Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կիսատ մնացած շինարարությունն այս տարի դժվար վերսկսվի: Ըստ տարածքային կառավարման նախարարի՝ նախորդ կապալառուի հետ պայմանագիրը խզելուց հետո նոր միջազգային մրցույթ են հայտարարելու, ընդ որում՝ այս անգամ՝ ջրամբարի ողջ ծավալի՝ 60 մլն խորանարդ մետրի համար։
«Պլանավորում ենք շինարարական մրցույթ հայտարարել 2026 թվականի ընթացքում, հույս ունենք, որ հնարավորինս արագ շինարարական աշխատանքները կվերսկսվեն: Ամենայն հավանականությամբ 2027 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արդեն գետնի վրա աշխատանքներ կունենաք նոր շինարարի կողմից», - ասաց Դավիթ Խուդաթյանը:
Ջրամբարը կառուցող չինական ընկերության հետ պայմանագիրն ամբողջությամբ խզվեց այս փետրվարին, բայց շինարարները դեռ դեկտեմբերին էին հեռացել տարածքից։ Իսկ շինարարությունը սկսվել էր երեք տարի առաջ. «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ը, ըստ պայմանագրի, 34 ամսում պետք է ավարտեր ջրամբարի կառուցման առաջին փուլը՝ 25 մլն խորանարդ մետր ծավալով։ 3 տարին լրացել է, բայց աշխատանքների կեսն էլ չի արվել։ Արդյոք չինական ընկերությունը պայմանագիրը խախտելու համար տուգանվե՞լ է։
«Կան տույժ-տուգանքներ, գնումների ընթացակարգով սահմանված բոլոր պայմանները կատարվել են, ու այս մասով պիտի անհանգստություններ չլինեն», - նշեց Խուդաթյանը:
Ջրամբարի շինարարության պատվիրատուն Հայաստանի զարգացման հիմնադրամն է։ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հիմնադրամից հայտնել են, որ կապալառուից հետ է գանձվել 12,36 մլն եվրո վճարված կանխավճարի գումարը և ևս 7,42 մլն եվրո՝ որպես տույժ։
Ըստ հիմնադրամի՝ 3 տարվա ընթացքում չինական ընկերությունը հասցրել է միայն Ախուրյան գետի հունի տեղափոխման նպատակով ջրահեռացման խրամուղի կառուցել, հիդրոմեխանիկական սարքավորումներ տեղադրել, կատարել ոռոգման թունելի մուտքամասի և ելքամասի ամրակայման, շինարարական ճամբարի հիմնման և ցեմենտային աշխատանքներ։
Ծրագրի համակարգող Դավիթ Զաքարյանը դեռ անցած տարի «Ազատության» հետ զրույցում մանրամասնել էր, թե ինչու չինական ընկերությունը ժամանակացույցից շեղվեց, ինչն էլ ի վերջո հանգեցրեց պայմանագրի լուծմանը։
«Ուշացումների հիմնական պատճառն այն է, որ կապալառուն դեռևս մրցույթային փուլում հաստատված անձնակազմը չի կարողացել մոբիլիզացնել պայմանագրի մեկնարկի ժամանակ, ուստի խնդիրներ են առաջացել իր մոտ պայմանագրով նախատեսված մեթոդաբանությունների ու այլ փաստաթղթերի մշակման հարցում, որն էլ իր հերթին խոչընդոտել է բուն շինարարական աշխատանքներին», - ասել է Զաքարյանը:
Նախարար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ են անելու, որ չկրկնեն նույն սխալը. «Մենք սխալ թույլ չենք տվել, միջազգային մրցույթ ենք հայտարարել ու այդ տրամաբանությամբ մեզ բաժին է հասել այնպիսի շինարար, որը մեր ու հանրության ակնկալիքները չի կարողացել արդարացնել»:
Կապսի ջրամբարի առաջին փուլի կառուցման համար Հայաստանի կառավարությունը 68,5 մլն եվրոյի վարկ է վերցրել, ևս 26,7 մլն եվրո էլ ինքը հատկացրել։ Ըստ մասնագետների՝ ջրամբարի ծավալը 60 մլն խորանարդի հասցնելու համար լրացուցիչ 20-25 մլն եվրո կպահանջվի։ Բայց, հաշվի առնելով չինական ընկերության կատարած աշխատանքը ու հետ գանձված գումարը, պատասխանատուները պնդում են, որ ևս մոտ 5 մլն եվրո կպահանջվի։ Կապսի ջրամբարը կառուցելու փորձերը սկսվել են դեռ 1980-ականների կեսերից։
Ընդհանուր առմամբ՝ 2021-26 թվականների ծրագրով կառավարությունը նախատեսել էր ևս 15 ջրամբար կառուցել։ Առայժմ ավարտվել է միայն Վեդու ջրամբարի կառուցումը, որի շինարարությունը մեկնարկել էր 2017 թվականին։ Տարածքային կառավարման նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ այս պահին ավարտվել են 15 ջրամբարներից 6-ի նախագծման աշխատանքները, իննի մասով դեռ ուսումնասիրություններ պետք է կատարվեն։