«Անորակ է». Կապսում ճանապարհաշինությունը բնակիչների դժգոհությունն է հարուցել

Կապսում ճանապարհների նորոգմամբ զբաղվող «Մերձմոսկովյան» ընկերության կատարած աշխատանքը բնակիչների դժգոհությունն է հարուցել: Պետական բյուջեից Կապսի թվով 3 փողոցների հիմնանորոգման համար շուրջ 108 մլն դրամ է հատկացվել, որ աշակերտները ոչ թե ցեխոտ ու քարուքանդ ճանապարհով հասնեն դպրոց, այլ ասֆալտապատ: Նորակառույց դպրոց տանող կարճ, բայց դժվարանցանելի ճանապարհի նորոգումը, սակայն, հունից հանել է կապսեցիներին:

«Կարող եք նայել, տեսնել, որ անորակ է, ճանապարհը 4 մետր է, որը գյուղական պայմաններում շատ նեղ է», - ասաց բնակիչներից մեկը:

Դպրոցի մոտ հավաքված կապսեցիները, որոնց մի մասը ժամանակին Ռուսաստանում շինարարությունում է աշխատել, հատ առ հատ արձանագրել են թերությունները: Գյուղացիները ասում են՝ եթե չբարձրաձայնեին թերությունների մասին, գուցե հենց այդպես էլ հանձնեին պետությանը:

Կապսեցիներին փորձել են համոզել, որ չբարձրաձայնեն խնդիրը, այլապես. «Կդադարեցնենք շինարարությունը, բայց լավ է անորակ ճամփա չունենանք, հողե ճամփով երթանք, քան թե էս անորակ ճամփեն բերեն տան մեզի»:

Թե ո՞վ է փորձել համոզել, չասացին: Նույն շինարարն, ասում են, դպրոց տանող 2 ճանապարհ է կառուցում, ինչո՞ւ է մեկը որակով, մյուսն այսքան անորակ: Աղմուկից հետո շինարարն ու մարզպետարանի պատասխանատուները հասել են Կապս, գյուղացիներին հանդիպել:

Ստացվում է՝ Կապսում շինարարության որակի պետական տեխհսկողի դերը գյուղացիներն են ստանձնել: Ճանապարհի պատվիրատուն Շիրակի մարզպետարանն է: Մարզպետի խորհրդական Թադևոս Վարդանյանը պնդում է՝ իրենք ևս թերություններ են արձանագրել հենց այդ փողոցում ու շինարարին հանձնարարել դրանք վերացնել:

Իսկ ի՞նչ է սպասվում թերացող տեխվերահսկողին ու անորակ ճանապարհ կառուցող շինարարին. «Տեխհսկողությունը տվյալ շինարարության իրականացնում է «Վերդիկալ» ՍՊԸ-ն, մեր կողմից նաև տեղեկացվել է շինարարության տեսչությանը. կարծում եմ, այնտեղ էլ օրենքի սահմանված կարգով վարույթ կիրականացվի»:

Մարզպետարանի պաշտոնյան, ով պատասխանատու է ճանապարհաշինության համար, վստահեցնում է՝ անորակ ճանապարհը պարզապես չի ընդունվի շահագործման:

Բայց Կապսում հակառակի ապացույցն ունեն. 4 տարի առաջ Գյումրի Կապս ճանապարհը նորոգվեց, բայց այն արդեն քայքայվել է: 10 կմ ճանապարհի նորոգման համար 450 մլն դրամ էր ծախսվել, բայց այնտեղ հիմա կրկին մեծ փոսեր են: Հատվածներ կան, որ արդեն չորրորդ անգամ են կարկատվում, ու դրանք կարճ ժամանակ անց նորից քանդվում են:

Ճանապարհային դեպարտամենտից «Ազատությանը» փոխանցեցին, որ ճանապարհի սպասարկման շրջանակներում այն կբարեկարգվի: