Հովակիմյանն ընդունեց, որ թերություններ եղել են, բայց դարձյալ պնդեց, թե՝ «դրանք չեն ազդել ընդհանուր արդյունքի վրա»
Սահմանադրական դատարանում երկրորդ օրը շարունակվող նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը խնդրեց մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է բոլոր 7 դիմումները ամբողջությամբ։ Գտնում եմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումն իրավաչափ է»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Վահագն Հովակիմյանը վստահեցրեց՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումը կայացվել է Ընտրական օրենսգրքի պահպանմամբ, և այդ որոշմամբ հաստատվել է, որ խորհրդարան անցնելու անցողիկ շեմը հաղթահարել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու ընդդիմադիր երկու՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։
«Այսինքն՝ առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու համար անհրաժեշտ էր, որ դրանցում տեղի ունեցած խախտումները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատի որպես ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա ազդող»,- նշեց ԿԸՀ նախագահը։
Հովակիմյանն ընդունեց, որ թերություններ եղել են, բայց դարձյալ պնդեց, որ դրանք չեն ազդել ընդհանուր արդյունքի վրա։ ԿԸՀ նախագահն անդրադարձավ նաև երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո այնտեղ նոր քվեարկություն չնշանակելու իր որոշմանը։ Հայտարարեց, թե դրա կարիքը չկար։
«Այս համատեքստում, երբ քվեարկությանը մասնակցած ընտրողներն իրենց քվեն տվել են այն պահին, երբ ընտրությունների արդյունքները հայտնի չէին, իսկ հետագայում միայն որոշ տեղամասերի ընտրողներ պետք է քվեարկեին արդեն հայտնի ընդհանուր արդյունքների պայմաններում, առաջանում է ազատ և հավասար ընտրական իրավունքի իրացման խնդիր»,- նշեց նա։
Հովակիմյանը պարզաբանեց, թե ինչու Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ շեմը։
«Անցողիկ շեմը՝ 4 %-ը, կազմելու է 58 հազար 442,84։ Այսինքն՝ կոնկրետ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար կուսակցությունները պիտի ունենային առնվազն 58 հազար 443 ձայն»,- ասաց Հովակիմյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալն այսօր ՍԴ-ում հայտարարեց՝ ԿԸՀ-ն կազմել է քվեարկության վերաբերյալ արձանագրություն և հունիսի 14-ին կայացրել է ընտրությունների վերաբերյալ որոշումը, որով նշել է՝ չկային այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա։
Նունե Հովհաննիսյանի խոսքով՝ հանձնաժողովը համարում է, որ ընտրություններն անվավեր կարելի է ճանաչել այն դեպքում, երբ թույլ տրված խախտումները կասկածի տակ դնեն արդյունքները։
«Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կարելի է միայն այն պարտադիր պայմանով, որ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը»,- նշեց Նունե Հովհաննիսյանը։
«Սկզբում որոշել էին ֆուտբոլ խաղալ, բայց ընթացքում ՔՊ-ն անցավ ամերիկյան ֆուտբոլի». Օրբելյան
ԿԸՀ-ի կողմից վերաքվեարկություն չնշանակելու որոշումը ճակատագրական եղավ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանի» համար, դրա հետևանքով այս ուժը չհաղթահարեց անցողիկ 4 տոկոսի շեմը։
ԲՀԿ-ի դուրս մնալուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կարողացավ ստանալ խորհրդարանի մանդատների 3/5-ը, որն էական է մի շարք կարևոր որոշումներ ընդունելու, առանցքային պաշտոնյաների ընտրելու համար։
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարանում նաև իր այս կորցրած մանդատների հարցն է վիճարկում։
Նախքան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների ելույթները՝ ԲՀԿ-ն ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը պնդեց՝ ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու իրավասություն չուներ։
«Բարձր դատարան, ամենավերջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կիրառելով Ընտրական օրենսգրքի 48 պրիմ 1 հոդվածը, անվավեր ճանաչեց, չունենալով նման լիազորություն, մենք պնդում ենք, որ չունենալով նման լիազորություն, անվավեր ճանաչեց 2 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքը և որոշեց վերաքվեարկություն չանցկացնել»։
ԲՀԿ-ի մյուս փաստաբանը՝ Արամ Օրբելյանը, ավելի պատկերավոր խոսեց. «Սկզբում որոշել էին ֆուտբոլ խաղալ, բայց ընթացքում ՔՊ-ն անցավ ամերիկյան ֆուտբոլի։ Կանոններն ամբողջությամբ խախտված էին»։
Օրբելյանը ներկայացրեց ընտրության արդյունքների արձանագրությունները, պնդեց, թե առաջին արձանագրությունը կեղծիք է։ Դրա հետևանքով ԲՀԿ-ն չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։
Հունիսի 8-ի վաղ առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ ԿԸՀ-ի տվյալների, հաղթահարում էր անցողիկ շեմը։ Իրավիճակը, սակայն, փոխվեց կարճ ժամանակ անց։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասուլիսում հայտարարեց, որ հրապարակված տվյալներում ներառված չեն եղել էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Դրանց հավելումից հետո պատկերը վերադասավորվեց, և «Բարգավաճ Հայաստան»-ը հայտնվեց անցողիկ շեմից ներքև։ ԿԸՀ-ի նախնական տվյալներից հետո ԲՀԿ-ն դիմեց վերահաշվարկի, և պակասող քվեները լրացան։ Սակայն հունիսի 11-ի գիշերային նիստում Վահագն Հովակիմյանի ղեկավարած հանձնաժողովն անվավեր ճանաչեց երկու տեղամասի արդյունքները։ ԲՀԿ-ն կորցրեց 213 ձայն ու կրկին դուրս մնաց խորհրդարանից։
«Ժողովուրդն իր ընտրությամբ թույլ չի տվել, որ այդ խախտումները էական ազդեցություն ունենան ընտրությունների վերջնական արդյունքի վրա». Գալյան
«Ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը չի կարող դիտվել որպես ընտրական խախտումների արձանագրման սովորական կամ ավտոմատ հետևանք։ Ընտրությունների չեղարկումը բացառիկ միջոց է, որը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ խախտումները կարող էին ազդել քվեարկության արդյունքի վրա»,- նշեց Սրբուհի Գալյանը։
Մինչ յոթ քաղաքական ուժերը երեկվանից Բարձր դատարանում ներկայացնում են իրենց հիմնավորումները՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, որպես երրորդ կողմ հանդես եկող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Սրբուհի Գալյանը հայտարարեց՝ ընդդիմադիրների դատողությունները դեռ փաստարկներ չեն, նրանք պետք է ապացուցեն, որ իրենց մատնանշած խախտումներն ազդել են կամ կարող էին ազդել ընդհանուր պատկերի վրա։
«Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ հստակեցրել է, որ այդպիսիք կարող են լինել նաև այն իրավախախտումները, որոնք աղավաղում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման ընդհանուր պատկերը և հնարավորություն չեն տալիս միանշանակ եզրակացության հանգելու՝ ընտրությունների ամբողջ գործընթացի վերջնական արդյունքների վերաբերյալ»,- հայտարարեց Գալյանը։
Արդարադատության նախարարը Բարձր դատարանին էր ներկայացնում ոչ միայն Սահմանադրական դատարանի որոշումները, այլև Վենետիկի հանձնաժողովի զեկույցը։ Ըստ դրա՝ անվավեր ճանաչելու հարցում որոշիչը ոչ թե խախտումն է, այլ՝ դրա ազդեցությունը արդյունքի վրա։
Մյուս կողմից, ըստ էության, հենց ընդդիմությանը մեղադրեց խախտումների մեջ, երբ հիշատակեց ընդդիմադիրների դեմ հարուցված ընտրակաշառքի գործերը՝ նշելով․
«Ժողովուրդն իր ընտրությամբ թույլ չի տվել, որ այդ խախտումները էական ազդեցություն ունենան ընտրությունների վերջնական արդյունքի վրա»։
Գալյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների մյուս դիտարկմանը՝ իշխող ուժի կողմից ատելության խոսքի տարածման վերաբերյալ։ Պնդեց՝ հենց իրենք են տարիներ շարունակ ատելության խոսք տարածել վարչապետի ու իր թիմակիցների նկատմամբ, իսկ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի խոսքը ոչ թե ատելություն էր, այլ՝ քաղաքական խոսք։
Ընդդիմության ներկայացուցիչները նաև պնդում են, որ Փաշինյանը, ընտրություններից առաջ թոշակները բարձրացնելու որոշում կայացնելով, բյուջեի միջոցներով կաշառել է թոշակառու ընտրողներին։
Սրբուհի Գալյանը դրան էլ անդրադարձավ։
«Ընտրությունների անցկացումը չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմանադրական պարտականությունների կատարումը դադարեցնելու կամ հետաձգելու համար։ Կառավարության ծրագրով նախատեսված էր թոշակների պարբերական բարձրացում»։
Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանն ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։
Օրենքով Բարձր դատարանը մի քանի տարբերակ ունի՝ կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, կա՛մ, անվավեր ճանաչելով այն, երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։