Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդն ու նշանակությունը։
Երկու երկրների պաշտոնյաները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հայաստան է ժամանել նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու: Մարկ Քարնին եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ եվրոպացի առաջնորդն է, ով որպես հյուր կմասնակցի այս հավաքին։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի գլխավորած պատվիրակությունը նույնպես այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի ուղեկցությամբ: