար: Սա սոցիալական նպատակ ունեցող նախաձեռնություն է, որն ուղղված է հանրօգուտ գործունեություն ծավալող կազմակերպություններին աջակցելուն:
Մոլդովայում 2017-ից գործող 2 տոկոսի օրենքով քաղաքացիները կատարել են 4.39 միլիոն եվրոյի նվիրատվություն, 3.5 միլիարդ եվրո էլ նվիրել են Լեհաստանի քաղաքացիները: Այս երկրում եկամտահարկի 1.5 տոկոսը կարող է ուղղվել քաղհասարակությանը, օրենքը գործում է:
Հայաստանի կառավարությունը մտադիր է 2027 թվականի հունվարից ներդնել այս մեխանիզմը: Հարկային օրենսգրքում արված փոփոխությունները դեռ գործադիրի սեղանին են: Փաշինյանը հանձնարարել է նախագիծը բերել վերջնական տեսքի, կառավարության հաստատումից հետո այն կուղարկվի խորհրդարան: Հայաստանյան ԶԼՄ-ների ու կուսակցությունների մեծամասնությունը տեղյակ չէր այս նորամուծությունից, այն առավել ակտիվ քննարկվում է քաղհասարակության շրջանում: