Լիազորություններն ավարտող խորհրդարանում կառավարության անդամների հետ այսօրվա հարցուպատասխանը տևեց մոտ չորս րոպե:
Ծափահարեցին ՔՊ-ականները, երբ պարզվեց, որ ընդամենը երեք պատգամավոր է հերթագրվել վարչապետին և նախարարներին հարցեր տալու համար: Բայց մի քանի վայրկյանի ընթացքում գրանցված երկու պատգամավորներն էլ մտափոխվեցին:
Իսկ հերթագրված երրորդ պատգամավորը, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական անդամ Հռիփսիմե Գրիգորյանն էր, հարցի փոխարեն պատմեց երեկ Գյումրիում իր ստացած տպավորություններից:
Հայ-ֆրանսիական բացօթյա համերգին մասնակցում էին Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները, Գյումրիով ավարտվեց նախագահ Էմանյուել Մակրոնի պետական այցը: Իշխանական պատգամավորը շնորհակալ էր ու շնորհավորում էր բոլորին. «Պարոն վարչապետ, Ձեր գլխավորությամբ ու մեզ բոլորիս Հայաստանում իսկապես մեծամասշտաբ, աննախադեպ այս միջոցառումների հաջող ու գեղեցկագույնս կազմակերպման առթիվ մարդիկ մեզ խնդրում էին փոխանցել, պարոն վարչապետ, Ձեզ ու մեր բոլոր գործընկերներին իրենց հպարտությունը»:
Հարց կա՞, փորձեց հասկանալ Ազգային ժողովի նախագահը. «Շնորհակալության, կարծում եմ արձագանք չի լինի, հարցերն ավարտվեցին, նիստը՝ նույնպես»:
Իսկ որ երեկ իշխանական Հռիփսիմե Գրիգորյանն իր թիմակիցների հետ իսկապես տպավորիչ ժամանակ է անցկացրել նաև լրատվամիջոցներում տարածված տեսանյութերից է երևում: Factor.TV-ի մի տեսանյութում, օրինակ, պարահրապարակում են Գրիգորյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Խորհրդարանում կառավարության անդամների հետ այսօրվա տապալված հարցուպատասխանը Ազգային ժողովի ընտրություններից առաջ նախավերջինն էր: Վերջինը ըստ նիստերի ժամանակացույցի մայիսի 27-ին է:
ՔՊ-ական պատգամավորներից հնարավոր չեղավ ճշտել՝ չհերթագրվելու որոշումը գործադիրի հետ համաձայնեցված էր, թե ոչ:
Խորհրդարանական հարցուպատասխանները սովորաբար տևում են նվազագույնը մեկը, առավելագույնը՝ 4-5 ժամ: Դրանք հաճախ վերածվել են վեճերի, փոխադարձ մեղադրանքների ու անգամ քաշքշոցի՝ որոշ դեպքերում հենց վարչապետի ներկայությամբ:
Անցած 5 տարիներին ընդդիմադիրները հաճախ են բոյկոտել հարցուպատասխանները, հետո մտափոխվել: Արդեն տևական ժամանակ է՝ «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցում վարչապետի և կառավարության մյուս անդամների հետ քննարկումների, իսկ «Հայաստան»-ը խմբակցությունը վերջին մի քանի նիստերն է բաց թողնում՝ պատճառաբանելով, թե Նիկոլ Փաշինյանին այլևս հարց տալու իմաստ չեն տեսնում: Այսօրվա նիստին ևս «Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում: