Կանգնած բեռնատարներ վրացական կողմում. վարորդներին թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան

Շուրջ երկու շաբաթ է Ռուսաստանից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան: Փետրվարի 12-ին Լարսի անցակետով հատելով ռուս-վրացական սահմանը՝ շինանյութ բերող վարորդները Վրաստանի իշխանությունների արգելքին են հանդիպել: Ասում են՝ բացատրություն չեն ստացել, միայն ցուցում՝ սպասել: Երեկ վարորդներին թույլատրել են սահմանից հասնել Թբիլիսի և այնտեղ սպասել:

«12 օր կանգնել ենք ռուս-վրացական անցակետում, դակումենտները տվել են, ուղղորդել են դեպի Գեզի տերմինալ, ասել են՝ «սպասենք», գնացել ենք դակումենտների հետևից, նույն պատասխանը՝ «սպասեք, վերևներից հրամանը կտան, բաց կթողնենք»: Մոտավորապես մի 100 մեքենա, որ մենակ տախտակ, լամինատ է բարձված, դեպի Հայաստան եկող», - ասաց վարորդներից մեկը:

Անցակետում լուսացնող վարորդները չեն կարողանում որևէ պատասխան ստանալ ոչ Վրաստանի, ոչ էլ Հայաստանի իշխանություններիից. «Անորոշ վիճակ, ոչ մի կոնկրետ պատասխան չկա»:

Կառավարությունը մինչև օրս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Պաշտոնական Թբիլիսին ևս լուռ է: Էկոնոմիկայի նախարարությունը օրերս հաղորդագրություն էր տարածել, որ նախարարը վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է բեռների անխոչընդոտ անցման հարցը։ Այլ մանրամասներ գերատեսչությունն այսօր էլ չի հայտնում:

Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին Երևան էր եկել, երբ հայ վարորդներն արդեն մեկ շաբաթ սպասում էին վրացական անցակետում: Հանդիպել էր Հայաստանի Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարներին: Թբիլիսիի հաղորդագրություններում, սակայն, թեմայի մասին որևէ հիշատակում չկա: Կվրիվիշվիլին շեշտել էր, որ շատ գոհ է երևանյան բանակցությունների արդյունքներից:

Հայ բեռնափոխադրողները պարբերաբար են բախվում այս խնդրին: Անցած տարի ալկոհոլ տեղափոխողներն էին շաբաթներ, երբեմն ամիսներ անցկացնում Լարսի և Գեզիի անցակետերում, բեռները ենթարկվում էին մանրակրկիտ լաբորատոր ստուգումների, չնայած տեղափոխվող խմիչքը վրացական շուկայի համար չէր:

Անցած տարի հայ վարորդները նաև դժգոհում էին, որ հեղուկ գազով բեռնված հայկական մեքենաներից Վրաստանի սահմանին կաշառք են վերցնում՝ երկիր մտնելու թույլտվության համար, ինչի հետևանքով էլ Հայաստան ներկրված հեղուկ գազն ավելի թանկ է վաճառվում:

Նախարար Գևորգ Պապոյանն էլ իրավապահներին էր դիմել. «Շատ էին ինձ գրում, թե Վրաստանում և Հայաստանում ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում, դրանց հետ կապված որոշ անձանց անուններ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների մասին էին խոսում, ինչ-որ պրոցեսների մեջ են ներգրավված, ես դիմեցի Քննչական կոմիտե, բայց այդպես էլ չհայտնվեց որևէ մեկը՝ ներմուծող, բեռնատարի վարորդ, որևէ մի քաղաքացի, որը կգնար ու իմ հայտարարության հետևից գոնե հաղորդում կամ մի բան կտար, ու պրոցեսն այդտեղ ավարտվեց»:

Հայ-վրացական սահմանը Ռուսաստանի հետ Հայաստանի միակ ցամաքային կապն է: Վերջին ամիսներին նաև Ադրբեջանից ապրանքն է Վրաստանի տարածքով գալիս Հայաստան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների փետրվարի 12-ից թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան«Պահանջում ենք 24 ժամվա մեջ մեր հարցին հստակ պատասխան տան». բեռնատարների վարորդները կրկին ակցիա են անումՌուսաստան մուտքի արգելքներ, շորթումներ. բեռնափոխադրողների վիճակը չի բարելավվում«Երեխաները սթրեսի մեջ են». 21 օր է՝ բեռնատարի հայ վարորդը Ռուսաստանում կալանավորված է